Sevak

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

ԻՐԻԿՆԱՄՈՒՏ

Իր արդուզարդից օրը մերկացավ ՝
Խափշիկուհու պես,
Ու մնաց այնպես, ինչպես կար` սևո՜ւկ։
Աստղերը վերում`
Շնիկների պես,
Պպզեցին կրկին։
Ցրտեց։
Լույսերը հետո՛ կվառվեն։
 
Օրվա այս պահին
Մեղք է զբաղվել որևէ գործով։
Մեղք է մինչև իսկ շոյել ու սիրել։
 
Թո՛ղ զսպանակված ու ամենամուտ լռությունը գա,
Ու նրա շնչից`
Թոքերի նման դանդա՜ղ ուռչելով`
Ամանեղենը թո՛ղ խոհանոցում ինքն իրեն զնգա,
Իսկ քարանձավում մեր ականջների 
Թո՛ղ չղջիկի պես ձայները քնեն,
Եվ աստվածները զարթնեն մեր հոգում`
Մեզ հաշտեցնելով ցրտին ու մթին...
 
Ի՛նչ լավ է, որ դու
Չես ապրել սիրո արվարձաններում
Եվ միայն նրա կենտրոնը գիտես:
 
Ի՜նչ լավ է, որ քո 
Նորաձևորեն դիզված մազերում
Ունես հնաբույր բարության հետքեր`
Թելեր սպիտակ։
Ի՜նչ լավ է, որ դու լռում ես կողքիս`
Անտառաբնակ աքիսի նման,
Իսկ քո տամկացած աչքերում հիմա
Թառում են ահա փոքրիկ փասյաններ...
Ափսո՜ս... ուրեմըն` լույսերն են վառվում։
Երևան
26.XI.1963թ.

ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Եվ պե՞տք է արդյոք
Քեզ միշտ ունենալ իմ կողքին: Ինչո՞ւ:
...Ու ես ծխում եմ,
Որ ծխի տեսքով
Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձնից,
Ջանամ գոհանալ իմ ունեցածով,
Որ շա՜տ է այնքան:
Մի՞թե, տե՜ր աստված, շատ չէ իսկապես:
 
Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ:
Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Կարկատանները մեր ծվատ հոգու...
Ես չե՛մ կամենում, որ իմ պատրանքը փոխվի պատանքի
Եվ հետո, ծվա՜տ, կախվի աշխարհի կեռերից փշոտ:
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև... անհնարինը`
Ա՛յն գոհությունը,
Ում չի՜ հանդուրժում մեր գոյությունը:
Ուրեմն ի՞նչ անել,
Ինչպե՞ս սիրել քեզ - սիրվել քեզանից և...
...Էլ չուզենալ
Ոչի՜նչ ավելի.
Սեփական իղձը, դավաճանի պես, 
Գամել չորս մեխով,
Սեփական ցավին
Չորստապակ մեղր քսել ու կլլել`
Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես,
Սեփական մտքից
Կտրել ուղղանկյուն մի քառակուսի
Ու վրան գրել սեփական արյամբ.
«Եղա՜ծն էլ շատ է»,
Գրել ու մեխել սեփական ափին,
Եվ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ`
Դասը չիմացող աշակերտի պես...
Դիլիջան
11.III.1964թ.

ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Սիրո կապանքի և տառապանքի
Հարցերն են անվերջ պատասխան փնտրում,
Եվ բառերն իրար ձգում են կրկին,
Ինչպես ողնաշարն` իր իսկ ողերը,
Եվ... ստացվում է
Ահավո՛ր խոսքի ահավո՜ր կմախք.
-«Այսպես ապրելը անկարելի է»...
Դիլիջան
12.III.1964թ.

ՀՊԱՏԱԿԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Ասում են, թե մի բան կա լոկ,
Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում`
Գիտությունը տառապանքի...
 
Ու կսկիծն է տիրակալի հովեր առնում:
 
Ա՜խ, տե՛ր Կսկիծ, հարկավոր չէ՜,
Բավակա՜ն է, տե՛ր, ողորմյա՜:
Այս դժվարին գիտության մեջ 
Հմտացել եմ ես շա՛տ վաղուց:
 
Ու չլիներ թե ինքնածին բարությունըս,
Կարող էի ի՜նքս դառնալ
Ուսուցչապետն ա՛յն գիտության,
Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում:
Ա՜խ, տե՛ր Կսկիծ,
Այսքանն արդեն բավակա՜ն է,
Է՛լ ավելին հարկավոր չէ՜, տե՛ր, ողորմյա՜...
Չե՜մ ուրանում.
Ես քո նախկին ու մշտական հպատակն եմ:
Ուրեմն այլևս ինչի՞ համար 
Ուժը փորձել հպատակի հլու մեջքին:
Ինչի համա՜ր, տե՛ր, ողորմյա՜...
Եվ չափազանց զգո՜ւյշ եմ ես,
Նույնիսկ վախկո՛տ.
Անջատումից եմ վախենում,
Երկյուղում եմ տվայտանքից չվտարվող,
Կարոտի սև արյունումից եմ սարսափում...
Ա՜խ, տե՛ր Կսկիծ,
Քո բարձունքից ամենազոր
Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ.
-Դժվա՜ր բան է մարդ լինելը,
Դժվար է, տե՛ր:
Ամբողջ կյանքում 
Ես եղել եմ ազնիվ, ինչպես... խաղալիքը:
Ուրեմն ին՞ձ էլ պետք է ջարդել 
Խաղալիքի նման: Ինչո՞ւ:
Հարկավոր չէ՛, տե՛ր, ողորմյա՛...
 
Չէ՞ որ նույնիսկ ավերվելուց հետո
Վանքը վանք է կոչվում
Եվ կամուրջը` կամուրջ կրկին:
Ուրեմն ինչո՞ւ զուր ուժ փորձել:
Չէ՞ որ, տե՛ր իմ, փորձը մեկի
Մյուսի համար շատ հաճախ է փորձանք դառնում:
Հարկավոր չէ՜, տե՛ր, ողորմյա՜...
 
Կրկի՞ն ասեմ,
Որ չափազա՜նց զգույշ եմ ես,
Նույնիսկ վախկո՜տ:
Վախենում եմ
Մինչև անգամ... հայելու մեջ ինձ նայելուց.
Կարեկցանքից վատթար բան է միշտ հարուցում
Իմ... ժպիտը:
Ա՜խ, տե՛ր Կսկիծ,
Քո բարձունքից ամենազոր
Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ.
-Անտանելի՜ - ահե՛ղ բան է,
Երբ խղճում է մարդ ինքն իրեն:
Առավել քան բավական է հենց այսքանը,
Իսկ ավելին հարկավոր չէ՜,
Տե՛ր, ողորմյա՜...
 
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
Երբ կսկիծն է դառնում արդեն անտանելի,
Ասում են, թե մոտենում է նրա վերջը.
Զո՛ւր են ասում:
Սո՛ւտ են ասում:
Ճի՜շտ կասեին,
Եթե իրո՛ք մենք անձնապես 
Ու մեն-մենակ սովորեինք
Գիտությունը տառապանքի:
Բայց մենք, կարծեմ, միասի՛ն ենք այդ սովորում
Մի վիթխարի լսարանում,
Որտեղ... սերն է դասախոսում... մնջախաղով`
Խուլ-համրերի համար կարծես:
 
Եվ չի՛ օգնի «տեր ողորմյա»-ն:
Մնում է, որ դու ի՛նձ սիրես,
Ես քե՛զ սիրեմ,
Մենք թե՛ իրար, թե մեզ սիրենք`
Ընդդեմ այս խուլ տառապանքի,
Կույր կսկիծի,
Համըր ցավի.
Սիրենք իրար... հավիտենից հավիտյա՜նըս,
Եվ թող նույնիսկ չգտնվի գոնե մե՛կը,
Որ բարությամբ «ամե՜ն» ասի:
 
Ո՛չ «ողորմյա»,
Ո՛չ էլ «ամեն»:
Բավակա՜ն է:
Հարկավո՛ր չէ...
Դիլիջան
14.III.1964թ.

ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ

Անցնում էիր: 
Ողջ երեկոն քոնն էր կարծես, 
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: 
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` 
Ես կասեի, 
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` 
Քո հագուստի փեշի նման: 
Սակայն կարճ էր հագուստը քո: 
Եվ երեկոն 
Ամփոփվում էր քո ծնկների ծալերի մեջ` 
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո... 
 
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ 
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: 
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ 
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես, 
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես... 
 
Եվ արթնացավ մեջըս հանկարծ 
Ինքնաձաղկման և ամոթի 
Տարօրինակ մի ցանկություն. 
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն,
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով` 
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով, 
Այլ մի տտի՛պ,
Հաճախ դա՛ռըն, 
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել` 
Բարկանալու և դատելու աստիճանի, 
Չարանալու և ատելու աստիճանի, 
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի 
Հիացմունքի՜ն: 
Հոգով-սրտո՜վ ներողություն... 
 
Այսուհետև, ինձ հավատա՛, 
Է՜լ չպիտի ես խառնըվեմ ո՛չ իմ գործին. 
Է՜լ չպիտի այսուհետև 
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ: 
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո 
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե 
Սապատվել է իմ շալակին: 
Թող հնչի նա՛: 
Եվ անցիր դո՛ւ: 
 
Միայն թե դու... «մե՜ քիչ կա՛մաց գնա, գո՛զալ», 
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի 
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված, 
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր, 
Եվ քեզ թաքուն ունենալուց 
Ջղերը մեր քիչ խաղաղվեն, 
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման, 
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես...
Երևան
26.XI.1963թ.

Lilas