Sevak

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

ԱՐԳԵԼԱՆՈՑ

Երկու նռնակ` կրծքիդ վրա...
Երանի՜ թե նրանց պայթյունն ինձ սպաներ
Անտառի մեջ`
Փասյանների ներկայությամբ,
Կամ սենյակում`
Վարագույրի վկայությամբ...
 
Ու երկու աչք` հոնքերիդ տակ.
Պատերազմի երկու հրձի՜գ...
Ե՛կ, գրավի՜ր, միացրու քե՛զ.
Ես մի ամբողջ տիրություն եմ անտիրական,
Որ վաղուց է զգում կարիք
Քեզ պես վայրագ ու բարբարոս տիրակալի...
 
Ու երկու ոտք` նազանքիդ տակ.
Մկրատ մի նուրբ, որ կոպտորեն
Կտրատում է թելն ըղձանքիս,
Ինչպես լույսի էլեկտրական լարն են հատում,
Եվ խավարը անհուսության
Ինձ է ներսից շրջապատում...
 
Եվ զույգ ականջ`
Ցորենագույն գանգուր մսե
Սևամազե գանգուրիդ տակ անթափանցիկ...
Եվ զո՜ւր մի կանչ.
Դու չե՛ս լսում,
Որովհետև... մտքիս մեջ եմ հետըդ խոսում,
Որովհետև մինչև անգամ... ծանո՜թ չեմ քեզ...
 
Ու թերևս դու կի՛ն էլ չես,
Այլ գուցե մի... արգելանո՜ց,
Ուր հասնում են նռնե՜ր վայրի,
Ուր փասյաններն են զբաղվում հրձիգությա՛մբ,
Ուր հրազեն չի արձակում ո՜չ մի որսորդ...
 
Արգելանո՜ց... արգելանո՜ց:
Ես հասկացա՛,
Բայց... ոտքե՜րըս չեն հասկանում
Եվ, ինքնաշարժ կարկինի պես,
Բնա՜վ կամքըդ չհարցնելով`
Հետևում են դեռևս քեզ
Եվ չափում ա՛յն,
Ինչ կոչվում է «անմատչելի»
Ու ձգվում է
Իմ հիացքից մինչև անծիր հմայքը քո,-
Մի անսահմա՜ն տարածություն,
Որ թերևըս հաղթահարվեր,
Թե աստղային օրացույցով մենք ապրեինք
Կամ թերևըս չլինեինք այսքա՜ն... այսքա՜ն... օրինապահ:
Երևան
26.XI.1963թ.

ՄԻԱՄՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԸ

Բոլորակի մեջ հայելիների,
Հայելիների քառակուսու մեջ
Տանջում են նրանք իրենց վարսե՛րը,
Դե՛մքը, հագուստի փոթ ու դարսե՛րը,-
Ամե՜ն ինչ անում, որ նայե՛նք իրենց,
Իսկ երբ նայում ենք` չեն նայում, դիտմա՛մբ:
 
Իրենց են տանջում
Ու... մեզ են տանջում:
 
Չե՜ն նայում, դիտմա՜մբ, ու քայլում այնպե՛ս,
Վճռել են կարծես իրենց թովչանքով
Եվ իրենց անհաս - անմատույցությամբ
Ցողել փողոցը,
Պողոտան ջրել,
Իսկ մեզ էլ վառել երաշտով հրե:
 
Չե՛ն նայում, դիտմա՜մբ:
Կրկին քայլում են:
Եվ եթե նրանց զիստերն են դողում,
Մեր էլ` սրտերը:
 
Քայլում են կրկին:
Եվ արեգակը ուրիշ ո՛չ մի տեղ
Իր ազդեցությունն այնքան չի զգում,
Որքան որ նրանց դեմքերի վրա.
Նույնիսկ արևի փութանցիկ խաղից
Երանգ են տալիս ու առնում երանգ:
Եվ նրանց խոսուն մաշկին նայելով`
Փշաքաղվում է մաշկը մեր այնպես,
Ինչպես զգայուն լճակը` քամուց:
 
