Դեռ նվագում է սրինգը Արան:
Ու սարվորները լսում են նրան:
Հանկարծ հովվական շներն են հաչում
Եվ միանգամից պոկվելով տեղից`
Սուրում են ձորը: Սրինգն է լռում,
Հավաքվածները ականջը սրում,
Լսում են:
-Մարդ է, գալիս է գյուղից,-
Ասում է Արան ու ելնում տեղից,
Որ գնա զսպի իր գամփռներին:
Մինչ այդ շները իրենք են լռում,
Կլանչ են տալիս ու ետ են դառնում:
Պարզ է` ծանոթ է եկվորը նրանց:
Եվ սպասում են: Գալիս է քիչ անց
Երազը` ձիով: Շիկնում է Արան,
Բայց մթության մեջ չեն տեսնում մարդիկ
Սիրո շիկնանքը երիտասարդի:
_________
…Դասընկերներ էին նրանք
Եվ միասին էին անցել
Դպրոցական տասը տարին:
Երբ դեռ փոքր էր` Արան այնպես
Ամաչկոտ էր: Առանձնապես
Քաշվում էր նա աղջիկներից:
Լուռ, ինքնամփոփ`
Ժամեր ամբողջ
Նա կերազեր ու կխաղար,
Իսկ երբ մեկը աղմըկարար
Աղջիկներից նրան կպչեր,
Նա կշիկներ, կկակազեր`
Ստիպելով իրեն հազիվ,
Որ չթողնի ու տուն վազի:
Իսկ տղե՜րքը կատակասեր,
Իսկ աղջիկնե՜րն աղմկարար…
Ինչե՜ր ասես որ չի քաշել
Նրանց ձեռքից մեր խեղճ Արան:
«Սուսիկ-փուսիկ» էին կոչում
Ընկերները այնժամ նրան,
Մեկ` ձեռք առնում, գալիս կպչում,
Մեկ` ծիծաղում նրա վրա,
Մեկ էլ` դիմում սրան-նրան…
-Տղե՛րք, ապա նայեք սրան…
-Ոնց որ հիվանդ լինի Արան.
-Քե՛զ, ա՜յ տղա, ի՞նչ է եղել,-
Եվ հարցերի մի ողջ հեղեղ
Ողողում է նորից նրան:
-Նա գունատ է:
-Ընկճված է:
-Գիտե՛ք, ինքըս համոզված եմ`
Սիրահարված է մեր տղան:
-Իսկ ո՞ւմ վրա:
-Իսկ ում վրա՞:
Ի՞նչ իմանամ, թող ինքն ասի:
-Ասա՛, Արա:
-Տո՛, ձե՜ռք քաշի,-
Շփոթվում է, քրտնում Արան,
Ծաղրողներին քաշմշելով:
-Երազիկն է, ուրիշ էլ ո՞վ:
-Տեսա՞ք սրան:
-Կեցցե Արան…
Եվ հրճվելով իրենց գյուտից,
Իրար բոթում ու կըսմթում,
Գետնից կտրում, օդն են նետում
Կարմրատակած խեղճ Արային,
Որ ամոթից
Ու զայրույթից
Քիչ է մնում իրեն ուտի:
Բանը գուցե վատ վերջանար,
Թե Երազը չըլրջանար.
-Դե, դուք համը շատ մի՛ք հանի,
Չեք թըռցրել հո ձեր խելքը…
Բայց դե ուշ էր. այդ օրվանից
Չարաճճի այդ խոխեքը
Բաց չթողին ոչ մի առիթ,
Որ չխնդան, չուրախանան:
Դե ո՞նց նրանք չուրախանան:
Ամաչկոտ էր որքան Արան,
Ինքնամփոփ ու սուսիկ-փուսիկ,
Երազիկը ընդհակառակ`
Նախագահի երես առած
Մինուճարն էր չարաճճի`
Գեղեցկուհին ողջ դպրոցի:
Տղաները դասարանի
(Ամեն մեկը իրեն մտքում,
Ամեն մեկը մյուսից թաքուն)
Սիրահարված էին նրան:
Բացառություն էր լոկ Արան,
Որին նույնպես այդ օրվանից
Մեջտեղ բերին:
Անցավ տարին,
Իսկ պատանու համար տարին
Հո տասներկու ամիս չէ լոկ:
Երեկ` մանուկ, արդ` պատանի,
Երեկ` անգետ, այսօր` խելոք.
Անցյալ օրվա զնգոցի տեղ
Մեկ էլ տեսար բասն է թնդում,
Աղվամազե բարակ մի բեղ
Վերին շուրթն է շրջապատում.
Մեկ էլ տեսար արդեն բերնից
Ծխի հոտ է մայրը առնում.
Տեսար` հանկարծ պիոներից
Կոմսոմոլ է արդեն դառնում,-
Ու երեկվա սուսիկ-փուսիկ
Եվ ամաչկոտ տղան հաճախ
Դես ու դեն է գցում աչքը…
Թեպետ և մեր խառնվածքը
Անհաստատ չէ այդ աստիճան
Ու դժվար է ելնում հունից,
Բայց ամեն ինչ իր պահն ունի:
Անցավ երկու-երեք տարի,
Եկող տարին իր հետ բերեց
Փոփոխություն զարմանալի:
Հանկարծ մեկից փոխվեց տղան.
Հըրմշտոցին ինքն էլ հրեց,
Կատակներից չկարմրեց,
Պատասխանեց հանգի՛ստ, խաղա՛ղ:
Արբունքի էր հասել տղան:
Ի՞նչ կարող էր, թվում է թե
Անմիտ լինել ավելի, քան
Այն կատակը, որ մի անգամ
Ստիպել էր նրան քրտնել:
Ինչպե՞ս եղավ. ի՞նչ պատահեց:
Իսկ ինչպե՞ս է արմատ գցում
Մասրի թուփը ժեռ քարի մեջ:
Հենց այդպես էլ, հավանաբար,
Իրեն համար բացեց ճամփա
Վիրավորանքն այն օրերի:
Եվ ծաղրանքի պաղ քարերի
Ինչ-որ ճեղքում աճեց մի ճյուղ
Եվ աննկատ տվեց ընձյուղ:
Այդ կատակը իզուր չանցավ:
Ինչպե՛ս, ինքն էլ չհասկացավ,
Հետզհետե ահագնացավ
Ու մի օր էլ միանգամից
Նրա համար հստակ դարձավ
Մինչ այդ անհայտ մի զգացում:
Դրսից ոչինչ չէր զգացվում-
Ողջը հին էր, ինչպես որ կար:
Դա չէր կարող տևել երկար,
Եվ շատ շուտով դասարանցիք
Զարմանալով նկատեցին,
Թե ինչպես է Արան` Արա՜ն-
«Սուսիկ-փուսիկը» դպրոցի,
Երազիկի կողքին բուսնում,
Ուր նա` ինքն էլ այնտեղ հասնում.
Թե ինչպես է հաճախակի
Թաքուն նայում Երազիկին,
Նայում ինչ-որ ուրիշ տեսակ:
-Այ քեզ հրա՜շք, տղե՛րք, տեսա՞ք:
Զվարճալի բան է դառնում:
-Հոնքին էինք նշան բռնում,
Բանից պարզվեց աչքին կպանք…
Եվ մի քաղցր ու ծանր կապանք
Մեր Արայի սիրտն է տանջում:
Երբ որ զանգը վերջին ժամի
Ղողանջում էր ուրախ, հնչում,
Այլայլվում էր, տխրում Արան:
Ծանր էր դառնում նրա համար
Դպրոցից տուն վերադառնալ:
Անբնական անհայտ մեկից,
Անհայտ բանից ինչ-որ դժգոհ`
Նա խնդրում էր Երազիկից
Մերթ տետրակը ու գիրքը մերթ,
Մեկ`այս, մեկ` այն պատրվակով:
Քաղցր էր այնպես, Երազիկից հեռու պահին
Լինել նրա իրերի հետ, գեթ բաց անել,
Թերթել նրա գիրքը, տետրը, սիրով նայել
Այնտեղ եղած նշումներին:
Եվ Արային այդ պահերին
Միշտ թվում էր, թե ուր որ է
Դասագրքում կամ տետրի մեջ պետք է հիմա
Գտնի նա մի… սիրո նամակ:
Եվ իսկապես նա մի օր էլ
Իր ուզածը գտավ կարծես.
Տետրի վերջին էջի վրա
Արան կարդաց իր աչքերով
Երազիկի աղջըկային ձեռագրով
Չորս-հինգ անգամ գրված «Արա»
(Վարժություն էր արել կարծես
Նա «Ա» տառի
Մեծատառի)…
Սիրո նամակ չէր այդ, անշուշտ,
Բայց պարզ, այդ պարզ գրության մեջ
Արան կարծես լսեց ինչ-որ քաղցր շշուկ.
Խայտաց արյունը սրտի մեջ,
Եվ որոշեց իր Երազին
Վաղը ևեթ խոստովանել
Իր տանջանքի, սիրո մասին:
Մյուս օրը…
Ոչ թե սիրո
Հրաժեշտի պարզ խոսքերով
Նա հանդիպեց Երազիկին:
Մի գիշերում հանկարծակի
Պատերազմը իրար խառնեց
Ինչ որ բարձր էր ու թանկագին:
Ինչպես բախտը հայրենիքի,
Այնպես էլ սեր ու երազանք,
Մտադըրված խոստովանանք
Ենթարկվեցին խուլ վտանգի:
Արան նույն օր մեկնեց բանակ…
…Ետ դառնալով պատերազմից`
Նա չգտավ հին Երազին:
Աղջիկն արդեն հասունացել,
Է՛լ ավելի գեղեցկացել,
Բայց մի տեսակ այլ էր դարձել:
Չկար էլ հին չարաճճին
Իր ծիծաղով, կատակներով:
Ավելի էր գուցե գերող,
Ե՛վ կախարդիչ, և՛ կանացի,
Բայց նման չէր իր սիրածին:
Երազիկը մինչ այդ արդեն
Աշխատում էր իբրև կթվոր:
Արան հովիվ դարձավ հենց որ
Կամաց-կամաց, հետզհետե
Կարծես նորից վերադարձավ
Հին օրերի իր անուրջին:
Երազիկը կրկին դարձավ
Հին աղջիկը չարաճճի-
Նույն աչքերով ջինջ ու վճիտ,
Նույն ծիծաղով իր արծաթե:
Հին կասկածը նորից պատեց
Սիրտն Արայի. - Եթե, եթե…
Եվ նա կես լուրջ ու կես կատակ
Խոստովանքի խոսքեր նետեց:
Երազիկը հարմար գտավ
Միշտ ծիծաղել, կատակներով
Խուսափելու միջոց ճարել.
-Օհո՜, ումի՞ց ես այդ, հերո՛ս,
Դու սովորել սիրո ճառեր,-
Ծիծաղում էր չարաճճին
Ու թողնում էր մենակ նրան`
Զույգ ծամերը խաղացնելով
Իր գալարվող մեջքի վրա:
Մտածում էր ողջ օրն Արան,
Ու երբ գալիս էր կեսօրին,
Հանդիպում էր նորից նրան,
Խոսք էր գցում միտումնաբար.
-Նո՜ր հասկացա: Ես` մի չոբան,
Դու` աղջիկը նախագահի:
Ո՛չ հայրդ է գիժ, որ քեզ տա ինձ,
Եվ ո՛չ էլ դու…
-Ա՜յ քեզ կրակ,-
Երազիկն էր վրա բերում,-
Ընդամենը երկու տարի
Մնացել ես հողում օտար
Եվ մոռացել մեր աշխարհի
Օրենքները…
Եվ մինչ կտար
Արան հարմար մի պատասխան,
Աղջիկն էլի ծիծաղելով
Հեռանում էր:
Ու մեր տղան`
Անցյալ օրվա զինվորը քաջ,
Որ թշնամու, մահվան առաջ
Այնպես սառն էր ու անշըփոթ,
Շվարել էր բոլորովին`
Չիմանալով, թե ի՞նչ անի…
Այդպես եկավ անցավ տարին,
Իսկ ձմռանը, թարսի նման
Ուղարկեցին Երազին կուրս:
Եվ դառնալով զոոտեխնիկ`
Գարնանը նա վերադարձավ
Էլ ավելի գեղեցկացած,
Էլ ավելի թովիչ դարձած:
Դեռ հոտերը գյուղումն էին,
Յայլաղ չէին դեռ բարձրացել:
Գոմի համար այդ օրերին
Թորգոմն էլի աղմուկ գցել,
Վիրավորել էր բոլորին:
Ոչ էլ Արան անմաս մնաց:
Ճակատ-ճակատ նա դեմ գնաց
Նախագահին…
(Դե այս արդեն
Աղջիկը չէր, որ նրա դեմ
Շփոթվի և իրեն խղճա:
Սա հայրն է հո):
-Չէ՜, ախպեր ջա՛ն,
Նախագահ ես, սակայն նայիր,
Ես պատրաստ եմ հետդ խոսել
Իբրև նախկին ճակատային,-
Մեր տղան է վրա բերում:-
Այստեղ հարցը ողջ կոլխոզի
Բարիքին է վերաբերում…
…Արան հոր հետ լավ կռվելով`
Երեկոյան հանդիպելով
Հոր աղջկան`
Չհամբերեց,
Բռնեց նրան ու համբուրեց:
-Տո գի՜ժ, տո խե՜նթ, ի՞նչ ես անում:
-Հորդ մուռն եմ քեզանից հանում:
-Ո՞նց թե, ա՜յ գիժ, - աղջիկն ասում,
Ասում է և հրում թեթև:
-Ո՞նց թե, այսպե՛ս, - Արան ասում
Ասում, նրան մոտ է քաշում
(Չի նկատում նա իբր թե),-
Ես քեզ համար գնամ կռիվ,
Կյանքս մատնեմ ջրին, հրին,
Մահվան առաջ կյանքս նետեմ,
Յոթը սարի –ձորի հետև
Քե՛զ երազեմ, քե՛զ կարոտեմ,
Մի կերպ պրծնեմ մահվան ձեռքից,
Գամ, որ քեզնից կարոտ առնեմ,
Իսկ դու ելնես ու ձեռք առնե՜ս…
Ո՞ւր է գրված, ո՞ր օրենքի,
Ո՞ր գլխի կամ ո՞ր կետի մեջ:
-Դու,-շշուկը Երազիկի
Խլանում է այն գետի մեջ,
Որ խշշում է նրանց կողքին,-
Դու ինքդ էիր ինձ ձեռք առնում,
Կատակներով հոգի հանում:
Կարծես զինվոր չլինեիր,
Այլ մի… այլ մի…
…Շշուկ մի տաք
Գարնանային երկնքի տակ
Երկարում է, անվերջ թվում,
Ձևը փոխում, բայց միշտ տևում`
Ինչպես երազ…
-Դո՞ւ ես, Արա:
-Դո՞ւ ես, Երազ….
Խռպոտ մի հազ,
Ակնհայտնի միտումնավոր,
Ուշքի բերեց նրանց հազիվ:
-Դո՞ւք եք, Արա:
-Մենք ենք, քավոր,-
Մկրտիչի ծանոթ հազին
Պատասխանեց Արան հազով
Խիստ անտեղի և չսազող,
Ու մթան մեջ շառագունեց այն մանկան պես,
Որին հայրն է բռնում շաքար գողանալիս:
Շփոթվել էր Մկրտիչն էլ նույնքան կարծես.
-Հիվանդացած ոչխարներին դեղ եք տալի՞ս,
Լավ եք անում,-այլ հարմար բան չգտնելով`
Միկիչն ասաց ու հեռացավ արագ-արագ`
Փոքր-ինչ հեռու ճանապարհին ծիծաղելով
Իր անհաջող, խիստ անհաջող խոսքի վրա…