Sevak

ԱՆՏԻՊՆԵՐ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

Ծանոթ է այստեղ ամեն քարը
Եվ փոշու հատիկը անգամ.
Նույն ժպիտն, օ, քանի անգամ է
Նույն դեմքին ճառագել անկամ:
Ճառագել, բռնկվել անհասցե
Ինքն իրեն ու ինքն իր համար,
Եվ որքան, որքան եմ որսացել
Ժպիտն այդ անհասցե
Եվ ինձ, և ոչ ինձ համար...
Բայց հիմա, ինձ հետ ես հիմա դու
Ու վեր ենք բարձրանում ցածից.
Եվ ուրիշ ժպիտ չեմ նկատում
Քո այրող ժպիտից բացի:
Այս համեստ մեր Աբովյանում,
Որ սակայն թվում է մեզ անծայր,
Որ մեզ հետ վերև է բարձրանում,
Անցնում է մեր ուղին անցած:
Ուր երեկ մեր ձեռքով ենք կերտել
Մեր տան հետ մեր բախտն ու հույսերը:
-Այստեղ են բոլորը մկրտվել,
Մկրտենք նաև մենք մեր սերը...
30.VII.1947թ.

Ասել քեզ չե՞մ սիրում...

Ասել քեզ չե՞մ սիրում... Ինչի՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:
Չե՞մ կարոտում ասել... Սակայն ինչո՞ւ, ինչո՞ւ
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:
Չե՞մ ձանձրանում ասել... Բայց ինչո՞ւ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:
Ասել սիրո՞ւմ եմ քեզ... Սակայն ինչո՞ւ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:
Հանելո՞ւկ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե...
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
-Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար...
1947թ.

Փողոցներն են խաչվում իրար և սրտիս հետ

Փողոցներն են խաչվում իրար և սրտիս հետ,
Փողոցները ծանոթ, և մտերիմ, և պարզ,
Որոնց տապը, փոշին և գաղտնիքն եմ կիսել
Եվ գաղտնիքս եմ տվել նրանց ի պահ:
 
Փողոցները այս նոր, ծառերը մայթամերձ
Եվ մայթերը իրենք` նրանց շուքի ներքո,
Որտեղ անծանոթին առաջարկել ենք մեզ,
Անձնատուր ենք եղել գեթ հայացքով:
 
Փողոցները և նոր, և հնօրյա-անցած,
Փողոցները` լցված հրաշքներով, փայլով,
Ուր իրիկվա մթնում սպասեցի երեկ,
Բայց դու չերևացիր քո կիսափակ քայլով:
 
Իրիկնային մայթում, իրիկնային մթնում
Սպասում եմ նորից քեզ մայթերի վրա,
Որոնում եմ ես քեզ, բայց զուր, քեզ չեմ գտնում
Ուրիշ-օտար կանանց դեմքի վրա,
 
Որոնք թեկուզ նույնպես հմայում են անձայն
Իրենց անհայտությամբ, օտարությամբ իրենց,
Սակայն նայել նրանց` ինձ թվում է հանցանք.
Եվ սպասում եմ քեզ, ինչպես եռանդ, երեկ…
Երևան Նավչալու
17.5.1947 թ. 30.7. 1947թ.

Դու ինձ ասում ես՝ դիմացիր

Դու ինձ ասում ես՝ դիմացիր,
Բայց չես ասում՝ կարոտը քո
Ես դեռ ինչքա՞ն պիտի քաշեմ.
Բայց չես ասում, թե սպասման
Այս պահերը անծայրածիր
Դեռ ինձ ինչքա՞ն պիտի մաշեն:
 
Ու տառապած իմ պապերի
Խոսքն եմ հիշում ես սարսափով.
 
-Էս նեղություն չուր ե՞րբ, ափո՛,
Չուր ե՞րբ, ասա՛, պիտի քաշել:
-Չուր քառսուն օր:
-Ընդրե ե՞տև:
-Ընդրե ե՞տև... վա՛հ, տնաշե՜ն,
Սորվի՜նք պիտի ընդրե ետև...

Գնացքն առաջ է սուրում

Գնացքն առաջ է սուրում, իսկ մտքերս`դեպի ետ:
Իմ դեմ քաղաք է հսկա ու շենքեր են բազմահարկ,
Իսկ հետևում հիշում եմ մի ոտնաչափ արահետ,
Որով քայլել եմ քեզ հետ՝ երազելով մի տնակ:
 
Այստեղ՝ ծովն է փոթորկում, այստեղ՝ գետակ էր բարակ,
Որի ափին, հիշո՞ւմ ես, շրջում էինք միասին:
Դրսում ձյուն էր ու ձմեռ, իսկ մեր ներսում՝ հուր-կրակ,-
Նույն տրոփով էր զարկում երկու կրծքում երկու սիրտ:
 
Գնացքը կանգ չի առնում, արշավում է միշտ առաջ,
Իսկ ես մտքով կանգ առել ու նստել եմ այն քարին,
Որի հանդեպ, հիշո՞ւմ ես, դու հոգնաբեկ կանգ առար
Ու նստելով մի վայրկյան՝ ինձ վախեցած հարցըրիր.
 
-Այս ո՞րտեղ ենք մենք հասել: Վերադառնա՛նք: Չե՜մ ուզում:
Չհասկացա քեզ այնժամ, քեզ նայեցի կասկածով:
Հիմա այս խուլ գնացքին ես դիմում եմ նույն հարցով.
-Այս ո՞րտեղ ենք մենք հասել: Վերադառնա՛նք: Չե՛մ ուզում...

Lilas