Յուրաքանչյուրը լուռ ասպանդակեց իր ձին:
Տղաները, որ դեռ չէին տեսել նրանց,
Ճամփից փոքր-ինչ ներքև` փափուկ լեռնալանջին
Արտասանում էին իրենց անգիր արած
Ոտանավորները, խաղում էին, երգում:
Եվ այդ պահին հանկարծ ականջներին նրանց
Հասավ բարակ մի ձայն` մանկական ու զրնգուն:
Մի մանուկ էր երգում,
Ինչպես պարզվեց հետո`
Հեղինեի չորրորդ չարաճճի տղան,
Մի երգ, որ վերջերս հորինել էր Արտոն:
-Եկեք խնդրենք Միկիչին,
Թորգոմի հետ չվիճի,
Գնա շրջկոմ ու ասի,
Որ մենք չունենք հասարակ
Ձմեռանոց կոլխոզի,
Իսկ նա պալատ է շինում
Մեր գյուղ Սովետաշենում:
Քարտուղարը շրջկոմի
Շուտ զանգ կտա Թորգոմին,
Հետո այսպես կխոսի.
Քաղսովետը իսկույն թող,
Վերադարձիր կոլխոզին…
-Դու լսո՞ւմ ես, Թորգո՛մ, թե չես լսում` լսի՛ր.
Նույնիսկ երեխեքը
Պարզ տեսնում են ելքը,-
Եվ ծիծաղեց Կարոն ու շուռ եկավ թամբում:
-Եթե քո հույսն էս է` երեխեքի երգը,
Մեղքս շատ ես գալիս, թող քեզ աստված հասնի,-
Ասաց նախագահը` առերևույթ անփույթ,
Սակայն սրտի խորքում վիրավորված երգից:
-Չես խուսափի, Թորգոմ, դու այդ միակ ելքից,-
Ակնարկելով նորից երգը երեխեքի
Ասաց Մկրտիչը, երբ որ նրանք արդեն
Տեղ հասնելով` նրա վրանի տակ
Նախաճաշել, փոքր-ինչ հանգստացնել
Ու նույն հարցին էին անդրադարձել կրկին:
Իսկ Թորգոմը ժպտաց մանկան նման բարի:
Եվ ժպիտը նրա ավելի էր ասում,
Ամեն տեսակ խոսքից պերճ էր խոսում:
Մկրտիչն ու Կարոն նույն ժամանակ,
Երբ ծիծաղում էր և կատակում,
Փաստարկներ էին լուռ հավաքում:
-Մկան համար մահ է, կատվի համար` հանաք,-
Ուզեց Մկրտիչը չհամբերել,
Բայց Թորգոմը մինչ այդ վրա բերեց.
-Դեռ գոմը թող մի կո՜ղմ,
Ասա մի հասկանանք.
Էդ քո գոված ցեղի բուրդն ի՞նչ եղավ,
Երբ մթերումից, ղոչա՛ղ տղա,
Դեռ մեզ պակասում է հարյուր կիլո:
Հը՞, ի՞նչ կասես սրան, ընկեր Կարո,-
Եվ խորամանկ ժպտաց շեղ աչքերով:
-Մինչ ես «առ» եմ ասում, դու քշում ես «ակոս»,-
Ասաց Մկրտիչն ու աչքի տակով
Խորհրդավոր նայեց Կարապետին:-
Անհո՛գ մնա, ջա՜նս, մթերումը բրդի
Ոչ թե կտանք մի կերպ, ինչպես ամեն տարի,
Այլև, ընկեր Թորգոմ, ես լուրջ խոսք եմ տալիս
Ազատ մթերման դեմ հանձնել ևս կես տոնն…
Իսկ Թորգոմը ժպտաց.
-Կատակներդ քե՛զ թող,
Ես այդ հարցում արդեն լուրջ եմ խոսում քեզ հետ:
Սակայն «լուրջ խոսելը» չեղավ արդյունավետ:
Թորգոմը լրջացավ անմիջապես,
Կատակախառն տոնը փոխվեց իսկույնևեթ,
Եվ մի ակնթարթում, այն մարդու պես,
Որ փոխարեն գինու խմել է նավթ կամ ձեթ`
Ծամածռվեց դեմքը մեր Թորգոմի,
Երբ որ խոսքը նորից պտտեց եկավ
Հասավ ակումբին ու վերաբերեց գոմին:
Իզուր Մկրտիչը փորձեց խոսել խաղաղ,
Զուր օգնության կոչեց գիտություն ու լեկցիա,-
Նրա տետրակները կոպեկի տեղ չանցան:
Միջամըտեց Կարոն, նոր փաստարկնե բերեց`
Նույնիսկ և Սերգեյի մի նամակից:
Ջանաց նրա վախն ու կասկածները ցրել,
Լրջությունը չօգնեց, դիմեց և կատակի,
Բան դուրս չեկավ սակայն, Թորգոմն էլի
Մնաց առաջվա պես անդրդվելի:
Ու վրդովվեց Միկիչն այդ միալար տոնից.
-Ախպե՛ր, բավական է «Մուկ ու կատու» խաղանք:
Սա մի հարց է արդեն դատ ու դատաստանի:
-Իսկ քեզ համար պարզ է նաև դատավճի՞ռ,-
Բարկությունից բոլոր «ը»-երը կուլ տալով`
Նախագահը նետեց Մկրտիչին:
-Դատավճիռը, չէ՛, բնավ ինձ հայտնի չէ,
Քանի որ նա միայն քեզ է վերաբերում,-
Միկիչը հարվածեց ասես սրով:
Հանդից եկած Արտոն ուրախ փռթկացրեց,
Երազիկը խնդաց.
-Յոթով զրո՜…
Հայրը դարձավ դստեր, չափեց ոտից գլուխ:
-Ախր, հայրիկ…
-Հայրի՞կ, թե՞ զահրումար:
Երազիկը լռեց, մի կողմ քաշվեց հլու:
-Մասխարա եմ դարձել սրանց համար,-
Եվ վրանից ելավ արագ-արագ,
Պատասխան չտալով իրեն ուղղված հարցին…
Դրսում լեռան քամին սև թուխպերն էր քշում:
Իսկ արևը հեռվում` Մասիսների լանջին
Կարծես վայր ընկնելով` դարձել փշուր-փշուր,
Խառնվել էր նրանց հավերժական սառցին: