Sevak

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ

Մենք հանդիպեցինք... 
Եվ ի՜նչ կատարվեց, հասկացա՞ր արդյոք. 
Կարծես թե կյանքը հանկարծ լվացվեց՝ 
Անվերջ խաղալուց կեղտի մեջ կորած մանուկի նման: 
Օդը, որ կարծես գորշ մշուշով էր կեղևակալված, 
Կեղևաթափվեց՝ 
Տեսքով անձրևի, 
Ձյան կերպարանքով, 
Եվ... օդի համը զգացինք կրկին. 
Այնպես է համե՜ղ - առարկայացա՛ծ,
Որ... չե՞ս կամենում ուտե՛լ պարզապես...
 
Մենք հադիպեցինք... 
Եվ ի՜նչ կատարվեց, արդյոք հասկացա՞ր. 
Հարազատության ա՛յն զգացումին, 
Որ կյանքն էր ջոկ-ջոկ երկուսիս տվել, 
Քնքշանք խառնըվեց կրկնակի՛ չափով, 
Որից ստացվեց մի... սե՜ր անվախճան, 
Ինչպես անվախճան ջուրն է ստացվում, 
Երբ ջրածինն է կրկնակի չափով մարսում թթվածին... 
 
Մենք հանդիպեցինք... 
Եվ - ահավասիկ այսպե՛ս - տապալվեց 
Բանաստեղծության պարիսպը խարխուլ. 
Գիտությունները սիրով լուծվեցին աչքերում քո թաց, 
Ոտներըդ իրենց դրոշմը դրին պատմության դեմքին, 
Շարժումը ձեռքիդ օդի ձևերը քանդեց ու սարքեց՝ 
Հարստացնելով երկրաչափությունն ա՛յն օրենքներով, 
Որ սպասում են իրենց երջանիկ հետազոտողին... 
Մենք հանդիպեցինք... 
Եվ խոր քուն մտան «բայց»-երը բոլոր, 
Որ խնդությունը զարթնելով հանկարծ՝ 
Ընդոստ վե՜ր ցատկի 
Եվ պտտահողմի ահարկո՛ւ տեսքով 
Աշխատի մի կերպ շաղափել - ծակել 
Բոլո՜ր շերտերը կարծըր երկնքի, 
Եվ երկրի վրա, շաղափված անցքից, 
Գլխիվայր կախվի խենթ ուրախության ցայտուն շատրվա՜ն, 
Որին բացվել կա՛ և... չկա՜ փակվել... 
 
Մենք հանդիպեցինք... 
Եվ հանդիպեցինք 
Շատ սովորակա՜ն - հասարա՜կ ձևով, 
Որ հրաշքները իրե՛նք էլ դառնան 
Շատ սովորակա՜ն - հասարա՛կ բաներ...
Դիլիջան
18.III.1964թ.

ՆՅԱՐԴԻ ԹՐԹԻՌԸ

Նորից են զանգում
(Ո՜րերորդ անգամ),
Զանգում են... գարնան դեսպանատնից.
Օտարսիրային անձնագիր են ինձ նրանք խոստանում։
Իզո՜ւր։
Չե՛մ գնա։
 
Ինձ՝
Քո աչքերի մութ ուղեծիրով թռած ու դարձած
Հին ու բազմափորձ աստղագնացիս,
Խաբելը բնավ այնքան էլ հեշտ չէ,
Որքան թվում է։
Ես տառապալից իմ փորձից գիտեմ,
Որ խաբուսիկ են օտար սերերը՝
Աստղերի նման.
Մեծ ու շողշողուն թվացողներն ավելի փոքր են
Ու հաճախ անլույս,
Քան փոքրիկները,
Որ իրականում հսկայական են...
 
Դու՝ փոքրի՛կ ու մե՜ծ,
Ինչպես իմ ու քո այս հայրենիքը,
Դու ինքնավստահ ժպիտով լսիր
Օտարսիրային այդ դեսպանատան
Բոլո՜ր զանգերը.
Թող զանգեն այնքա՛ն,
Մինչև որ հոգնեն։
Իսկ դու քայլ արա ու նստիր կողքիս
Այս սենյակ կոչված անեզրության մեջ,
Որտեղ բյուրավոր մումիաներ մանրիկ,
Որոնք հայտնի են փոշի անունով,
Անմահացել են
Ա՛յն բազմակերպար գրքերի վրա,
Որ իրենց դեմքով դարձած են դեպի պատը.
Կարծես թե
Պատժել են (ինչո՞ւ) երեխայի պես...
 
