Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԻՆՉՊԵ՞Ս ՉԶԱՐՄԱՆԱՍ

Բախտ էր մեզ համար՝ խաղալ ջրերում
Ու երջանկություն՝ ցեխոտել իրար,
Թեպետև տանը մեզ չէին ներում
Մեր այդ մանկական հաճույքի համար:
 
Ճիշտ է, մենք իրար ցեխոտում էինք
Եվ դրա համար ծեծ էինք ուտում:
Բայց նրանք ինչպե՞ս, ո՞նց չգիտեին,
Որ մեր շորն էինք միայն ցեխոտում:
 
Հետո, հիշո՜ւմ ես, մաքո՜ւր շապկի տակ
Պղտորվեց զուլալ մանկական հոգին՝
Աղարտվեց մեր հին երազը հստակ,
Չկշտամբեցին սակայն ոչ մեկիս... 
Երևան Նավչալու
06.V.1946թ. 21.VII.1953թ.

ՉԵՄ ՈՒՇԱՑԵԼ

Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն,
Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին.
 
Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել,
Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել:
 
Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին
Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜.
 
Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել,
Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև:
 
Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ,
Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան.
 
Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ
Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին:
 
Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից,
Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ:
 
Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից,
Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից:
 
Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում,
Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում... 
Մոսկվա
24.XII.1953թ.

ԵԿ ՀՊԱՐՏ ՄՆԱՆՔ

Մեզ վիճակվեց - և մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝ 
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:
 
Ու վիճակվեց... ապրել մեկըս մեկից բաժան,
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ...
 
Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ...
 
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա -
 
Եթե վիճակվել է... չվիճակվել իրար... 
 
Չանախչի
15.VIII.1956թ.

ԿԱՄ ՀԵՌԱՑԻՐ, ԿԱՄ ԱՐԻ

Ի՜նչ ես տանջում. կամ թո՛ւյլ եղիր,
            կամ արի՛-
Կամ հեռացի՛ր, ընդմիշտ գնա՜,
            կամ արի՛:
Թե չէ՝ այդպես դու նման ես
            չփլված,
Բայց ուր որ է գլխիս թափվող
            կամարի։
Մոսկվա
22.IV.1956թ.

ԽԱԲԿԱՆՔ

Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է,
Գիշերվա մութ շունչն է խստանում:
Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես
Եվ վայելք ու սեր ես խոստանում:
 
Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես
(Ուզում ես, որ նստենք մթան մեջ),
Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես,
Տիրաբար շրջում ես իմ տան մեջ:
 
Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը
(Չմրսես գիշերվա պաղ հովում):
Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը
Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում...
 
Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն,
Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե,
Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ,
Եվ ես էլ... չեմ մեռնում առանց քեզ: 
[1948թ.]

Lilas