ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԱՆՑԱԾ ՍԵՐԵՐԸ

-Իմ սերե՞րն անցած...
Նախ՝ նորի՛ց ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես... ծննդյան եզակի օրը:
Եվ հետո... հետո՝
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝
Երբեք ավելին չե՛նք ունենալու,
Ինչպես չի լինում... ավելորդ ատամ:
 
Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած,
Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ո՛չ իրենց:
Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել,
Իրե՜նք, ո՛չ թե ես,-
Այս մի՛ մոռացիր:
 
 
Եվ զուր մի՛ հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի՛ հարցրու:
Սերերը, սե՛ր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են՝
Անհավասար են, ինչպես... մատները.
Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա...
 
Ախ այս ամենա-ն...
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ... այդ ամենա-ից.
Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին,
Այլև կենդանո՛ւն,
Ապուշի՜ն նաև,
Եվ սրանք իրենց... դժբախտ չե՜ն զգում...
 
Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա...
 
-Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք,
Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր... մեռած երեխաները...
Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում:
Գրկի՜ր ինձ:
Մեղք եմ...

19.III.1964թ.
Դիլիջան


ԿԱԿԱԶՈՂ ԼՈՒՅՍԵՐԸ

Մթնեց:
Այնպես, որ չեմ տեսնում
Նույնիսկ ոտներն իմ սեփական:
Ու ներքնաձիգ գետակն է լոկ
Մթան շունչը ձայնագըրում
Ուղղահայաց այս քարափի
Եվ անսաղարթ այս ծառերի բնի վրա:
 
Գիշերվա մեջ այս ծովական
Երևում են լոկ լեռների մեջքերը գորշ՝
Կետ ձկան պես.
Հեքիաթական ինչ-որ ուժով
Կարծես դյութվել-կախարդվել է
Մշտախաղաց օվկիանոսը՝
Իր փոքր ու մեծ ալիքներով քարացել է ու մնացել
Մի վիթխարի
Միջահատված-զատված գանգի ուղեղի պես.
Ո՛չ մի շարժում,
Ո՛չ մի խայտանք:
 
Ես չգիտե՜մ, իսկ ո՞վ կասի,
Թե առավել սարսափելին ի՞նչն է կյանքում.
Անշնչացած օվկիանո՞սը,
Թե՞ քարացած ուղեղն արդյոք՝
Նույնքան խայտուն ու բազմալիք...
 
Մթան ահը
Գերաճում է ու դառնում է սպառնալիք,
Եվ հատուկենտ խեղճ լույսերի լեզուն ճարտար
Կապ է ընկնում.
Ձիգ ժամերով
Կակազում են նրանք միշտ նո՛ւյն վանկի վրա,
Ինչպես ինքըս,
Երբ ուզում եմ
Իմ հարազա՛տ հորն ու մորը թունդ հայհոյել՝
Իմ այս իզո՜ւր շիտակության,
Իմ անօգո՜ւտ այս տաքության,
Իմ սիրո այս անտակությա՛ն,-
Իմ այս հիմար
Կյանքի՜ համար,
Որ այլ բան չէ, եթե կուզեք,
Քան կույրերին... հեռուստացույց նվիրելը:

19.III.1964թ.
Դիլիջան


ԱՍԱ «ԱՄԵՆ»

Կրկին՝ ձնհալ:
Վտակները ձմռան քարտե՞զն են ավարտում,
Թե՞ սկսում գարնան քարտեզն այսօր միայն՝
Նկարելով շատ փոքրացած տարբեր գետեր
Ոչ թե կապույտ, այլ գորշ գույնով:
 
Երկրաչափ է դարձել քամին.
Էլիպս է նա գծում անվերջ,
Գալարագիծ է նկարում,
Հետո, կարծես սխալվելով,
Տարուբերվող մերկ ծառերի
Ստվերներով ջնջում է լա՜վ,
Որ սկսի նորից գծել:
 
Մարդ երբեմըն վախենում է լուռ մտածել:
Ու ես ահա բարձրախոսն եմ գործի գցում:
Սրտագըրավ ինչ-որ մի ձայն աղջըկական
Իր անարվեստ ու պարզ երգով
Կոչ է անում ինքնամոռաց-անվիշտ սիրել,
Կոչ է անում հավատարիմ ու միշտ սիրել:
Իսկ ծաղրարար քամին դրսում,
Երկրաչափի իր պաշտոնից արդեն հոգնած,
Աղջըկան է իբըր կապկում՝ ծանակելով:
 
(Դու բանի տեղ մի՛ դիր, քույրի՜կ, ե՛րգըդ երգիր,
Հե՜րն անիծած այս ծաղրարար ու չար քամու):
Սակայն հիմա մեկ ուրիշն է երգում արդեն՝
Սիրո՛ւց կրկին:
Սա ուզում է,
Որ մեր սրտերն անվախ բացենք
Ցավի՛ առջև,
Տառապանքի՜:
Բացե՞նք: Բացե՛նք:
Բացե՛նք: Թող գա՜ն:
Թո՛ղ գան վարձկան զինվորների ախորժակով.
Մեկ է՝
Վերջում խնդումն ու սերն են հաղթելու,
Այսինքն՝ մենք:
Տառապանքը թող ինքն իրեն գլխել ջանա:
Իսկ երբ գլխվի՝
Մենք կվերցնենք ամանի պես ու կկործենք՝
Հետևելով,
Թե ինչպես է թունավորվում՝
Ինքն իր շնչով ապականված...
 