Եվ բավական չէ՞ ինձ նայես այսպես՝
Երեխայի պես պլշած հայացքով։
Չե՞ս զգում արդյոք,
Որ ապստամբած քո ձևերի տակ
Մենակությունն է ճխլել ինքն իրեն,
Հաճույքն է կտրել մազե կապերը իր զույգ թևերի
Ու կամենում է
Մտնել-գրավել մեր մարմինների դատարկ տեղերը,
Մեր ամբողջությունն ասես դարձնելով նյարդի մի կտոր՝
Կենտ աչքի ներքո մի ամենատես խոշորացույցի։
Եվ այդ մի կտոր նյարդի թրթիռը
Անցնում է հիմա... ո՜ղջ տիեզերքով...
 
Իսկ, նայի՛ր, դրսում
Մութն իրեն վրա նոր շերտ է քսում։
Լույսը մի՛ վառիր.
Բացված ծնկներիդ լուսամփոփային ճերմակությունն էլ
Մեզ համար շա՜տ է։
Ի՞նչ, հեռախոսն է զանգում։ Ամո՛թ քեզ,
Որ դեռ կարող ես լսել զանգի ձայն։
Խլացի՛ր։ Չքվե՛նք։
Նյարդի թրթիռը
Թո՛ղ կտրի անցնի անեզրությունը
Ու ետ գա կրկին.
Խոշորացույցի կենտ աչքը նրան մի՜շտ սպասում է...
Դիլիջան
22.III.1964թ.

ՏԱՔՍԻՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ

Երբ լուսաբացն է լրտեսում ապակիները մեր խավար,
Ու կիսամութն է խուզարկում անկյունները մեր տների,
Դու երևի արթնանում ես՝
Արևի հետ:
 
Մեգն է մեկնում արձակուրդի:
Հավաքարար քամու ձեռքով
Ավելվում է գիշերային երազների կտորտանքը:
Ժամանում է օրը՝ իբրև վերաքննիչ:
Տարագրված տագնապներն են վերադառնում
Ու ծեծում են արդարության փակ դռները...
 
Իսկ դու ձեր փակ դռան ետև
Ի՜նչ իմանամ ի՞նչ ես անում:
Դու երևի նախ և առաջ լվացվում ես, 
Որ... թարմանա ողջ աշխարհը...
Հետո մազերդ ես հարդարում,հավանաբար,
Որ շփումից քո մազերի ու քո սանրի
Առաջանա էլեկտրական հոսանք մի մեղմ,
Եվ դրանից... բոլոր մարդիկ զգան սարսուռ
Ու հաճելի փշաքաղվեն ամբողջ մաշկով...
Հետո գուցե սուրճ ես խմում,
Քո աչքերի՛ գույնն ունեցող
Ու նու՛յնքան էլ այրող տաք սուրճ,
Որ աշխարհի երակներով անվերջ շրջի
Հոտը սրճի...
Հետո արդեն փոխում ես դու զգեստը քո
Ու դուրս ելնում,
Որ... երբ անցնի ամբողջ մի դար,
Դարավերջին
Ինձ հանդիպես տաքսիների հանգրվանում
Եվ աչքերիդ անմե՜ղ-անմե՜ղ մեղմեղանքով
Ուշանալուդ համար, շիկնա՛ծ, չքմեղանաս՝
Շշնջալով՝ «չնեղանա՜ս»:
 
Չե՛մ նեղանում:
Քշի՜ր, վարո՛րդ:
Ու՞ր:
Չգիտե՛մ:
Քշի՜ր, վարո՛րդ:
Արեգակը՝
Շնիկի՞ պես, թե՞ բալիկի,
Տանից ելել և ինչ-որ տեղ մոլորվել է:
Գնանք գտնենք ու ետ բերենք:
Քշի՜ր, վարո՛րդ...
Դիլիջան
23.III.1964թ.

ՀԱՍԱՐԱԿ ՊԱՀԱՆՋ

Իմ ուզա՜ծը...
 
Իմ ուզածը կարծում եք թե շատ մեծ բա՞ն է։
Ես չե՛մ հայցում երջանկություն,
Չէ՛.
Տանջում է ինձ հասարա՜կ մի ցանկություն՝
Պա՛րզ տեսնելու,
Պա՛րզ տեսնելու ցանկությունը։
 
Ա՜խ, տրվե՛ր ինձ պարզ տեսնելու
Կարողությունն աստվածային...
Եվ ո՛չ միայն խավարի մեջ պարզ տեսնելու,
Այլ մինչև իսկ կրքի պահին
Պա՜րզ տեսնելու ա՛յն ստվերը,
Որ հինավուրց արևային ժամացույցի սլաքի պես
Պիտի նշի ժամանակը մեր հոգեկան՝
Այնշտայնին հաստատելով կամ հերքելով։
Պա՜րզ տեսնելու, ինչպես մե՛ր իսկ,
Այդպես նաև Երկրագնդի ընդերքներում
Մեր ու նրա ա՛յն մարմանջը,
Անանցնելի ա՛յն հին քորը,
Եվ ա՛յն եռքը անտանելի,
Որ տանջում է մեզ ու նրան,
Տանջում սաստի՜կ՝
Ստիպելով անվերջ քսվել ու քսմսվել
Մեր սեփական առաստաղին
Ու երբեմն էլ նու՛յնիսկ ծակել առաստաղը...
Պա՛րզ տեսնելու
Հրահեղուկ այդ մարմաջը-եռքը-քորը,
Ինչպես որ մենք տեսնում ենք պարզ
Խլուրդների խուլ խլիրտը
Ա՛յն խաղալիք - բլուրների ծանոթ տեսքով,
Որ վերև են մղում սրանք հողի տակից...
 
Բայց ո՞վ կտա ինձ այսքան բան՝ մե՛կ կոպեկով:
Չէ՜, տալիս եմ
Մի հասարա՜կ բանի համար՝
Իմ բովանդա՛կ կարողությունն ու կայքը ես
Պա՛րզ տեսնելու գեթ այն բանուկ ճանապարհը,
Որով քայլում ենք բոլորըս՝
Չիմանալով, թե մինչև ո՞ւր,
Ինչի՞ համար
Եվ արդյոք ի՞նչ նպատակով...
 
Պատասխանիր ինձ գոնե դո՛ւ, ի՜մ սիրելի.
Պա՞րզ է արդյոք գեթ մեր սիրո ճանապարհը։
Ու՞ր ենք գնում։
Ու՞ր կհասնենք։
Արժի՞ գնալ։
 
Դու լսու՞մ ես.
Ծտերն ասես ո՛չ թե երգում,
Այլ ... «ի՞նչ... ի՞նչ» են ճչում անվերջ
Եվ դրանով պատառոտում երկնի մովը,
Իսկ լորերն էլ ո՛չ թե երգում,
Այլ «չէ՛... չէ՛»-ի իրենց մեխն են մխում անվերջ
Այդ կապույտի պատռվածքում։
 
Ես նրանցից որի՞ն լսեմ։
Ի՛նձ չես խղճում՝ խղճա նրա՛նց.
Պատասխանի՜ր...
Դիլիջան
19.III.1964թ.

ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ

Պատահում է և... շա՛տ հաճախ,
Մարդ մտովին կրակում է իրեն վրա՝
Հստակ ջրի կամ հայելու,
Ինչ-որ մեկի աչքերի մեջ արտացոլված իր պատկերին,
Եվ տեղն ու տեղն սպանվում է:
Բայց մնում է նրա երկրորդ օրինակը՝
Ինքն է մնում - մնում ենք մենք։
 
Եվ ինքներըս առանց ողբի մեզ թաղելով՝
Սկսում ենք ապրել նորից
Նախ՝ բուսական-կենդանական,
Իսկ բյուրավոր դարեր հետո՝
Նաև մարդու կյանքով ծանր ու դժվարին։
Եվ տևում է այս ամենը
Անծայրածիր մի պահ գուցե,
Գուցե շաբաթ մի անսահման
Կամ թերևըս մի կարճ տարի...
 
Տե՜ր իմ աստված, դու լա՛վ գիտես,
Թե ես քանի՜-քանի՜ անգամ
Այս սրախիճ - տատասկապատ ճանապարհը
Կրկընել եմ ոտաբոբիկ։
Եվ հոգնե՛լ եմ,
Շա՜տ եմ հոգնել
Թե՛ ինքըս ինձ սպանելուց,
Թե՛, առավել, վերապրելուց...
Եվ կարիք կա՞,
Որ ես նորից նու՛յնը փորձեմ՝
Այս անգամ էլ ինքս ինձ վրա կրակելով
Ա՛յս աղջըկա աչքերի մեջ։
 
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
Փակի՛ր աչքերդ, սիրելի՜ս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ... ավիրեմ քո՛ աչքերը...
 
Փակի՜ր աչքերըդ, սիրելի՛ս...
Դիլիջան
20.III.1964թ.

Lilas