Յուրաքանչյուրը յուրովի նազում,
Օրո՜ր-շորորո՜ւմ, քայլում է կրկին,
Իրեն նայողին չի՛ նայում, դիտմա՜մբ,
Եվ մեզ մտքի մեջ համարում գուցե
Այնքա՜ն միամիտ, անգե՛տ ու անփո՛րձ,
Որ հավատում է, թե մենք չգիտենք
Իր պահվածքն ուրիշ` ինչ-որ ծառի տակ, 
Ինչ-որ անկյունում, ինչ-որ սենյակում,
Ինչ-որ մեզ նման մի ինչ-որի հետ,
Որին տիրում է - անձնատուր լինում,
Որին հաղթում է և հաղթվում որից,
Որպեսզի... կյանքը նորի՛ց ու նորի՜ց
Հաղթանակ տանի`
Բարուն հակվելով
Եվ, ընդդեմ մահվան, շարունակվելով...
 
Եվ մի՞թե չարժե,
Եվ չարժե՞ արդյոք,
Որ կյանքի հավերժ հաղթության համար
Նրանք հավիտյան մե՛զ տանջեն այսպես
Եվ... իրե՛նց տանջեն:
Երևան
17.II.1964թ.

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԹՈՐԻԿ

Գեղեցիկ չէր, ես էլ գերված-տարված չէի:
Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց:
Ո՛չ ես, ո՛չ էլ ինքը սիրահարված չէինք,
Ո՛չ էլ խոսում էինք հիմար սիրուց:
Հետո... ինչպես եղավ... ու տաքացա՛վ գինին,
Ու տաքացավ խո՛սքը, ու... տաքացա՜վ:
Ինչքան խմեցի ես` ասաց «անո՜ւշ լինի»,
Ինչքա՛ն խմեցի ես` այնքան գեղեցկացա՛վ,
Այնքա՜ն գեղեցկացավ, որ չեմ հիշում հիմա,
Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման...
 
Հետո , երբ դուրս ելանք ,թվաց , թե նա
Շրջազգե՛ստ չի հագել, այլ` փոթորի՜կ:
Հետո... փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ ,
Հետո... փոթորիկն այդ փոխանցեցի նրան`
Իմ մատների միջով - միջոցով իր թևի:
Հետո... փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց,
Թավալգլոր տարավ չգիտեմ ուր,
Բանալիով ջարդեց ինչ-որ մի դուռ,
Եվ քանի որ արդեն հոգնած էր շատ`
Փոթորիկը պառկեց մահճակալին,
Հսկա՜ փոթորիկը նեղլի՛կ մահճակալին,
Որպեսզի մի փոքըր հանգստանա...
 
Հանգստացավ, երբ որ... առավոտն էր բացվում...
 
Հիմա, կանգնած այդ նույն մահճակալի դիմաց,
Փոթորկի հետքերն եմ զննում ու տնտըղում
Ո՛չ անկողնու վրա, այլ իմ ներսո՜ւմ: Հիմա
Մինչև ծունկըս խրված ինքըս իմ մեջ`
Ինչպես ծառը հողում,
Ես ճոճվում եմ տեղում:
Մեջըս սկսում են արմատ ձգել
Եվ ծառայի՛ն մտքեր, ծառի՛ մտքեր:
Ու ես ծառի նման չեմ կարենում լքել
Այն տեղն, ուր տնկված եմ:
Հիմա ինչպե՞ս պոկեմ,
Ինչպե՞ս ինքըս պոկեմ ինձ ինձանից
Ու վեր կենամ գնամ.
Քայլող ծառի՞ նման... 
Չանախչի
30, 31.X.1965թ.

