ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ

Ես կարծում եմ. երբ խոր վերքից 
Մարդ ժպտում է համառությամբ, 
Այդ ժպիտը վերջ ի վերջո 
Փոխարկվում է ծամածռության...
 
Ես կարծում եմ. երբ որ ջուրը 
Վարարում է, ելնում ափից, 
Թույլտըվություն չի վերցընում 
Իրեն հսկող նեղ քարափից...
 
Ես կարծում եմ. պաղն ավելի 
Լավ ես զգում ամռան շոգին, 
Դողն ավելի լավ ես զգում 
Ձմռան բքին...
 
Հողն ավելի լավ ես զգում 
Այն ժամանակ, 
Երբ նա հանկարծ տատանվում է 
Քո ոտքի տակ...

20.V.1957թ.
Մոսկվա


ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ

Ես նախանձում եմ նրանց բոլորին, 
Ովքեր ապրում են հավատով խորին, 
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում, 
Ում դեմ են ելնում, ում համար փայլում, 
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա, 
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա, 
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում, 
Հանուն ի՛նչ բանի կյանքերն են զոհում... 
 
Բարի նախանձով նրան եմ հիշում, 
Ով չի մոլորվում անթափանց մուժում, 
Ով չի վհատվում երկար վերելքից, 
Չի հուսահատվում վայրի տարերքից, 
Ով ստի հանդեպ բերան չի փակում, 
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում, 
Չի նայում կյանքին իբրև բոստանի, 
Որտեղից պիտի չաղ բաժին տանի... 
 
Ես նախանձում եմ նրան, վերջապես, 
Անհուն նախանձով նրան եմ հիշում, 
Ով հոգում չունի նախանձի նշույլ. 
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին 
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին, 
Որ մի չաղ պատառ միս է թռցըրել)... 
Իսկ ով հատիկն իր հասկ է դարձըրել, 
Ով սերմ է ցանել ու բերք է հնձում, 
Անբանն է միայն նրան նախանձում... 
 
Բանից պարզվում է,- ես ու իմ հոգին,- 
Որ չեմ նախանձում կյանքում ո՜չ ոքի... 

05.V.1957թ.
Մոսկվա


ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ

Նույն հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս. 
-Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս, 
Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել: 
Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել. 
Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս, 
Ամենքի պես էլ աշխարհով գնա... 
 
Իսկապե՛ս. 
                  կարգին հագուստ կա հագիս, 
Թե վաստակածըս գրպանըս մնար՝ 
Անտեղի տեղը չհալվեր-կորչեր, 
Ինձ կարող էին և հարուստ կոչել: 
Ես դուր եմ գալիս սրան ու նրան, 
Ինձ շատերն անգամ սիրում են կարգին: 
Շուտով կստանամ և բնակարան, 
Եվըս երկու մանչ՝ կազատվեմ հարկից, 
Եվըս երկու գիրք՝ անուն եմ հարգի,- 
Ումի՞ց եմ պակաս, ումի՞ց եմ ավել, 
Ի՜նչ եմ աշխարհի ցավերը լալիս, 
Աշխարհի դարդը հո՞ ինձ չեն տվել,- 
 
Այս հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս, 
Ինքըս ինձ վիճում, առնում ու տալիս, 
Սակայն իմ հախից ինքս էլ չեմ գալիս: 
Ինչպե՞ս աշխարհի ցավը մոռանամ, 
Աշխարհի վատը, լավը մոռանամ. 
Ես հո չեմ նստել աշխարհի վզին, 
Որ չմտածեմ աշխարհքի մասին: 
Ի՞նչ է, աշխարհը իմ բո՞ւռն եմ առել, 
Որ ճմըռթելով գրպանս խրեմ... 
Ինչպե՞ս չհոգամ աշխարհի մասին, 
Եթե նա իմն է, ի՛մն է, իմպեսի՜ն, 
Թե նրա վատը նաև իմ վատն է, 
Նրա հավատը և իմ հավատն է: 
Նա իմն է եղել և իմն է մնում. 
Նա էր մոր նման ինձ երեկ սնում, 
Նա է ինձ տվել քնքշանք ու գորով, 
Նա է ներշնչել ինձ ուժ ու կորով, 
Նա է ինձ ազնիվ - անազնիվ դարձնում... 
Եվ հիմա ինչպե՞ս, ես ձեզ եմ հարցնում, 
Աշխարհի մասին ինչպե՞ս մոռանամ, 
Աշխարհի հոգսից ինչպե՞ս հեռանամ: 
Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր. 
Մեկը կարող է լինել անտարբեր, 
Մյուսի սրտից արյուն է կաթում, 
Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում... 

22.IV.1957թ.
Մոսկվա


ԾՆՎԵԼ ԵՄ

Ես ծնվել եմ նրա համար, 
Որ մոր սրտում կարոտ դառնամ 
Եվ սպասվող որդու նման 
Հեռուներից վերադառնամ. 
 
Ես ծնվել եմ նրա համար, 
Որ ցավածին մխիթարեմ. 
Ջահելների հարսանիքին 
Ձեռքիս գինի` զվարթ պարեմ. 
 
Նորածընի բերնով ճչամ 
Ու մոր բերնով ասեմ «նանիկ».
Տուն երազող զույգի համար 
Դառնամ սիրո համեստ տանիք. 
 
Եթե շուրջըս խավար լինի՝ 
Մարդկանց համար փայլատակեմ, 
Հասակով մեկ փռվեմ գետին` 
Վհատության ճամփան փակեմ... 
 

05.V.1957թ.
Մոսկվա


ՄԵՌՆԵԼ

Եթե մեռնե՜լ... 
                  Թո՛ղ որ մեռնեմ 
                                    հուր-կայծակից՝ 
Միանգամի՛ց, 
                  մի վայրկյանո՛ւմ, 
                                    հանկարծակի՛, 
Այնքա՜ն արդար, 
                  խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր, 
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ 
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից... 
 
Եթե մեռնե՜լ... 
                  Թող սպանվե՛մ, 
                                    թող կործանվե՛մ 
Այնպես ապրած և բան արած, 
Որ նորածին մանուկների տեսքով նորից 
                  վերածնվեմ՝ 
Իմ անունո՛վ կնքեն նրանց... 
Եթե գամվել՝ 
                  փարոսի՜ պես, 
Արնաքամվել՝ 
                  հերոսի՜ պես, 
Ու քրքրվել՝ 
                  դրոշի՜ պես... 
 
Եթե մեռնե՜լ... 
Բայց առայժմ ապրե՛լ է պետք: 

26.V.1957թ.
Մոսկվա


 < 1 2 3 4 5 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз