Վերին օվկիանոս
Ու երկնային ծով
Արդ բաց են իմ դեմ:
Այստեղից այնտեղ
Մեքենայություն ես կարտահանեմ
Ու կըներմուծեմ նոր մեքենաներ:
Ես կարտահանեմ սև միտք ու խավար
Ու կըներմուծեմ նույնչափ... սև խավիար:
Ամենայն սիրով ես կարտահանեմ
Կարճամիտ հավկուր-հավատեսների
Ու ոչխարային լավատեսների
Ե՛վ կույր հավատը,
Ե՛վ հեզությունը՝
Ուժից վեր բեռից միշտ շտապելու
Եվ ոչ թե մեջքից ներքև թափելու
Այդ մարդկայնացած հին իշությունը,
Եվ կըներմուծեմ դրա փոխարեն
Լուրջ բաղդատելու
Ու պաղ դատելու
Հավետ անվըտանգ ա՛յն գժությունը,
Ուր կատաղության նշո՜ւյլ իսկ չկա,
Ու մոլեգնության մի շյո՜ւղ իսկ չկա,
Ուրեմըն՝ չկա չընչի՛ն իսկ առիթ զգուշանալու,
Սակայն -
Չըգիտես, թե ինչի՞ համար -
Լուրջ բաղդատելու
Ու պաղ դատելու
Հավետ անվըտանգ այդ գժությունը
Ենթակա է միշտ... մեկուսացումի,
Եվ այն էլ -
Այն էլ... ո՛չ գժանոցում,
Չէ՛ (երանի չէ՜ր)...
Ես կուզենայի
Եվ առևտըրի մի էժանացում,
Որով ճար լիներ
Այս չար աշխարհի հերը անիծել -
Մի նոր ու խորունկ հավատ ստանալ՝
Դառնորեն կորած հույսերի գնով,
Սառը վաճառել՝
Ու ջերմ ստանալ դրա փոխարեն.
Խառնը վաճառել՝
Ու սերմ ստանալ -
Հատի՜կ-հատի՜կ սերմ.
Եվ ճառ վաճառել՝
Ու ճար ստանալ...
Ես կուզենայի -
Սեփական անձիս ի գործածություն
Պըղտորված ջրում ուռկան գցելու
Քիչ փորձվածություն,
Երբեք չգործած հանցանքիս դիմաց՝
Փոքր-ինչ թողություն,
Եվ հեշտ կապկելո՛ւ
Ու թութակելո՜ւ
Մեծ կարողություն...
Ու ներմուծելով էժանության միտք՝
Կարտահանեի տեղը մտքերի ճոխ էժանություն:
Կարտահանեի և չարդարացվող նոր դաժանություն,
Որ դրա դիմաց ձեզ բավարարեմ
Լայնասըրտությա՛մբ,
Խըղճո՛վ,
Գթությա՛մբ՝
Թեկուզ դա թվա ինչքան հնացած,
Նույնքան միամիտ:
Ե՛ս,
Որ լոկ ունեմ
Կիսով քայքայված մի տընտեսություն՝
Տիեզերական շուկա կըտանեմ
Կարի՛ք,
Հո՛գս առատ,
Պակասություննե՛ր,
Որ տեղն ստանամ
Հոգս ու կարիքի քիչ պակասություն.
Եվ հակասության լուծումի հույսով՝
Ես կարտահանեմ
Կարծիք ու փորձի,
Խոսքի և գործի
Զարմանահրաշ մի հակասություն...
Բայց...
Մինչև անգամ դիցուք վիզայի հարց էլ չլինի -
Եվ դյուրին լինի հա՜ գնալ ու գալ
Տիեզերական փակ սահմաններով,-
Բայց չէ՞ որ մեկ է.
Սատանա՜ն տանի,
Ախար ո՞վ ինձ հետ առևտուր կանի
Խիստ անհավասար այս պայմաններով:
Եվ այս պատճառով
Ես ինձ չեմ զգում ինչ-որ պետություն,
Մնում եմ նորից ես անհատ մի անձ՝
Ինչքան որ անուժ,
Նույնքան էլ միանձն,
Ու դուրս չըգալով՝
Մնալով այստեղ,
Ահա -
անհատո՛ւյց -
Ուղարկում եմ ես Երկրի չորսբոլոր՝
Կախյալ ու անկախ,
Հըսկա և փոքրիկ ամե՛ն պետություն,
Խորունկ սիրելու և չդրժելու մի վարպետություն
Ու հետն էլ -
Ոչ թե իբրև սուտ ռեկլամ,
Այլ մի ակնառու պարզ ցուցադըրում -
Ես սե՜ր եմ ցրում՝
Հորդ ողողելով
Ու հեղեղելով
Համաշխարհային դատարկված շուկան -
Ունիվերմագներ,
Խանութ ու դուքան...
Ինչպես որ շոգից անվերջ բարակող
Առվակի ջուրը բանդից են կապում՝
Ճիշտ այդպես էլ ես
Հիմա բարության
Որքան անվնաս,
Նույնքան վարակող
Մի բացիլային հորդ հոսք եմ թափում
Կեսլի-կեսթափուր
Մարդկային սըրտում,
Հանդում ու արտում,
Օդ-մթնոլորտում:
Եվ ամեն կարգի՝
Բաց ու բերանփակ,
Խորունկ ու տափակ,
Թե՛ մարդկայնության հրում թրծըված,
Թե՛ վառ հնոցից հում-հում վերցըված
Ամե՜ն անոթում
Հիմա տեղում եմ,
Հիմա հեղում եմ,
Նույնիսկ մղում եմ
Խոր մարդկայնությո՜ւն...
Ձեզ իմ հասցե՞ն է գուցե հարկավոր.
Ինչո՞ւ եք քաշվում -
Խընդրե՛մ, ի՜նչ կա որ.
Դա պիտի գըտնի
Զավակը՝
իր մոր,
Թոռը՝
իր տատի,
Սիրահար տղան՝
Սիրածի սըրտում,
Մեծատառ Մարդը՝
Իր նման Մարդու,
Եվ մյուսներդ էլ -
Հեռու եք արդյոք,
Թե մոտ հարևան՝
Խընդրեմ.
Կարող եք հասցեագըրել.
«Այստեղ,
Հողագունդ,
Քաղաք Երևան,
Այն խելառ Մարդուն,
Որ շաղ է տալիս
Սիրո թարմությո՛ւն -
Հավատարմությո՜ւն...»:
11-15.IV,
3-21.V.1959թ.
Մոսկվա