Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ՄԵՐ ԼՈՒՅՍԵՐԸ

Մաքսիմ Տանկին
Ես չեմ տեսել Մինսկը քո, ինչպես դու՝ իմ Երևանը,
Բայց մեզ նման՝ նրանք նույնպես մերձ ու մոտիկ հարևան են:
 
Ես չգիտեմ՝ իմ հայկական տուֆ քարից չէ՞ քո տունն արդյոք,
Բայց իմ տունը կառուցված է բելոռուսյան շինափայտով:
 
Մեր գինին չէ՞ ձեզ խինդ բերում իրիկնային գինարբուքում,
Մեզ քո երկրի դուստրը չքնաղ, հաճախ նա՛ է մատըռվակում:
 
Նո՛ւյն երազը մարմնավորվող, նո՛ւյն առօրյան, ավյունը նո՛ւյն,
Նո՛ւյն անբաժան ճանապարհն է մեզ դեպի լույս հեռուն տանում:
 
Իսկ լույսե՜րը... Ինչ փույթ՝ մեկը իր ծնունդը գետից առել,
Իսկ մյուսը՝ մեր Սևանի պաղ կոհակն է կրակ դառել:
 
Մեր լույսե՜րը, կրակնե՜րը... Ամբողջ գիշեր նրանք անքուն
Հեռվից իրար ձայն են տալիս, իրար անխոս արձագանքում:
 
Իսկ մեր երգը նույն լույսը չէ՞, որ խոսքեր է միայն հագել...
Ու ես երգով, լույսերի պես, ուզում եմ քեզ արձագանքել:
 
Լույսերի պես թող մեր երգն էլ ապրի այն լուրթ հեռաստանում,
Ուր այս ահեղ ու մեծ դարի ճանապարհներն են մեզ տանում:
 
Այնտեղ արդեն ո՛չ միայն մենք, մեր Մինսկն ու Երևանը,
Այնտեղ արդեն ո՜ղջ աշխարհը ո՜ղջ աշխարհի հարևանն է: 
 
[1951թ.]

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ի՜նչ փույթ, թե մեզ դպրոցական նստարանից
Կյանքը նետեց մահասարսուռ ռազմաճակատ,
Կյանքը պոկեց մեզ մեր գրքի՛ց, մորի՛ց, տանի՛ց՝
Խոստովանանքը մեր սիրո թողած կիսատ:
 
Ի՜նչ փույթ, թե մենք մահն ապրեցինք այն ժամանակ,
Երբ նոր միայն հասնում էինք դեռ արբունքի:
Ի՜նչ փույթ նաև, որ այդպես շուտ՝ անժամանա՜կ
Ճերմակ թելեր երևացին մեր թուխ քունքին:
 
Եվ ի՜նչ փույթ, թե յուրաքանչյուրը մեզանից
Իր անունով-ազգանունով չի հիշվելու,-
Ի՜նչ փույթ, թե մեզ իրարից չեն զանազանի
Սերունդները իրենց կյանքում և հուշերում...
 
Մենք լա՛վ գիտենք առաջնեկի կյանքը տան մեջ:
Իսկ մենք չէ՞ որ առաջնեկն ենք նոր պատմության...
Մենք հինավուրց այս աշխարհը այնպե՛ս մտանք,
Որ կորչենք էլ՝ մի՜շտ կմնանք պատմության մեջ... 
Երևան
13.II.1951թ.

ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ

Այս պահերին աշխարհում
Ես հարուստ եմ բոլորի՜ց:
Ես բարի եմ մանկան պես
Այս պահերին աշխարհում:
Այս պահերին թվում է՝
Փակ դուռ չկա ինձ համար -
Ուր էլ գնամ՝ կընդունեն,
Եվ չեն մերժի՝ ինչ ուզեմ:
Այս պահերին թվում է,
Որ հողագունդը համայն
Ես կարող եմ մի խոսքով
Լաց լինելու չափ հուզել.
Ես կարող եմ մի խոսքով
Թախծոտ մորը սփոփել,
Իմ մի խոսքով կարող է
Սիրտը սիրով տրոփել.
Իմ մի խոսքով կարող է
Գնալ զինվորը մարտի,
Իմ մի խոսքը կարող է
Մարդ դարձընել տմարդին:
Ես կարող եմ ձեռք բերել
Իմ մի հատիկ մի խոսքով,
Ինձ չեն կարող ձեռք բերել
Ո՛չ արյունով, ո՛չ ոսկով,
Ո՛չ հրդեհով, որ տներ
Ու քաղաքներ է վառում...
 
Ես զորեղ եմ ամենքից
Այս պահերին աշխարհում...
[1955թ.]

Նորից երգում, մորմոքում է

Նորից երգում, մորմոքում է
Աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը...
Ամենամե՛ծ դու նահատակ,
Ամենահա՜յր, ամենահա՜յ,
Գինու կարասն՝ ուրիշներին,
Մեզ հերիք է քո մի թասը... 
Մոսկվա
18.III.1956թ.

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Գարնան բուրմունքը հիմա
Սար ու ձորերն է բռնել:
-Ինչ-որ բան ես ցանկանում,
Թե ինչ՝ չես էլ հասկանում
Ու չես կարող ըմբռնել:
Կարծես բացել են դռներ,
Ներս առնել չեն ցանկանում:
 
Գարունն իր պաղ ու տաքուկ
Շունչն է օդում տարածել:
-Ինչ-որ ձայն է քեզ կանչում,
Ձա՛յն, որ դու չես ճանաչում
Ու չես կարող ճանաչել...
Գուցե հենց այդ են կոչել
Անմեկնելի զգացում... 
Նավչալու
13.VII.1953թ.

Lilas