Դռնփակ, ապա և բաց ժողովում
Լուծվել էր հարցը ընդդեմ Թորգոմի:
Հիմա նա տանը աջ ու ձախ կողմից
Իր թավ հոնքերն էր իրար ժողովում:
Նախագահել էր երկու ժողովում
Քարտուղարն ինքը, որ պարտշրջկոմից
«Վիլիս» էր նստել ու եկել իսկույն:
-Եթե դու գյուղում քեզ վատ ես զգում,-
Ընկեր Վերդյանն էր դիմել Թորգոմին,-
Ազատենք, գնա ապրիր քաղաքում,
Իսկ սա կոլխո՜զ է, սա գյո՜ւղ է… Մեզ մի
Զեկուցում կարդա դու կոմունիզմից,
Որ մոտենում է, գալիս է, այո՛,
Յոթ մղոնանոց հսկայի քայլով:
Բայց հո դա, եղբա՜յր, չի նշանակում,
Որ գյուղում` դու քեզ զգաս քաղաքում,
Եղածի առաջ աչքերդ փակես
Եվ դիտմամբ, զոռով ներշնչես դու քեզ,
Թե անտաշ քարը խոյակ է, խարիսխ,
Զբոսնող խումբ է հոտը ոչխարի:
Ներեցեք, գուցե կոպիտ եմ ասում,
Բայց «Դոն Կիխոտն» եմ ես այստեղ հիշում…
…«Եվ այդ օրվանից, ախր ո՞ր օրվանից,-
Խորհում էր Թորգոմը, - ես այս օրին հասա»:
Եվ կյանքն էր վիրհիշում այն կավաշեն տանից,
Որտեղ ծնվել, սնվել, առել հասակ,
Վազվզել էր բոբիկ, բերանքսիվայր ընկել,
Փխրուն հողերի մեջ խաղացել էր «տուն-տուն»
Լուսնյակը դարձնելով իրեն զրուցընկեր,
Հարևանի դուստրը` խանում-խաթուն…
Թվում էր, թե ոչինչ չի փոխվի աշխարհում.
Միշտ կճողփա լիճը իր եզրերին,
Դաշտածաղիկի բույրը լեցուն մարագներում
Խայտանք կպատճառի զույգ եզներին,
Կյանքը պարզ կմնա` ինչպես առակներում –
Կովը միշտ կաթ կտա, արտը` գարի,
Տատը միշտ կնստի թել ճախարակելու,
Պապը չի ձանձրանա «խեր ու շառ»-ից,
Եվ նոր տանջված հոգին բերնից պիտի հանի
Խարազանը դաժան հարկահանի…
Ինչքա՜ն հեշտ է լինել վշտին անգետ մանուկ,
Երբ դեռ անգամ չկա փոխան հագիդ…
Հետո կյանքը փոխվեց այնպես հանկարծակի,
Ինչքան աշնան քամուց անտառն է մերկանում…
Սակայն ո՞ւր են նրան այդ հուշերը տանում,
Ի՞նչ գործ ունի հեռվում, ինչի՞ համար…
Դեռ երեսուն թվից այս նույն կոլեկտիվում
Նախագահել է նա ահա այսքան տարի
Եվ շատերի համար օրինակ է եղել,
Գրավել է, շահել միշտ առաջին տեղեր,
Սիրվել շարքայինից, հարգվել ղեկավարից…
Ի՞նչ պատահեց, սակայն, նրան այս մի հարցում…
Ի՜նչ դուրս եկավ, մինչդեռ ինքը ի՜նչ էր կարծում…
Կողքին Մկրտիչն էր, որ չէր նայում նրան
Եվ անհարմար զգում աշակերտի նման,
Որին դրվատում են բոլորի մետ:
Մեղք չէր գործել անշուշտ իր ընկերոջ առաջ,
Բայց մի անմեկնելի, մի մանկական ամոթ
Թույլ չէր տալիս նայել այն Թորգոմին`
Երկար տարիների իր այն բարեկամին,
Որին սիրում էր նա եղբոր նման,
Եվ որ վատ էր զգում, ամաչում է հիմա…
Գուցե բացատրեր այլ կերպ նա Թորգոմին,
Գուցե այլ կերպ խոսեր`նա հասկանա՞ր…
Եվ ժողովից հետո, երբ որ պետք էր գնալ,
Նա վեր կացավ արագ և Թորգոմի
Ներքև հակված գլուխն իր գրկի մեջ առավ.
-Դե՜, դե՜, բա՛րձր պահիր` ինչպես էիր առաջ,
Ոչ ոք դեռ չի տեսել քեզ գլխահակ, Թորգոմ,-
Եվ Մկրտիչը գրկեց ու բոլորի առաջ
Ջերմ համբուրեց նրան գորովանքով…