Sevak

ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ

ՉԿԱՍ ՈՒ ՉԵՍ ԼԻՆԵԼՈՒ

Դու չկա՛ս, չկա՛ս…
 
Եվ առավոտը 
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:
 
…ու չե՜ս լինելու: 
 
Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:
 
Դու չկա՛ս, չկա՜ս…
 
Եվ օդ է դարձել 
Այս համատարած անտեր կարոտը:
 
…ու չե՞ս լինելու:
 
Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
Պիտի բռընկի ինքը վառ օդը:
 
Դու չկա՛ս, չկա՜ս…
 
Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս,
Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի
Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,
 
Որ նո՛ւյնպես չկա
Ու չի՜ լինելու…
Մոսկվա
30.III.1959թ.

ԿՈՐՑՐԵՑԻ ԵՎ ԳՏԱ

Կորցըրեցի և գտա...
 
Եվ սկսվում եմ կարծես
Ու գալիս եմ այնտեղից,
Ուր շողերը տակավին բազմագույն են,
                                     և որտեղ
Քամիներն են գոյանում...
 
Կորցրեցի և գտա...
 
Ու ձեռքերըս համրացած
Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ...
 
Եվ հավատում եմ նորից,
Որ այս անգամ ես ու դու
Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ՝
Միշտ խոսելով նո՛ւյն լեզվով...
 
Ու չեմ անցնում այլևըս քնի կողքով:
Ես հիմա,
Արդեն հոգնած, բայց հանգիստ՝
Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,
Մանկան նման անխռով...
 
Ու դեռ եթե չեմ քնում,
Ապա լոկ այն պատճառով,
Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ
Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո՜ղջ կյանքում.
Խոսել առանց որևէ բաղաձայնի՝
                                     ղողանջել
Համատարած - համասփյուռ ձայնավորո՛վ միմիայն...
 
Ու ժպտում եմ ես կրկին,
Ու բարի եմ ես այնքան,
Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,
Որին հարց են երբ տվել,
Թե ինչո՞ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,
Պատասխանել է այնպես,
Կարծես թե ես եմ հուշել.
-«Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ»...
 
Եվ այս բոլորը՝
                   միայն
Երկու բառի շնորհիվ.
-«Կորցըրեցի» և «գտա»...
Մոսկվա
16.IV.1961թ.

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ...

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
 
...Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ՝ մարդ է գալու:
Բայց դա եթե սուտ չէ,
Ապա բարություն է,
Որ ծնվել է միայն խեղճությունից:
Իմոնք էլ են սառում:
Սակայն դու չե՜ս գալու:
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի:
 
Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի՝
Այդ դեպքում ես
Ինչպե՞ս անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրո՜ւկ եմ.
Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվո՜ւմ եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից՝
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող է նո՛ւյնքան ինձ թարգմանել,
Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը...
 
Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատում եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:
 
Վախ կա, որ մահ արժե:
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:
 
Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:
 
Բայց հոգնել եմ արդեն
Եվ հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչի՜նչ,
Ցա՛վ չեմ զգում անգամ:
 
Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը... 
Երևան
03.X.1961թ.

ՆԱՄԱԿ

Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,-
Ինքս էլ չգիտեմ.
«Արդյոք քեզ ե՞րբ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը...»
 
Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,-
Ինքս էլ չգիտեմ.
«Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ՝
Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին՝
Ճանկռում են դեմքըդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ
Ու քայլում էի նաև... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞ թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք՝
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք՝
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը:
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցընում դեմքը:
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար):
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար,
Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)»...
 
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղ,-
Ինքս էլ չգիտեմ.
«Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին.
Գարունը անցավ՝
         ես քեզ չտեսա,
Ամառը անցավ՝
         ես քեզ չտեսա,
Աշունը անցավ՝
         չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի՝
         չեմ տեսնի ես քեզ:
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը... մի՞ թե չի գալու»...
Երևան
01.II.1963թ.

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՐԵՆ

Դու լսում ես ինձ այնպե՜ս սիրալիր,
Բայց նաև այնպե՜ս-այնպե՜ս անտարբեր,
Ինչպես լսում են աղմուկն անձրևի:
Խոսքերըս ցածր են՝
         աղոթքի նման,
Խոսքերըս բարձր են՝
         աղոթքի նման,
Որ չի հասնում տեղ
Ու չի կատարվում:
Շաղված աչքերիդ ժպիտի վրա
Գնում-գալիս է քնած մի աստված,
Շուրթերիդ երկու մեծ փակագըծում՝
Մի մեծ առեղծված, որ լուծում չունի...
Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում,
Բայց հիմա ես էլ... ե՛ս ինձ չեմ լսում.
Աչքերիդ շաղված ժպիտի վրա
Արթնացնում եմ մի քնած աստըծու,
Շուրթերիդ երկու մեծ փակագըծում
Մի հին առեղծված առանց քեզ լուծում:
Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին
Սիրալի՜ր այնպես,
Բայց և... անտարբե՛ր: 
Երևան
28.II.1963թ.

Lilas