ԳՏՆՎԱԾ ՄԻԱՎՈՐԸ

Ասացի` ի՞մն ես:
Ասացիր` քո՛նն եմ:
Ու լուռ ենք հիմա...
Իմ մազերն ես դու մատներով սանրում
(Թե՞ ակամայից ուզում ես նաև
Կարդալ ծերության այբուբենը պարզ`
Արդեն ճերմակող մազերն իմ գլխի):
 
Ու լուռ ենք դարձյալ...
Ես քեզ մտքիս մեջ փո՛րձ եմ պարտք տալիս,
Իսկ դու, կարո՞ղ ես, ժամանա՜կ փոխ տուր,
Որպեսզի կյանքը` փորձարարն այս մեծ,
Նորի՛ց հաստատի
Նո՛ր օրինակով,
Որ կյանքում հաճախ այնպես է լինում,
Երբ սիրողները դեռ ողջ են - առողջ,
Իսկ սերը նրանց դառնում է լեգե՜նդ
Եվ... ապրում կյանքով հազարապատիկ...
 
Մենք լռում ենք դեռ...
Իսկ դրսում, - մի պահ, խնդրո՜ւմ եմ, լսի՛ր,-
Թռչուններ են ինչ-որ`
Յուրաքանչյուրը մի-մի լարովի խաղալիք ասես,
Նույն երգն են երգում` լարաթափվելով,
Վերալարվելով` նո՛ւյնը նորերգում
Ու նորերգելով կարծես թե հերքում
Քամուն այս մաղձոտ`
Սկեպտիկոսին այս վաղնջական,
Որ փնթփնթում է` «ամե՜ն ինչ կանցնի»,
Ու «կանցնի», իբըր, լոկ ա՛յն պատճառով,
Որ 1 x 1 հավասար է 1 և ոչ թե 2...
 
Ի՜նչ լավ է, որ քեզ
Հասկանալի չէ բարբառը քամու.
Դու ամենամե՜ծ հավատացյալն ես աշխարհում հիմա:
Ու ես էլ ահա հավատափոխվում - դարձի եմ գալիս,
Լցվում քո լեցո՜ւն-լեցո՜ւն հավատքով:
 
Ի՜նչ լավ է, որ դու
Ընդամենը քեզ կոչում ես «քո՜նն եմ»
Ու չե՛ս հասկանում,
Որ ընդամենը «ի՜մըս» չես միայն,
Այլ նա՛և...
 
Նաև միավո՜ր է պետք:
Միավո՜ր է պետք`
Երջանկությունից կամ թուլությունից մշտապես ծնվող
Գլխապտույտի զերոյի՜ համար,
Զերոյանման մեր գլխի՛ համար,
Զերոյանման մեր սրտի՛ համար,
Եվ զերոյացող ա՛յն կյանքի համար,
Որ ինքն իրեն է ճարմանդած պահում:
 
Միավո՜ր է պետք:
Միավո՜ր է պետք
Ա՛յն հսկայական զերոյի համար,
Որ... Երկրագունդն է գծում պտույտով...
 
Իսկ դու,- ի՜նչ լավ է,-
Քեզ ընդամենը կոչում ես «քո՛նն եմ»
Ու դեռ,- ի՜նչ լավ է,- չե՛ս էլ կռահում,
Որ ընդամենը «իմըս» չես միայն,
Այլ ինքդ ես նաև այդ... Միավո՜րը:
Երևան
29.XI.1964թ.

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԵՏ

Իսկ ինձանից
Ինչո՞ւ ես դու այսպես քաշվում և ամաչում:
Ին՜չ է, մենք նո՞ր ծանոթացանք,
Իրար դեռ լավ չե՞նք ճանաչում:
Բայց, ամաչկո՜տ իմ սիրելի, ես քեզ գիտեմ
Ու սիրում եմ առնվազն մի 40
Կամ... 4000 կարճլիկ տարի:
Դու ինչպե՞ս ես դա մոռանում
Ու քեզ պահում այնպես քաշված և ամոթխած,
Կարծես նոր ենք ծանոթացել
Ու դեռ կարգին չենք ճանաչում մեկըս մեկին:
 
Չէ՜, սիրելի՛ս,
Մենք նորասեր զույգ չենք, բնա՛վ:
Սիրո քայլող հուշարձա՜ն ենք`
Վաղնջակա՛ն և հինավո՛ւրց:
Ես քեզ անգիր ու գոց գիտեմ` կրակի՜ պես,
Ա՛յն կրակի,
Որ ստվերով մեզ նկարեց քարանձավի պատի վրա
Եվ բոցեղեն իր տագնապով ճիշտ թարգմանեց
Քո խլի՛րտը,
Իմ խայտա՛նքը,
Իրարատենչ մարմինների մեր փոխադարձ ընդգրկո՛ւմը,
Որից դիցեր և աստվածներ ծնունդ առան`
Մեր մեծացած մանուկների ծանոթ տեսքով...
 
