Մայրամուտին մի ճոխ արև
Ծաղկածիծաղ լեռ ու հանդին
Փայլ է տվել ու զարդարել:
Այնպես լուռ է լեռնաշխարհում,
Այնպես խաղաղ, այնպես հանգիստ:
Աղմկում է միայն առուն,
Որ բխելով ցուրտ ծմակից
Թավալվում է դեպի ներքև,
Դեպի ձորը:
Ջրվեժի տակ,
Հեղինեն է լվացք անում:
Առավոտյան, իր ցանկությամբ,
Չորս տղային գյուղ է տանում,
Որ արտերում հասկ հավաքեն:
Տղաները խաղ են անում,
Վազվզում են վերև-ներքև:
Մայրն ուզում է ուրախ երգել,
Բայց հիշում է Մկրտիչին,
Որ փոխվում է երգը ճիչի:
Մկրտիչը հիշել տվեց,
Որ Հեղուշը լուրջ երդըվեց
Կոլվարչության անցյալ նիստում,
Թե բերվելիք այն բրդատու
Ոչխարների յուղ ու կաթի
Ողջ պակասը ինքն է տալու
Իր կովերի բրիգադից:
Այն օրվանից, երբ որ սարում
Գիշերային արոտը նոր
Սովորություն դարձավ բոլոր
Հովիվների հոտի համար,
Խոտը կարծես դարձավ կաթոտ,
Եվ ոչխարները բրդատու
(Կոչում էին որոնց «բրդոտ»)
Կաթ տվեցին այնքան, որքան
Մաքիները սովորական:
Բայց դա հո չի՞ նշանակում,
Թե հաշիվն է արդեն մաքուր,
Եվ Հեղուշը արդեն տրված
Իր խոսքից է հրաժարվում:
Բարձր բերքի հարց է դրված,
Բանն էլ ոչ թե տված խոսքին,
Այլ դրան է վերաբերում…
Եվ հիմա նա տարուբերվում…
Նա հուզվում է ինչ-որ ներքին
Մի անհանգիստ խլրտումից:
Խորհո՞ւրդ հարցնել: Սակայն ումի՞ց:
Եվ ո՞րտեղից, ինչպե՞ս գտնել
Այն միջոցը, հնարը, որ
Պիտի դարձներ հնարավոր
Էլ ավելի շատ կաթ կթել
Իր կովերից:
Իսկ թե նորից
Այդ արոտը գիշերային
Նա տարածի և կովերի,
Այո, նաև նրանց վրա՞…
Այս միտքն այսպես կպավ նրան,
Որ լվացքը թողած կեղտոտ`
Նա վազ տվեց Երազի մոտ:
-Գիշերային արոտն` արոտ,
Սակայն, Երա՛զ, այնպես չլինի,
Որ ծուռ հոնքը շինելու տեղ
Հանկարծ աչքն էլ տեղից հանի…
-Իսկ Միկիչին դիմե՞լ ես դու,
Չէ, եկ հիմա գնանք այնտեղ:
Մկրտիչը իր վրանի
Հովանու տակ, հենված սյունին,
Լուռ կարդում էր, վերընթերցում
Ձմեռային իր կուրսերի
Տետրակն երը:
-Ի՞նչ ես կարծում,
Ախպեր Միկիչ, կովերին էլ
Այդ արոտը գիշերային
Գուցե օգնի կաթի հարցում:
Մկրտիչը աչքը ճպեց,
Լայն ճակատը ափով շփեց:
Նա լավ գիտեր` տափաստանում
Կովերին էլ գիշերային
Արոտի են վաղուց տանում:
Նույնն անում է Կալինինոն:
Սա, իհարկե, գյուտ չէ մի նոր:
Բայց… հենց բանը այդ «բայց»-ումն է:
Այստեղ փոքրիկ թերացումն էլ
Մեկ էլ տեսար կանգնեցըրեց
Ֆերման կոտրած տաշտի առաջ:
Պետք է հիշել նախ և առաջ,
Որ մինչ այնտեղ` ստեպներում
Տափարակ է, հարթ է, փափուկ,
Մեզ մոտ` այստեղ, այս լեռներում
