Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ԵՍ ԼՈԿ ՀԻՄԱ

Դու ասում ես, թե սառել եմ, 
Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես վառել եմ 
Ու հիմա էլ... մթան մեջ եմ ես խարխափում։ 
Իսկ ես կասեմ. ես քայլել եմ, 
Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ, 
Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում։ 
 
Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,
Ո՛չ մի երգով կամ ակնարկով.
Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել, 
Երկու հարկով բարձր եմ ապրել, 
Ցած եմ իջել երկու հարկով, 
Իջել-ելել, սակայն երբեք չեմ խարխափել։ 
 
Թե երբևէ խարխափել եմ՝ 
Խարխափում եմ ես լոկ հիմա, 
Թե երբևէ սարսափել եմ՝ 
Սարսափում եմ ես լոկ հիմա,
Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝ 
Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս, 
Միայն հիմա՛, երբ զգո՛ւմ եմ, 
Հասկանո՛ւմ եմ ու սարսափո՜ւմ, 
Թե առանց քեզ, իմ կորա՜ծըս, 
Այս աշխարհի ինչն է պակաս...
Մոսկվա
25.X.1955թ.

ՏԱՆ ԵՐԱԶԸ

Ես աչքերըս փակում ու տեսնում եմ հստակ՝
Մեր երազանքն արդեն կերպարանք է առել. 
Խանդոտ բարդիների արթուն հսկումի տակ 
Սարավանդի վրա մեր տնակն է թառել։ 
Աղյուսից է շինված, միայն հիմքն է քարից,
Կտրին կանաչ խոտեր՝ հողածածկ է վերից. 
Պատերն ազնըվորեն այնպես շիտակ,
Սովորական փայտե ներկված հատակ. 
Ո՛չ շատրվան ցայտող, ո՛չ ավազան մարմար, 
Ո՛չ կամարներ շքեղ ու պայտաձև։ 
Խոյակավոր սյունե՞ր։ Սակայն ինչի՞ համար, 
Եթե պատշգամբ կա մի պայտաձև, 
Որ լուռ գոգ է տվել սաղարթի տակ, 
Եթե, երակի պես, շենքի ճակատն ի վեր 
Տարածվել է, փռվել մի պատատուկ,
Ու դեղձին է տվել կանաչ շիվեր... 
 
Իսկ տան չորս կողմ՝ այգի, միշտ էլ ցողոտ-շաղոտ, 
Ածուների թմբով շրջանակված մարգեր, 
Շրջանակված՝ ինչպես մի նոր սրբապատկեր, 
Որ կարիք էլ չունի ու չի կորզում աղոթք,-
Քո հպումն են նրանք լոկ փափագում, 
Քո հպումը, անգի՛ն։
                                    Եվ դու հաճախ,
Երբ արևը նոր է սարից ծագում, 
Բրդե շալը ուսիդ, ոտքիդ մուճակ,
Տարածելով չորս կողմ մի հողաբույր ժպիտ,
Այցելում ես սիրով ամեն թփի.
Մոտենում ես զգույշ,
Անհունորեն քնքուշ
Ձեռք ես տալիս, կարծես բարևում ես հերթով. 
Կոր ցողունին մեկի՝ խաչափայտ ես տնկում, 
Հիանում ես մեկի փարթամ ծաղկաթերթով, 
Մեկի արմատները փխրում բրչով փայտի, 
Իսկ այն մեկի մասին - հասունության առթիվ - 
Շոյիչ մի խոսք ասում... 
 
Այգու մյուս մասում 
Ձեռքիս արծաթ բահով այսօր նորից 
Հորդ անձրևի բերած տիղմ ու քարից 
Այն առուն եմ մաքրում, որ մանկաբար 
Վախենալով դիպչել հանկարծ պատին՝ 
Սիրով ընկերանում ցանկապատին 
Ու բակ է ներս խուժում ափալ-թափալ... 
 
Բակ եմ մտնում ես էլ։
                                        Այգու ցողով շաղված,
Փոքր-ինչ հոգնած արդեն՝ բազկաթոռում թաղված, 
Տանու շորըդ հագած, ոտքիդ մաշիկ՝ 
Դու սպասում ես ինձ... նախաճաշի...
 
*
Դու հարցնում ես հաճախ.
                                        «Ո՞նց ես տանում,
Անգո՛ւթ, ո՞նց ես ապրում ինձնից բաժան,
Ո՞նց է, որ ինձ նման չես խենթանում,
Ո՞նց է, որ չես գժվում անլուր տառապանքից»:
 
Մի մոռացիր, որ իմ և քո կյանքում դաժան
Եվ երազ կա,- այսպե՜ս,- բացի անհույս կյանքից...
Երևան
22.VIII.1948թ.

ԾԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ես կուզեի հիմա լինել ծեր ու տկար,
Ապավինած միայն անցյալների հուշին,
Լինել ապրա՛ծ, անցա՛ծ, որ սիրտս այսպես չզգար
Ոչ սեփական զարկը, ոչ՝ ուրիշի:
 
Լինել լո՜ւռ ու պարտված,
Արդեն հաղթա՛ծ դավին,
Հուզումներից պարպված
Եվ անկարող ցավին,
Եվ ուշացած սիրուց ու կարոտից դաժան,
Հիշել - ու հասկանալ, զգալ գոնե այնժամ,
Որ դժվա՜ր չէր այսպես,
Անհնա՜ր չէր այսպես 
Ապրել առանց իրար և իրարից բաժան... 
Չանախչի
30.VII.1946թ.

ԴՈՒ ԵԿԱՐ

Իր մասին, հայտնի բան է,
Փորձանքը լուր չի տալիս:
Դու եկար ճիշտ որ այդպես,
Բա այդպես հյո՞ւր են գալիս:
Դու եկար և ամե՜ն ինչ
Արեցիր տակնուվրա:
Ես հիմա ինչպե՞ս ասեմ,
Թե՝ փորձա՛նք, զո՜ւր ես գալիս: 
Մոսկվա
17.III.1956թ.

ԹԵ ՏԽՐՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔՈՒՄ

Թե տխրում եմ կյանքում՝ քեզ համար է միայն,
Քո կարոտից են դեռ կոպերն իմ թրթըռում,
Դու՝ երեկվա՜ իմ սեր, դու հեռավո՜ր իմ այն,
Որ գալիս ես հաճախ, ճերմակ թղթին թառում:
 
Քո թանկ անվան համար դեռ շրթներս են դողում,
Ու շրշյունը շորիդ հետևում է դեռ ինձ,
Եվ իմ ասվա՜ծ-չասվա՜ծ յուրաքանչյուր տողում
Մի ալիք է մնում քո տաք շշուկներից:
 
Բախտի նման՝ հեռվից դու իշխում ես վրաս,
Բախտի նման՝ գտած ու զուր ձեռքից գցած,
Գուցե արդեն գտած ուրիշ բախտ ու երազ,
Ուրիշի հետ գուցե նույնիսկ երջանկացած...
 
Ու տխրում եմ եթե՝ քեզ համա՞ր չէ միթե:
Ախ, թե ծամո՜վ-համո՜վ նույն աղջիկը մնար,
Որ խելքահան ժպտալ, բայց և շիկնել գիտեր,
Որ աղջի՛կ էր այնպես, այնպես կի՛ն չէր, բնա՜վ:
 
Այն աղջիկը մնար, որ ինձ երգեր տվեց,
Եվ նույն առո՛ւն մնար, և նույն գարո՛ւնն անբիծ,
Երբ մեր հանդիպումը այնքա՜ն երկար տևեց,
Որ հորդ անձրև տեղաց գարնանային ամպից:
 
Տեղաց վարար անձրև, երկինքն ասես փլվեց,- 
Դու հիշո՞ւմ ես արդյոք, իմ հեռավո՛ր, իմ լա՛վ,-
Հանկարծ, մեր աչքի դեմ, առուն... խելագարվեց՝
Առուն կորցրեց իրեն - հին ափերից ելավ:
 
...Առուն խելագարվեց՝ ափից ելավ առուն -
Ուրի՜շ ափեր գտավ քո հունն իրեն համար...
Թե քար տխրությունն է իմ աչքերին թառում,
Թե թախծում եմ հաճախ՝ միայն դրա՜ համար: 
Երևան Մոսկվա
06.I.1947թ 13-14.III.1956թ.

Lilas