ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

***

Մի ամի՞ս է, թե՞ մի տարի,
         թե՞ մի դար
Այն օրվանից, ինչ այս դռնից
         չմտար,
Շեմքին կանգնած` այդ ի՞նչ բառ էր
         ասացիր:
Մոռացել եմ - մի ամի՜ս չէ,
         այլ մի դա՛ր:


***

Թե ինձ այրեց
         արտասուքը,
Ինչի՞ս է պետք
         էլ քո շուքը:
Մարդ է մեռնում 
         քո երեսից,
Ինչի՞ս է քո
         սև ու սուգը...


***

Ո՞ւր ես` չկաս,
Չէ՞ որ կայիր...
Ա՜խ, թե մեկ էլ
Մի օր գայիր
Ու ժպտայի՜ր
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայի՜ր...


***

Տաքն ի՞նչ իմանա,
Թե պաղը ինչ է:
Վե՛րքը կիմանա,
Թե աղը ինչ է:
Նա՛, ով շատերին
Կսկիծ է տվել,
Ինչպե՞ս իմանա,
Թե դաղը ինչ է:


***

Մեր տունը մեկ չէ,
Մեր հալը մեկ է,
Գնալը` տարբեր,
Բայց գալը մեկ է:
Թող որ ծիծաղով
Տարբերվենք մեկ-մեկ,
Ի՜նչ տարբերություն -
Մեր լալը մեկ է:


***

Իր մասին, հայտնի բան է,
Փորձանքը լուր չի տալիս:
Դու եկար ճիշտ որ այդպես,
Բա այդպես հյո՞ւր են գալիս:
Դու եկար և ամե՜ն ինչ
Արեցիր տակնուվրա:
Ես հիմա ինչպե՞ս ասեմ,
Թե` փորձա՛նք, զո՜ւր ես գալիս:


***

         Ի՞նչ անենք, 
Թե առուն բարակել է,
         Բայց չէ՞ որ
Նա մի օր ոռոգել է,
         Բայց չէ՞ որ 
Ավերված այս դաշտերը
         Նա մի օր`
Մեռնելով` նորոգել է:


***

Ես այնպես հեշտ էի տարվում,
Ես այնպես հեշտ էի վառվում,-
Իմ թելած ասեղի վրա
Հուլունքի պես էին շարվում:
Եվ հանկարծ... ես` վաղո՜ւց հանգած,
Վառվեցի և ի՞նչ - քո սառցից...
Հե՜յ գիտի. ծովերից անցա
Ու հանկարծ... խեղդվեցի առվում:


***

Գիտե՞ս, սիրելի՛ս,
Ո՛վ է անխելքը,
Եվ անբուժելի`
Ո՛ր խոցն ու վերքը.
-Երբ ո՛չ թե կտրում, 
Այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն 
Հարվածող ձեռքը:


***

Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
         չի առնվի քո իրանը:
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
         Հաֆեզների պերճ Իրանը:
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է -
         ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի:
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
         ինքս եմ տալիս ինձ երանի:


Սկիզբ  < 4 5 6 7 8 9 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз