Հիմա դու տեսնում ես, իմ սիրելի՛,
Թե մեզ ո՜ւր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա՛ծ սերը,
Դու չուշացա՜ծ իմ սեր:
Դատափետում եմ քեզ
Ու խստորեն դատում
Նրա՛ համար, որ դու
«Ընտանիք ես քանդում»:
Բախտի ի՜նչ չար կատակ
Եվ ի՜նչ ծաղր է հիմար,
Դո՛ւ, որ հենց ծնվել ես ընտանիքի համար,
Սուրբ օջախի՛,
Սիրո քո տանիքի՛ համար,
«Ընտանի՜ք ես քանդում»...
Եվ դու պարտավոր ես փրկե՞լ մի ընտանիք,
Որ շա՜տ վաղուց արդեն կործանվել է ինքը.
Հանուն կործանվածի կործանումի մատնել
Ուրի՞շ մի ընտանիք:
Ու՞ր է այստեղ խիղճը,
Դատողությո՛ւնն ուր է,
Ո՞ւր է աոողջ միտքը.
Հանուն փլված մի տան՝
Մեկ այլ տանիք քանդել,
Եվ ինչպիսի՜ տանիք...
Եվ մի՞թե քեզ դատող,
Դատափետող մարդիկ չեն իմանում,
Որ դու... հեղո՜ւկ չես դու,
Որ քո ձևը փոխես այն ամանում,
Որտեղ որ քեզ կածեն...
Մի՞թե մինչև հիմա ոմանք չեն հասկացել.
Դու կենդանի՛ մարդ ես,
Ամենամա՜րդ մարդը,
Սիրո՜ղ մարդը,
Քեզ չի կարող ձև տալ ամեն կուժ ու կուլա,
Եվ որ չորստառանի «մարդ» կոչվածը կյանքում
Շա՜տ ավելի բարդ է,
Քան թե հազարաբառ, թեկուզ սրբագործված, մի ֆորմուլա...
Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Երբ դու շա՛տ լավ գիտես.
Բոլո՜ր օրենքները նրա՛ համար են լոկ,
Որ պաշտպանեն կյանքում մարդկայի՛նը,
Մարդո՜ւն,
Եվ որ բոլոր տեսակ օրենքներից բացի
Կա մի օրենք ևըս - և շա՜տ խելոք.
Բոլոր օրենքների ո՛չ թե տառն են կարդում,
Այլ էությո՜ւնը լոկ...
Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Ինչպե՞ս չասես, որ քեզ
Պետք է սուրբ ընտանի՜ք,
Բայց ո՛չ ընտանիքի ծաղրանկար,
Պետք է օջա՜խ մաքուր,
Սիրո գողտրիկ տանի՜ք,
Ուր չի կարող լինել ոչ մի կարիք
Խաղալ «լավ ընտանիք».
Մի հա՛րկ,
Ուր հա՜րկ չկա
Խաղալ, թե «սրա պես լավ հարկ չկա՜».
Մի հա՛րկ,
Ուր իսկապես չկա կեղտի նշույլ,
Եվ ո՛չ երբեք մի հարկ
Որտեղ մութ անկյուն են կեղտը քշում՝
Հանուն ըն-տա-նե-կա՜ն սուրբ մաքր-րու-թյա՜ն...
Ա՛խ, չէ՜.
Քո մեծ սրտով
Դու սովոր չես նման մի փոքրության...
Ու ցավում է հիմա մեր վիրավոր հոգին,
Նա ցավում է հիմա՝ ատամի՛ պես:
Մենք և՛ երջանիկ ենք,
Ե՛վ պատըժված հիմա,
Դու՝ Եվայի՛ նման,
Իսկ ես՝ Ադամի՜ պես:
Ա՛խ, ցավում է հոգիդ նրա՛ համար,
Որ աստըծո գործած հին սխալից հետո,
Եվ քանի՜ դար հետո,
Այս անաստված մարդիկ նաև հիմա
Մեր նկատմամբ, կյա՛նքըս, նույն սխալն են գործում՝
Մեզ պատժում են... գտած երջանկությա՜ն համար:
Թո՛ղ որ դրախտ պետք չէ.
Մենք մեր ձեոքերով ենք այն ստեղծել փորձում։
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Պնդել, որ դու ընդմիշտ նույն դժոխքո՛ւմ մնաս։
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Մի նոր դժոխք սարքել և՛ ինձ, և՛ քեզ համար,
Նույնպես վարվել նաև քո մանկան հոր՝
Մեզնից ոչ պակաս դժբախտի հետ...
Ա՛խ, ի՜նչ հեշտ է
Խաղալ մարդկանց խեղճ բախտի հետ...