Ճամփան խաղում տափուկ-տափուկ,
Կախ է ընկնում մերթ քարափից,
Մերթ վիհերի խորքն է չափում,
Մերթ, կըտրված ասես կապից,
Գլորվում է ձորակն ի վար:
Եվ այդ քարոտ ու քարքարոտ
Ճամփաներով քշել տավարն
Ու անթափանց մութ գիշերով
Տանել արոտ ու ետ բերել,
Քարափներից ցած գլորել
Եվ կամ հանձնել գելի բերա՞ն…
Չէ, այդ դեպքում արդեն նրանց
Հարկավոր են ոչ թե երկու,
Այլ չորս կամ հինգ նախրապահներ,
Մի քանի շուն, որ լավ պահեն
Հոտի նման և նախիրին:
Հետո` երեք թե չորս անգամ
Նախիրն հանձնել խիճ ու քարին,
Քշել արոտ, այնտեղից` ե՞տ:
Կովերն հենց այդ ճանապարհին
Ունենան էլ թե կաթի գետ,
Ճամփին պիտի զրկվեն կեսից:
-Ախպեր Միկիչ, մի սպասի՜ր:
Իսկ եթե մենք, խոսքիս լսիր,
Իսկ եթե մենք…
Եվ Հեղինեն
Գյուտ արածի նման` հանկարծ
Թռավ տեղից:
Իսկ եթե մենք
Օրն այլևս երեք անգամ
Մեր կովերը էլ չքշենք
Արոտներից բերենք ֆերմա՞:
Իսկ եթե մենք ինքներս հիմա
Գնանք սար ու մեր կովերին
Այնտեղ կթենք ու այսպիսով
Ճամփին կորչող կաթը շահենք
Ու վարչության նիստում տված
Մեր խոստումը պատվով պահե՞նք…
Մկրտիչի բեղոտ շուրթին
Այն ժպիտը լայն ալիքվեց,
Որ ուսուցիչն աշակերտի
Աչն զգալիս է ունենում
Ու մտքի մեջ հպարտանում.
-Կեցցե՜ս, Հեղո՛ւշ, ես իմ հոգին,-
Միկիչն ասաց գորովագին.-
Մենք կարող ենք իրոք կթել…
-Ի՞նչ է, կաթի հա՞նք եք գտել,
Խեթեց Արոտն նա (այդ պահին
Իր վեցերորդ չար տղայի
Արյունոտված մատն էր կապում
Փաթաթանով, վռազ-վռազ,
Ու հորդորում.
-Ոչի՜նչ, բալաս,
Կմեծանաս, կմոռանաս:
Մինչև օրը հարսանիքիդ
Ժամանակ կա դեռ ահագին):
-Զբաղեցրու դու տղային,-
Վրա բերեց Հեղուշն անփույթ,-
Հանք չենք գտել, ա՛յ մարդ, նայի՛ր,
Կաթի գետ ենք ձեռքով կապում,
Սպիտակ գետ` փրփո՜ւր-փրփո՜ւր,-
Եվ Հեղուշը տեղում պարեց:
Իսկ սրամիտ, ուրախ Արտոն
Նայեց կնկան, վրա բերեց.
-Տե՛ս, կաթով է կինս հարբում,
Ես` արաղով,
Տղաս` խաղով,-
Ի՜նչ եմ ասել` տուն ենք համա՜,-
Ու նա կրկնեց կնոջ նման.
-Սպիտակ գետ` փրփո՜ւր-փրփո՜ւր:
-Դու իզուր ես հանգեր կապում,-
Միկիչն ուրախ դիմեց նրան,-
Ասենք` դու հենց կապիր հանգեր,
Իսկ մեզ, Հեղո՛ւշ, պետք է` հանգել
Խելոք ու ճիշտ լուծման հարցի:
Երբ կթվորներն հավաքվեցին
Նույն վրանի դռան առաջ`
Մկրտիչը հայտնեց նրանց,
Որ այսուհետ պետք է նրանք
Երկու անգամ կիթը դաշտում
Կազմակերպեն:
-Մենք հո կորանք:
Բացականչեց ինչ-որ կթվոր,
Ճիշտ է, փոքր-ինչ հասակավոր,
Սակայն առողջ ու ամրակազմ:
Հեղուշին էլ այդ էր պակաս,
Նրան էլ այդ էր հարկավոր.