(Երգի՛ր, քույրի՜կ, ճիշտ ես երգում.
Խնդությունը միշտ է կարմիր,
Տառապանքը միշտ չէ բոսոր:
Երգիր...)
 
Սակայն համերգն արդեն ավարտվում է
Ես սկսվում մի պաղ զրույց՝
Ստիպելով,
Որ ես անմեղ բարձրախոսի հոգին առնեմ
Ու հայացքով դուրսը խառնեմ:
 
Դրսում՝ գարուն անկասելի:
Իսկ իմ ներսում՝ նորելուկ սեր:
Օր-ցերեկով նորած լուսին:
Անվիշտ կարոտ:
Արև:
Կեսօր:
Իսկ ծաղրարար ու չար քամին
Խռովել է միանգամից
(Արդյոք ինչի՞ց, արդյոք ինչո՞ւ)
Ու խաղում է պոչուկի հետ շան լակոտի,
Որ հաչում է ցերեկային լուսնի վրա
Ես սպառնում իր պոչուկով՝ ինչպես մատով...
 
Հե՜րն անիծած տխրողների:
Էլ բարև տալ - բարև առնել չկա՜ արդեն.
Տխրողներից խռովում եմ հավիտենից հավիտյանըս,
Իսկ դու, սե՛ր իմ, այս անգամ դո՛ւ «ամեն» ասա,
«Ամեն» ասա տատիկի՛դ պես՝
Հավատալո՜վ և ի սրտե՛...
 

19.III.1964թ.
Դիլիջան


ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԱՅԼԵՎՍ ՉԼԻՆԻ

Ես քնիս մեջ տխուր էի,
Այնքա՛ն տխուր,
Այնպե՛ս տխուր,
Որ արթնացա վեր ցատկելով
Ու... լաց լինել սկսեցի,
Հավատացե՛ք, սկսեցի՜...
 
Դարի չափ ձիգ ժամ է անցել:
Ես այլևս, վաղո՜ւց արդեն, լաց չեմ լինում,
Բայց դեռ տխուր, դեռ տխուր եմ,
Այնպե՛ս տխուր,
Այնքա՛ն տխուր,
Որ ավելի լավ կլիներ,
Եթե նորից ես լաց լինել կարենայի:

19.III.1964թ.
Դիլիջան


ԱՆԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՏԱՊԿՆՈՑՈՒՄ

Ինչի՞ց, տե՜ր աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ
Որ ամենից շո՛ւտ և ամենից շա՛տ
Իրեն՝ մարդու մեջ հենց մարդն է կորչում:
 
Եվ դրանից չէ՞ արդյոք, տե՛ր աստված,
Որ երբ մարդիկ են ծնվում՝ լալիս են
         Եվ ոչ թե ժպտում,
Ինչպես անում է անճիչ-անծպտուն
         Աստղը նորածին.
         Եվ ոչ թե բուրում,
Ինչպես անում է հացը նորաթուխ.
         Եվ ոչ թե պարում,
Ինչպես անում է խոտը նորածիլ...
 
Եվ դրանից չէ՞, որ մարդն աշխարհում
Ո՜չ մի բանի դեմ այնպես անպաշտպան,
Անզոր չէ այնքան ո՛չ մի բանի դեմ,
Որքան որ մարդո՜ւ՝ ի՛ր իսկ նմանի...
 
Եվ դրանից չէ՞, որ մենք շարունակ
Այլ բան չենք անում, քան թե լճանում,
Մինչդեռ հոսելն է պարզ կոչումը մեր...
 
Եվ ինչի՞ համար, ինչի՞ համար են
Մեր բազմատեսակ այս գրպանները,
         Եթե հոգին էլ
Մի լեցուն ու փակ գրպան է միայն,
Որ շա՜տ է կարոտ գրպանահատի:
 
Եվ արհեստական բուծարաններում
Ինչո՞ւ չեն բուծում գրպանահատներ,
Հոգի՜ արձակող գրպանահատներ,
Որպեսզի փոքր-ինչ մենք թեթևանանք
         Ա՛յն ծանըր բեռից,
Որ մի կողքի է մեզ ճկում-թեքում՝
Մեզ ստիպելով կաղալ ու խեղալ,
Մե՜զ, որ չենք ծնվել ո՛չ կաղ, ո՛չ էլ խեղ...
 
Եվ դրանից չէ՞, որ տապակվելով
Տապակվում ենք մենք անարժեքությամբ...
 
Ու տապակվում է անարժեքությամբ
         Ինքը բարիքը,
Եթե մեր ձեռքից կերակրվողը մեր ձեռքն է խածում
Եվ զորեղացած իր ատամներով
Կրծում մեր բուկը:
 
Ու տապակվում է անարժեքությամբ
         Նույնիսկ չարիքը,
Եթե նրա դեմ կա ամենազոր արհամարհանքը:
 
Ու տապակվում է անարժեքությամբ
Եվ ամենազոր արհամարհանքը,
Եթե ոչ մի կերպ սա տեղ չի հասնում՝
Եթե ընկալողն իրեն զգում է ա՛յն երկնքի պես,
Դեպի ուր ճամփած քարը վերստին
         Ընկնում է ներքև...
 
         Ինչպե՞ս, տե՜ր աստված,
         Մենք ինչպե՞ս անենք,
Որ չտապակվենք անարժեքությամբ,
         Անարժեքությա՛մբ,
         Անարժեքությա՜մբ...

19.III.1964թ.
Դիլիջան


Սկիզբ  < 14 15 16 17 18 19 20 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз