Sevak

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ

6

Հեղափոխության մաքրող ալիքից
Եվ Տիեզերքն է մտովին բերկրում:
 
Բայց դա սկըսվեց նախ այստեղ՝
Երկրո՛ւմ:
 
Թեպետ և վաղուց -
Թղթով ու գրով -
Ճորտատիրական իրավունք չկար,
Բայց Մարդը ճորտ էր -
Եղել էր ու կար:
Ճորտ էր ու գերի
Իր ամեն տեսակ՝
Ամեն օր
Մի նոր
Անուն ստացող
Բոլոր տերերին.
Դրախտ խոստացող,
Բայց դժոխք բացող
Ծըրագրերին.
Սուտ-սուտ խոսքերով
Խաբող ու գերող
Լըրագրերին.
Եվ ա՛յն հրերին,
Որ մուր են տալիս ավելի,
Քան հուր.
Եվ ա՛յն ջրերին,
Որ պապակի տեղ
Մարում են փափագ.
Եվ ա՛յն սերերին...
         սրերի՜ն...
 
         Կարծես
Դեռ այս ամենը քիչ էր ու թերի -
Եվ Մարդը նաև... հողին էր գերի.
Այնպես էր գամված միևնույն վայրին,
Ինչպես Պրոմեթևսն՝ իր քարաժայռին:
 
Եվ փրկությունը վերևից չեկավ՝
Ո՛չ չար աստըծուց,
Ո՛չ բարի դևից:
 
Մա՜րդ,
Փրկությունը վերևի՜ց չեկավ -
 
Ափի՛դ մեջ ծնվեց,
Պոկվեց քո թևի՜ց...

7

Նորի՛ց մարդացած,
Կրկի՛ն գիտակից՝
Մարդը ելնում է այն խուփի տակից,
Որ կոչել է նա երկնային կամար:
Էլ բավակա՜ն է
Որքան պտըտվեց,
Ինչպես բանտվածը՝ իր բանտախցում,
Ինչպես խխունջը՝
Ծածկի տակ խեցու:
 
Էլ բավակա՜ն է:
 
Կեցցե՜ երազի ձևավորումը,
Կեցցե՜ սողունի թևավորումը:
Վե՛րջ ճորտությանը,
Մի մորից ծնված բյուր զավակների
Զուր խորթությանը -
Կորչի՜ երկնային բյուր երկըրների
Հին զատությունը:
Կեցցե՜ ու կեցցե՜ ազատությունը:
Կեցցե՜...

8

Բայց կացեք,
Սպասե՛ք մի պահ,
Թող դադար առնի
Այս հասկանալի գոռում-գոչումը:
 
Որտեղի՞ց հապա,
Ինչի՞ց է գալիս
Անհասկանալի
         այս զգացումը,
Այս զգացումը... խըղճահարության:
 
Ե՛ս,
Որ շատ հաճախ
Ուզել եմ նույնիսկ
Մեր Հողագունդը լինի իսկապես
Փոքրիկ գըլոբուս աշակերտական,
Ու... կոթից բռնած՝
Չոր գետնին խփես,-
Ես
Հիմա,
Հանկարծ,
Հանդեպ աշխարհի
Դառնում եմ ինչ-որ չափից դուրս բարի,
Մոռացած նոպան արդար չարության՝
Լցվում եմ ինչ-որ անհասկանալի խղճահարությամբ:
 
Էլ ուրիշ ինչպե՞ս:
 
Չէ՞ որ այս Երկրում
Եվ այս Երկրի հետ
Ես արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ապրել եմ մեկտեղ,
Մեկտեղ մահացել -
Փոխել միասին
Քանի՜ կերպ ու ձև:
 
Ինչպե՞ս չլինեմ քնքուշ ու բարի,
Թե արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ինչ ունեցել է՝
Նա ինձ է տվել
Եվ տվել այնքան,
Որ հեշտ չէ թվել:
 
Տվել է անտառ
Ու որս է տվել.
Տվել գետ դանդաղ
Ու կոճըղ-նավակ.
Բքի դեմ՝ մորթի,
Շոգի դեմ՝ շվաք,
Եվ մահ է տվել,
Բայց նաև՝ զավակ...
Ինչ ունե՜ր-չունե՜ր՝
Իմ դեմ շաղ տվեց,
Չտես-վայրենուս
Անգամ... ա՜ղ տվեց:
 
Ինչ ունե՜ր-չունե՜ր՝
Ամե՛ն ինչ ուներ,
Ամե՜ն ինչ, բացի
Կրակ ու բոցից:
Բայց երբ կրակը՝
Շանթի տեսք առած,
Երկընքից թռած
Ու երկրին թառած,
Մեկ՝ ցըցվեց պոչին,
Մեկ սողաց-սահեց,-
Անզեն Երկիրը,
Դարձյա՛լ ինձ համար,
Իրեն վառելով
Ու սպառելով՝
Կրակը պահեց:
 
Կրակը պահե՜ց -
Եվ ձեռ ու ոտին ահեղ կրակի
Ես անմիջապես դրեցի շղթա,
Որ ինձ չթողնի ու Երկինք չերթա:
 
Եվ լի օր չէր դա,
Այլ վառ Կիրակի՜ - 
Դեռևըս չեղած,
         միա՛կ,
         առաջի՛ն՝
Նախապատկերը Տեառընդառաջի...
 
Հետո,
Շա՜տ հետո,
Դար-դանդաղ հերթով,
Եկավ շո՛ւն, կատո՛ւ,
Ձի եկավ ու ե՛զ...
Սակայն առաջին վայրի կենդանին,
Որ բռնել եմ ես,
Դարձըրել եմ հեզ
Եվ անվանել եմ նրան «ընտանի»,
Հենց կրակն ի՜նքն էր,
Որ ինձ չի բաշխել ժլատ Երկինքը,
Այլ նույն Երկիրն է պարգևել:

9

         Ու ես
Լքո՞ւմ եմ նրան -
Իմ օրորո՛ցը,
Եվ իմ մահի՛ճը,
Եվ իմ շիրի՛մը...
 
Ու թվում է, թե իմ մտերիմը,
Իմ քանի՜ տարվա հավատարիմը
Իր բևեռների ձնհալով
Ահա՛
Լուռ լաց է լինում
Եվ ասում կամաց.
-...Լքո՞ւմ ես հիմա:
 
 
Ու ես,
Որ հաճախ նրա նկատմամբ
Լցված եմ եղել արդար չարությամբ,
Հիմա - ո՜վ զարմանք - նրան եմ նայում
Անհասկանալի խղճահարությամբ:
 
Ծով գորովանքի 
Ու սիրո խոսքեր շըրթներիս վրա՝
Շոյել եմ ուզում
Սանըր չտեսած գլուխը նրա,
Շոյել ու ասել.
-Մի՛ լար,
Իմ անգի՜ն,
Լսո՞ւմ ես,
Իմ սե՛ր.
Ո՛վ էլ քեզ լքի՝
Ես չե՜մ լքելու,
Ո՛վ էլ ինձ ձգի՝
Զո՜ւր է ձգելու -
Թո՛ղ որ մեծ լինի հմայքն օտարի,
Օտարի կամքը ես չե՜մ կատարի -
Դարձյա՛լ կմընամ քեզ հավատարիմ...

10

Բայց բևեռների վարար ձնհալով
Համրաձայն լալով՝
Կարծես ակամա
Ասում է կամաց.
-...Լքո՞ւմ ես հիմա:
 
Չե՛մ լքի ես քեզ,
Չեմ լքի ցմա՛հ:
 
Ե՛վ իմ կինն ես դու՝
Տանտիրուհին ես,
Ե՛վ հավատարիմ իմ սիրուհին ես:
 
Ճիշտ է,
Որ քեզ հետ ես չամուսնացա -
Ամուսնացըրի՜ն,
Եվ ա՛յն ժամանակ,
Երբ ես տակավին չէի հասկացել,
Թե ինչ է կյանքը,
Թե որն է սերըս -
Ձևի համար էլ ոչ ոք չըդիմեց
Ու չըհարցըրեց անգամ իմ կամքը.
-«Որդյակ իմ, տե՞ր ես»:
 
Չըհարցըրեցի՛ն:
Բայց ես հասկացա,
Որ եթե հետո խուլ լինես ու կույր,
Դառնաս կոնդ ու թույլ՝
Քեզ,
Ինչպես որ կաս,
Պիտի ընդունեմ -
Է՛լ քեզ լքելու իրավունք չունեմ,
Պիտի ծերանանք մեկտեղ՝
Մի բարձի:
Եվ իրո՛ք.
Քանի՜ սավան փոխեցինք -
Երկրաբանական դարաշրջաննե՜ր...
 
Սավա՛ն փոխեցինք,
Բայց աստված չաներ,
Որ փոխվեր բա՜րձը:
 
Բարձը չփոխվե՛ց:
Lilas