ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ՊԱՏՐԱՆՔ

Ուտելուց առաջ նայում եմ մի պահ
(Խորհուրդ եմ տալիս, որ դու էլ նայես).
 
Մեջտեղից կիսված խնձորի վրա,
Ինչպես որ Երկրի կիսագընդերին,
Լեռնաշղթանե՛ր կան յուրատեսակ,
Քարափնե՜ր ու վի՛հ,
Ծովե՜ր ու ծոցե՛ր
Եվ, դժբախտաբար, սահմանագըծե՜ր...

14.X.1959թ.
Չանախչի


ԵՐԿՈՒ ՍԻՐՈ ԱՐԱՆՔՈՒՄ

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
        Որին չեմ սիրում,
        Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում -
        Մերթ՝ կոչվում թախիծ,
        Մերթ՝ կարոտ,
        Մերթ՝ վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
        Հետապնդում է
        Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան,
        Ում դուր չենք գալիս:
        Ես էլ իմ հերթին
        Իմ ամբողջ կյանքում
        Հետապնդում եմ ուրիշին՝
                Նրա՛ն,
        Որ նույնպես, դիտմամբ,
        Անունն է փոխում -
        Այն հույսով գուցե,
        Թե մոլորվելով՝
        Հետքն իր կըկորցնեմ -
Մեկ խնդություն է անվանում իրեն,
        Մեկ՝ ուրախություն,
        Կայտառություն է
        Կամ պայծառություն:
        Հետապնդում եմ
        Ու չե՜մ դադարի,
        Մինչև նա, անո՛ւժ,
        Մինչև նա, տրվա՛ծ,
        Ինձ չասի.
        «Քոնն եմ»:
 
        Վկան՝
        Ա՛յն կանայք,
Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն
        Նշել չեմ կարող...

 


19.XII.1959թ.
Թիֆլիս


ԻՆՁ Ո՞Վ է ԱՐԴՅՈՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ

Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում,
        Ո՞րն է իմ աստղը,-
        Շատ եմ միտք արել:
 
        Հավանական է՝
        Այն Սիրիուսը,
        Որ տիեզերքում
Տեղաշարժվում է ծուռ ու մուռ ծիրով,
        Ոլո՜ր ու մոլո՜ր,
Սակայն մնում է միշտ հավատարիմ
        Իր անցած ճամփին.
        Նույնն է կրկընում...

19.XII.1959թ.
Թիֆլիս


ՈՒ ԵԹԵ ՀԱՅՐ ԵՄ...

Ու եթե հայր եմ ամենից առաջ,
Ինչպե՞ս չխոսեմ զավակներիս հետ,
        Նրա՛նց հետ,
        Ովքեր եկել են արդեն,
        Առավել՝ նրա՛նց,
        Ովքեր պիտի գան:
 
        Հոգնած խրատից,
        Քարոզից զզված՝
Ես հարգալից եմ նայում կտակին,
Թերևս - ո՜վ գիտի - լոկ այն պատճառով,
Որ դա արվում է կյանքում մե՛կ անգամ,
        Ինչպես ես՝ հիմա:
 
Եվ այն, ինչ որ ես ուզում եմ ասել,
        Գիտեմ շա՜տ վաղուց,
        Եվ այնքա՛ն վաղուց,
Ինչքան շաբաթվա օրերը գիտեմ
Կամ ամիսների անունը:
                        Սակայն
Այսօր եմ ուզում և պիտի ասեմ,
Քանզի հույս ունեմ, թե այսօր դուք ինձ
Կարող եք լսել թեկուզ և այնպես,
Ինչպես լսում են անձրևի ձայնը,
        Քամու հռինդը,
        Աղմուկն անտառի -
        Ուզած թե չուզած,
        Կամա-ակամա...

19.XII.1959թ.
Թիֆլիս


ԻՄ ԿՏԱԿԸ 1

Այս ահեղ դարը ինքը ինձ ծնեց
Եվ... քանի՜ անգամ կործանել ջանաց,
         Բայց - կեցցե՜մ թող ես
         Ու թող նա՛ կեցցե -
         Չկարողացավ կործանել:
 
         Ջանաց
 
Իր ա՛յն աչքաբաց բիճերի ձեռքով,
Որ նրա աչքի յուղն էին կերել
Եվ ուզում էին ինձ՝ հարազատիս,
         Խորթ ցույց տալ նրան...

19.XII.1959թ.
Թիֆլիս


Սկիզբ  < 2 3 4 5 6 7 8 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз