Ձմեռային նվազ արեգակը կրկին
Շողն իր դարձըրել է ճոպանուղի մի շեղ,
Որով ճամփորդում է անվախ փոշին միայն
Վաղո՜ւց չմաքրված իմ սենյակում:
Ցավի պտտահողմից կյանքիս ամբողջ փոշին
Բարձրացել է տեղից ու աչքերըս խցել,
Եվ իմ արցունքները դրանից են գուցե...
Ու վերստին ես ինձ դուրս եմ գցում փողոց:
Քաղաքային նեղլիկ ամեն պատշգամբում,
Ինչպես նորատեսակ տապկոցի մեջ,
Ձյունն է հիմա եռում մարմա՜նդ-մարմա՜նդ՝
Արձակելով բարակ գոլ գոլորշի:
Իսկ շեղ կտուրներից ու քիվերից, հանկարծ,
Ձյան կույտեր են երբեմն այնպե՛ս փռվում գետնին,
Ասես հարբա՜ծ լինեն՝
Արեգակի՛ց հարբած...
Ես աչքերիս խորքում կասկածներս եմ ճմռում
Իմ բարեկամ ձեռքի պարզ օգնությամբ,
Ու բութ կոշկաքթով կտրատում եմ կրկին
Խուճուճ հանգույցները փողոցների:
Հավատ չընծայելով իր իսկ խոսքին ճոռոմ՝
Կեղծ-դասական մի հողմ հավատի՜ց է ճառում,
Խոսում սրբությունի՜ց,
Հավերժական սիրո՜ւց:
Իսկ ես... իսկ ես, կարծես երազի մեջ,
Ինձ զգում եմ ինչ-որ վանքի գավթում՝
Լեցուն խեղվածներով ու մուրացողներով,
Եվ չմեկնած ձեռքիս ափում դատարկ
Եթե մինչև անգամ տասնոց դնեն,
Ես - փորձե՜լ եմ արդեն - չե՛մ գոհանա.
-Ես քո կոպեկների՜ կարիքն ունեմ:
Բայց ես աշխարհ չեկա, որ «գթացե՜ք» նվամ,
Ես ծնվել եմ, որ գութ ու բարություն ցրեմ...
Եվ ինքնասեր-հպարտ ջղե՞րս են ինձ ցնցում,
Թե՞ քամին է սարսում ամեն վայրկյան՝
Էլեկտրական ուրույն հոսանքի պես:
Մութը սոսնձվում է հոգուս և աչքերիս:
Լարի վրա թառած ագռավը սև
Հանկարծ - ինձ տեսնելո՞ւց - ճչում է խռպաձայն.
-Դեմքըս, հավանաբար, ահավոր է սաստիկ:
Ու խեթ նայելով ինձ՝
Շունն էլ է գռմռում,
Քաղաքայի՜ն շունը, որ չի հիշում նույնիսկ,
Թե մինչև դա մեկ էլ ե՞րբ է հաչել:
Ու երբ տուն եմ մտնում ու հայելուն նայում,
Հասկանում եմ շա՛նն էլ, ագռավի՛ն էլ.
-Քո երեկվա սերն է լուսավորում դեռ ինձ,
Բայց և մեր բաժանման շուքն է ընկել վրաս,
Եվ զգում եմ ես ինձ ա՛յն վիճակում ծանըր,
Որ և պատահում է արեգակին նույնիսկ
Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում:
Եթե խավարում է՝ թող որ լրի՜վ լինի
Եվ ո՛չ թե մասնակի:
Թող մթընդի այնպե՜ս,
Որ երևան երկնի բոլո՛ր աստղերն անգամ.
Ամեն մեկը՝ մի կին,
Ամեն մեկը՝ աղջիկ,
Որոնց ես շա՜տ վաղուց չեմ նկատում՝
Քո խաբուսիկ սիրո ցոլանքի մեջ:
Թող խավարում լինի լրի՛վ-լրի՛վ-լրի՜վ...
Ու ես լույսն եմ վառում իմ սենյակի,
Միացնում եմ նաև երգասփյուռն էլ իսկույն,
Որ…տառերը սերտեմ նո՛ր մի սիրո,
Օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր-օտա՜ր սիրո..
20.III.1961թ.