ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ

ԴՈՒ

Դո՛ւ՝
         երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
         հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...
 
Դո՛ւ՝
         երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...
 
Դո՛ւ՝
         երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...
 
Դո՛ւ՝
         երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...
 
Դո՛ւ՝
         երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...
 
Դո՛ւ`
         երկու տա՜ռ,
Դո՛ւ`
         հասարա՜կ մի դերանուն...

02.VII.1958թ.
Մոսկվա


ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:
 
Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:
 
Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:
 
Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:
 
Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:
 
Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի...

23.III.1959թ.
Մոսկվա


ՔՈ ԱՆՈՒՆԸ

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
                       քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:
 
Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:
 
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:
 
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
...Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:
 
Ես ատում եմ քո անունը...

25.VII.1961թ.
Երևան


ՁԵՌՔԵՐԸ ՆԵՂՈՒՑ

Մեր ձեռքերը միացան,
Միայն երկու ձեռքերը:
 
Եվ մեր ձեռքերը կարծես
Ձեռքեր չէին
Այլ... նեղուց.
 
Ու խառնվեցինք մենք իրար,
Որպես երկու մոտիկ ծով,
Որ անջատված են վաղուց...

14.X.1959թ.
Չանախչի


ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

         Պե՛տք չէ, սիրելի՜ս:
         Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ, 
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ...
         Գիտե՛մ, ջա՜նըս.
         Զո՜ւր ես կրկընում.
 
         Բայց գիտեմ և այն,
         Ինչ դո՛ւ չգիտես.
 
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում...

20.XII.1958թ.
Մոսկվա


 1 2 3 4 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз