ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:
 
Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:
 
Լավագույն երգը
Բաց պատուհանից - հեռվից լսածն է:
 
Լավագույն խոսքը 
Լռության խորքում լռին ասածն է:
 
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:
 
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
 
Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:
 
Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:
 
Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:
 
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):
 
Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:
 
Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք... ես եմ...

13.III.1967թ.
Արզնի


ՀԱՅՐԵՆԻՔ

         Քեզնով երդվելիս
Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝
         Սեղմելո՛ւ նման,
Որ... հանկարծակի չպայթի դողից...
 
         Ինձնով երդվելիս
Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց...
 
Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
Սուրբ Գիրք... ծամո՜ւմ են... յուղոտ բերանո՜վ՝
         Քո լավաշիդ պես,
         Նշխարիդ նման...
 
         Եվ աջից նայում՝
Տեսնում եմ հրդեհ,
         Ձախից եմ նայում՝
         Տեսնում եմ մոխիր:
Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
Ու դաստիարակել մի ամբողջ նախիր...
 
Ճակատագըրի բերումով դաժան
Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ,
Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ:
Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է...

11.XI.1963թ. 22.III.1967թ.
Երևան Արզնի


ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

Գիշերային մութն է հորդում:
Ու թո՛ղ հորդի:
Եվ իր կարգին թո՛ղ ցամաքի ցերեկն այնպես,
Որ կարոտենք լույսին,
Ինչպես
Մեր ա՛յն մոտիկ-հեռավորին՝
Սիրավորի՜ն,
Վիրավորի՜ն,
Ումից ընդմիշտ բաժանում է մեզ Օրենքը՝
Անօրենքը...
 
Բայց կա նաև օրինավոր մի օրենք էլ,
Որի հլու կատարածուն ենք ամենքըս...
Գիշերային մութը միշտ էլ քուն է բերում:
Եվ ահա ես
-Քնե՜ք,- ձեզ եմ ասում մոր պես,
-Քնե՜նք,- ինձ էլ խառնում եմ ձեզ:
-Քնե՜նք,
Որ զուր չմտածենք ծանր ու բարակ,
Որ մեզանից պոկենք ամեն մի մտորում,
Մեր բարձի տակ ճխլենք ամեն խոկում ու խոհ:
Քնե՛նք, թեպետ ըստ առածի՝
Մեկ է, իբըր, մեռել ու քուն:
 
Եթե անգամ մեկ է, իբըր, մեռել ու քուն,
Վնաս չկա՜,- հորդորում եմ ես հոր նման,
Հո՜գ չէ, հոգի՛ս, ավելացնում եմ մոր նման,
Ձե՛զ եմ ասում,
Ի՛նձ համոզում,
Որ իսկապես վնաս-ն ինքը կուտի իրեն,
Չկա-ն ինքը կուտի իրեն,
Հոգ-ն էլ՝ հոգ-ին,
Ու կմնա միայն... հոգին:
Այդ պահին էլ մենք... կարթնանանք:
 
-Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,-
Որ արթնանաք:
Արթնանալը շատ պետք է ձե՛զ,
Մե՛զ՝
Ամենքի՜ս...
 
-Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,-
Քնե՛ք, որ նախ... ե՜ս արթնանամ,
Եվ ձեր վնաս ու մնասի,
Կա-չկայի,
Հոգս ու հոգի
Ու ձեր հոգու մասին հոգա իմ հեգ հոգի՜ն՝
Ձեր ամենքիդ հոգս ու հոգի կատարածո՛ւն...

20.II.1967թ.
Արզնի


ԵՐԿԿԵՆՑԱՂ ԿԵՆՑԱՂ

Մարիա՛մ, Մարիա՜մ, 
Դու պարտ էիր ու պարտավոր
Աշխարհ բերել մի... թո՛ւխ տղա,
Բայց ծնեցիր մի... շե՜կ աղջիկ:
Եվ լինո՞ւմ է արդյոք այսպես:
Հավանաբար լինում է, որ եղավ:
 
Եղա՞վ.
Դու՝ տակավին ինքըդ աղջիկ,
Ծառզարդարի շվի նման դեռ դալարուկ,
Եվ... աղջըկա մա՞յր ես հիմա,
Այն էլ մի... շե՞կ աղջըկա մայր:
Եվ ո՞ւմ պիտի նա կոչի «հայր».
Ոչ թե Հորը գերհեռավոր,
Այլ ինչ-որ մի... մի Հովսեփի՞...
 
Ու կան բառեր,
Որ ես հիմա մեջս եմ պահում
Այնպե՛ս,
Կարծես բանտարկյալներ լինեն նրանք:
Իսկ շուրթերի՛ս ,
Փա՜կ շուրթերիս ձորի միջով
Մի ժպիտ է անվերջ սահում,
Մի ժպիտ, որ երկկենցաղ է՝
Ինչպես... աղը.
Դա՛ռն ու քաղցը՜ր,
Կո՛շտ ու լուծվո՜ղ...
 
Բայց կան բառեր,
Որ կտրում են փշալարեր
Ու փախչելով ազատվում են
Մինչև անգամ արդիակա՛ն ճամբարներից:
Ու դրանցից մի քանիսը
Ահավասիկ
Ինձնից փախչում-հասնում են քեզ,
Որ քեզ ասեն.
-Կյանքի՛ ձեռքով ինձնից խլված
Այլապատկա՜ն բնագավառ դու իմ սիրո,
Այլագըրա՜վ բնակավայր իմ սիրելի,
Այլապատկա՛ն,
Այլագըրա՛վ,
Բայց ի՛մն էլի,-
Բարձըդ բարի՜, իմ սիրասո՛ւն ու սիրելի՛,
Չարչարանքիդ ապաշխարա՜նք:
 
Եվ փա՜ռք աստծու,
Որ ծնեցիր
Թուխ մանկան տեղ աղջիկ մի շեկ:
Ուրեմն արդեն մի Մարիամ էլ եկավ աշխարհ,
Որ երբ, հետո՜,
Իր մո՛ր նման
Ում հանդիպի և իր սիրով ընդմիշտ թովի՝
Նրա հացը սրբացնելով դարձնի նշխար,
Բայց դրանով
Նաև մատնի հավերժական քաղց ու սովի,-
Նախանձելի՜-անտանելի՜ վիճակ անանց.
Ապրել մի կերպ սուրբ նշխարո՛վ - մեռնել անհա՜ց...

01.III.1967թ.
Արզնի


ՀԱՆԵԼՈՒԿ ԱՌԱՋԻՆ

-Իսկ այդ ի՞նչն է,
Որ երբ հասավ՝
Փախցընում է մեր քունն աչքից:
 
Պապիկն իսկույն հազն իր հազաց
Ու երբ պրծավ բարեհաջող,
Իսկույն ասաց.
-Ծերությո՛ւնը:
 
Պատերազմի երես տեսած
Հայրիկն ասաց.
-Գերությո՛ւնը:
 
Մայրիկն ասաց.
-Մերությո՛ւնը:
Ու կրկնեց.
-Մերությո՜ւնը:
 
Փոքրիկ տղան
Փոքրիկ ափը զարկեց ափին
Ու ձայնիկն իր միացնելով
Զնգուն ծափին՝
Չասա՜ց... գոռա՛ց.
-Ձմեռ Պապի՜ն:
 
Իսկ աղջիկը արբունքահաս՝
Վառված ձեռով
Հարդարելով իր վարսերը՝
Ոչի՛նչ չասաց.
Բայց մտածեց.
-Պա՞րզ չէ, սե՜րը...

01.III.1967թ.
Արզնի


Սկիզբ  < 18 19 20 21 22 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз