Sevak

ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ

ԱՆՋԱՏՈՒՄ

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:
 
Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս 
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:
 
«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն...
 
Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում - հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա... անջատվա՜ծ ենք...
 
Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ...
 
Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված...
 
Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս...
 
Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:
 
Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:
 
Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս... 
Երևան
30.IX.1961թ.

ՔՄԾԻԾԱՂ

Ամենից դժվար բանը սիրելն է:
 
Իսկ ոտներիցըս բարի բա՞ն - չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
 
Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացընել:
 
Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:
 
Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:
 
Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
 
Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):
 
Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ…
Երևան
18.X.1961

ՔՈ ԽԱԿ ՍԵՐԸ ԵՎ ԻՄ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՋԱՆՔԸ...

Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը
Հանդիպեցին որպես երկու ուղևոր՝
Կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում
Եվ, ճարահատ, պիտի քայլեն միասին
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը:
 
Ու երբ, հոգնած, մենք պառկում ենք, որ ննջենք,
Մինչև անգամ երբ պառկում ենք կողք-կողքի,
Ինչպես հայոց հեքիաթներում` մեր միջև
Լուռ դրվում է հեքիաթական թրի պես
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը...
Մոսկվա
20.III.1959թ.

ՄԻՋԱԿԵՏԻ ԿԱՐԻՔ

Ես` հաբեշի ու նեգրի պես սևամորթըս,
Ինձ ժպտացող ատամներիդ փղոսկըրի
Լուսեղ փայլից ճերմակել եմ կարծես հիմա…
 
Ես` բառերի խոշորածախ վաճառորդըս,
Սնանկացած եմ ինձ զգում քո խոսքերից,
Որ մանրամաղ անձրևի պես սողոսկելիս
Չե՜ն հարցընում թույլտըվություն,
Տեղ չե՜ն խնդրում իրենց համար:
 
Իսկ խոսում ես… հազա՜ր ու մի դատարկ բանից.
Թե չես սիրում ձմեռ ու թութ,
Թե պաշտում ես լեռ ու ամառ,
Թե դժգոհ ես քո նոր շորի նեղ գրպանից,
Թե կինոյում մեկն ինձ շատ է նման եղել,
Թե ինչ լավ է, որ չեմ պահում կյանքում բեղեր,
Թե… վերստին ետ ես դառնում շոր ու կարին
Կամ երազում, որ «չորսերըդ» դառնան «հնգեր»
Եվ… չես զգում, որ - հրաշքո՜վ – տասը տարին
Մե՛կ վայրկյանում ուսերիցըս վայր է ընկել:
 
Ու չե՜մ զգում…
Շարունակում ես բլբլալ,
Ծիծաղում ես դատարկ բանից,
Դատարկ բանից պատրաստ ես լալ.
Հարց ես տալիս,
Զարմանալի հստա՜կ հարցեր
Եվ մեջընդմեջ… պաչպչում ես,
Պաչպչում ես այնպես, կարծես
Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում…
 
Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում դու մերթ ընդ մերթ,
Եվ չգիտես, որ անհամբեր միջակետի եմ սպասում`
Երկարատև՜ - շարունակվո՜ղ մի համբույրի:
Եվ չգիտես,
Որովհետև թեպետ արդեն տասը տարին
Մեկ վայրկյանում ուսերիցըս վայր է ընկել՝
Դարձել եմ քեզ հասակակից ու դասընկեր,
Սակայն ունեմ տարիքային մի թուլություն.
Համբույրի և պաչի միջև
Դեռ դնում եմ տարբերություն…
Մոսկվա Թիֆլիս
13.VII.1958թ. 23.XII.1959թ.

ՄԻ՛, ՄԻ՛...

Մի՛ չարանա վրաս:
Եվ իմ մեղքը ի՞նչ է:
Սովա՞ծ թե կուշտ եմ ես՝
Կարևո՜ր չէ բնավ:
Խաշ մեջտեղում չկա՛,
Բայց սխտորի հոտը
Նվաճել է հիմա և աննվաճ օ՜դը:
Ես փորձում եմ գոնե քիթըս բռնել:
Եվ իմ մեղքը դա՞ է:
Մի՛ չարանա վրաս: 
 
Մի՛ տանջիր ինձ հարցով:
Լոկ ա՛յն գիտեմ հիմա,
Որ լոտոսի համար չարժե՜ սարքել ճահիճ
Եվ ծով չորացընել` ակվարիումի համար…
Մեծ տուրք կվճարեմ ես լռության դիմաց,
Միայն թե, խնդրո՜ւմ եմ,
Մի՛ տանջիր ինձ հարցով:
 
Եվ մի՛ հուսադըրիր:
Ես չե՜մ հուսահատվել:
Իմ տարիքում, ճի՛շտ է, էլ չեն առնում հասակ,
Բայց մարդն էլ է ընձուղտ,
Եվ իմ վիզը հիմա 
Երկարում է - ձգվում
Ու բարձրանում
Այս բազմահարկ բոլոր շենքերից վեր,
Որ պաղ հորիզոնից մի բերան մով պոկի
Ու որոճա՜ դանդաղ:
Ինձ մի՛ հուսադըրիր:
 
Մի՛ նկատիր նաև:
Ես այլևըս չկա՜մ,
Ինչպես չկա երկինք
(Լուրթը խաբկանք է լոկ).
Ինչպես չկա և ջո՜ւր
(Կա «երկու հաշ, մեկ օ» ).
Ինչպես չկա և սե՜ր
(Դու ապրում ես հեռվում):
Թող չլինի և ա՜չք:
Մի՛ նկատիր դու ինձ…
 
Եվ մի՛ փնտրիր իզուր:
Ես կլինեմ ու կամ:
Չէ՞ որ հետք են թողնում մինչև անգամ պորտով:
Ես սողալու համար հարմարություն չունեմ,
Չունեմ նաև թևեր,
Բայց ունեմ ձեռք մի զույգ,
Որոնցով ես հիմա իմ աչքերն եմ փակում.
Քեզ՝ չեմ ուզում տեսնել,
Իսկ դու ինձ մի՛ փնտրիր…
Երևան
04.XII.1961թ.

Lilas