Եվ դարերը մենք կարող ենք հաշվել այնպես,
Ինչպես մանկան ատամները`
Գորովանքով մի կաթոգին...
Մեր սիրո մեջ ձմեռում են առասպելներ,
Ասքեր նիրհող,
Որ մեր ամեն մի հպումից 
Արթնանում են հանգստացած,
Դրանից էլ հին աշխարհն է միշտ նորանում
Յուրաքանչյուր նո՛ր սիրո հետ`
Մե՛ր սիրո հետ:
Եվ նոր սիրով հին աշխարհի նորացումն է
Մինչև անգամ կրկնությունը քո ամոթխած շարժուձևի,
Այս քո երկչոտ տատամսումը,
Անգիտակից այս քո վախը,
Առանց որոնց սկի՛զբ չկա, սկի՛զբ, սկի՜զբ...
 
Իսկ սիրո մեջ ամե՛ն սկիզբը միշտ տարբեր է.
Վերջն է նույնը:
Վերջն է նման:
Սակայն մե՜զ ինչ վերջը սիրո:
Վերջի մասին թող մտածի վերջացողը:
Մերն սկիզբն է:
Եվ ուզում եմ, որ սկիզբը լինի այնպես,
Ինչպես (հիշի՜ր) ա՛յն ժամանակ,
Երբ կրակը մեզ նկարեց իր ստվերով
Քարանձավի խոնավ պատին
Ու բոցեղեն իր տագնապով ճիշտ ու ճկուն կերպավորեց
Քո սարսո՜ւռը,
Իմ թրթի՜ռը,
Իրարատենչ մարմինների մեր փոխադարձ ճարակո՜ւմը,
Որով կյանքի կրակը միշտ մնաց անշեջ`
Ծխանման տառապանքով
Եվ բոցաձև երջանկությամբ:
 
Իսկ աշխարհում
Երջանկությունն ավելի է տարողունակ,
Քան տանջանքը,
Թե չէ սողուն ժամանակը այսպես արագ չէր սլանա`
Երջանկության ժամը վայրկյան դարձընելով...
Ուրեմն արի մենք իրարից զուր չամաչենք`
Շատ չծխանք,
Որ սերն ազատ շարունակվի, իբրև զուտ բոց,
Իբրև սնունդ մերատիպար աստվածների....
 
Ա՛յն, ինչ կյանքում մոռացվում է, միշտ չէ, գիտե՛մ,
Որ իսկապես արժանի է մոռացության:
Բայց մոռացի՛ր քո վարանքը,
Քո ամաչկոտ շարժուձևը,
Որովհետև մերպեսների համար, գիտե՞ս,
Ամաչելն է արդեն ամոթ:
 
Բացվի՛ր:
Բացվե՜նք:
Եվ մոռանանք,
Որ մենք նոր ենք ծանոթացել:
 
Բացվի՛ր:
Բացվե՜նք.
Որ արթնանա
Մեր հոգու մեջ դարեր նիրհող
Մտերմությունն ամենահաղթ,
Եվ մենք`
Բռնած իրար ձեռքից,
Ե՜տ ճամփորդենք` հեքիաթի պես` դեպի այնտեղ,
Որտեղ էինք մի 40 կամ... 4000 տարի առաջ,
Եվ այնտեղից նո՛ր սկսենք
Ճանապարհը մեր նո՛ր սիրո.
Վերադառնանք մենք... դեպի մեզ,
Մենք... դեպի մեզ...
Դիլիջան
16.III.1964թ.

Lilas