-Խանում-խաթո՜ւն, իմ հարգևո՜ր,
Թե չես կարող կթվոր դառնալ,
Խնդրեմ վաղը վերադառնաս
Գյուղում դառնաս կալվո՜ր, քաղվո՛ր`
Ի՜նչ որ սիրտդ կկամենա:
Այնտեղ արդեն լավ կիմանաս,
Թե քրտինքըդ ուր կհասնի:
Չե՞ս ամաչում բա դու, Ազնի՛վ,-
Եվ Հեղուշը տոնը փոխեց,
Ոչինչ չունես քեզ խանգարող,
Որ չոփ շինես աչքս կոխես:
Ինձ նայելիս չե՞ս ամաչում:
Ձեռքիս, գրկիս` յոթ երեխա
Կամ կաթնակեր, կամ չար, կամ խակ…
-Մի՛ մոռացիր ութերորդիդ,-
Ծիծաղելով ասաց արտոն
Ու ցույց տվեց իրեն մատով:
Հեղուշն ասես չնկատեց
Ու նույն տոնով շարունակեց.
-Յոթ երեխա, հետն էլ` վարիչ,
Հետն էլ իմ իսկ հոժար կամքով
Նաև կթվոր… Ի՞նչ է, քարի՞ց,
Չէ, մորից եմ ծնվել քեզ պես:
Եթե դատենք բոլորս էդպես,
Ո՞ւր կգնա, ո՞ւր կհասնի:
Չես մտածում բա դո՞ւ, Ազնի՛վ:
Մկրտիչը վախենալով
Որ կհասնեն կանայք հեռու,
Ինքն օգնության ուզեց հասնի:
-Մի քիչ ծանր է, բայց դե, Ազնիվ…
Եթե մի քիչ…
-Դե լա՜վ, Միկիչ,
Բերանիցս խոսք էր թռավ,
Եվ Ազնիվը քաշվեց մի կողմ,
Սակայն հետո չհամբերեց
Եվ դիմելով Հեղինեին,
Խիստ տաքացած վրա բերեց.
-Սրա՜ն նայիր, զարմացըրե՜ց,
Ավետարան գլխիս կարդաց:
Բերանիցս խոսք էր` փրթաց.
Ի՞նչ է, ես մի անհասկացող
Լաչառ կի՞ն եմ կամ թե հիմա՞ր,
Որ դու, Հեղո՛ւշ, գլխիս հիմա
Եկար դարձար ագիտատոր:
Ե՛ս, իմացիր, խելքի՜ կտոր,
Ե՛ս, թող գլխիդ մի լա՜վ նստի,
Տասնյոթ թվի կոմունիստի
Կին եմ եղել, լա՜վ իմացիր,
Քեզնից էլ լավ եմ հասկանում…
-Ա՜խ, Ազնի՛վ ջան, էդ մի բանում
Մեղավոր է ողորմածիկ
Հայրս,-ասաց Արտոն տեղից,-
Տնաշենը թե իր տղին`
Այսինքն ինձ` ձեր ծառային,
Շուտ տար արյուն, միս ու ոսկոր,
Ես էլ անշուշտ… Դե մի խոսքով
Կչկչաննե՛ր, հաշտվե՜ք, դե շո՛ւտ…
Եվ ծիծաղը իր հետ քշում
Ու տանում է գժտվածության
Ամեն մի հետք: Եվ հրճվագին
Ծիծաղում են թե մարդ, թե կին:
Իսկ Ազնիվը գորովագին
Երկու ձեռքով չանչ է անում
Արտոյին, որ պատի տակին
Լուռ նստել է, ձայն չի հանում
Եվ անծիծաղ` շուրջն է նայում,
Կարծես փնտրում այդ կատակի
Իրեն անհայտ հեղինակին…