Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԱՌԱՆՑ ԽՈՍՔԵՐԻ

Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա
Մոտենում ձեր տան հայելուն շքեղ,
Անծանոթ, օտար մի կնոջ նման
Դիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:
 
Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջ
Ձեռքով մղելով ականջիդ ետև,
Մարմարե վիզըդ ափերով շփում
Ու ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:
 
Հարդարում ես դու հագուստըդ այրող,
Որ գրկում է քեզ սիրահարի պես:
Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,
Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:
 
Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-
Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:
 
Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում...
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:
 
Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին 
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում... 
1946թ.

ՍԻՐՏ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՆՈՐԻՑ ԽՌՈՎԵԼ

Սի՛րտ իմ, ինչո՞ւ ես նորից խռովել,
Իզուր ինձ ու քեզ ինչո՞ւ ես տանջում.
Ի՞նչ ես կամեցել, որ քեզ չեմ տվել,
Ի՞նչ ես պահանջում:
 
Ա՜խ, խռովում ես դու այդպես հաճախ,
Բայց համր լեզուդ ես չեմ հասկանում,
Սի՛րտ իմ, երեխա՜ քմահաճ ու չար,
Անլեզո՜ւ մանուկ...
 
Երևան
16.II.1947թ.

ՎԱՂՎԱ ԽՆՋՈՒՅՔՈՒՄ

Վաղը խնջույք է լինելու, ու կլինենք մենք միասին։ 
Ոմանք՝ գինով, իսկ ես կարբեմ քո հայացքով պղտոր ու մառ. 
Մինչ իմ հոգին, լի գավի պես, լուռ կերազի լոկ քո մասին՝ 
Լի գավերը կդատարկվեն հազար ու մի կենաց համար։ 
 
Ու խենթորեն երգեր կասեն՝ երգեր սիրո - դրժման մասին, 
Կմիանան - կբաժանվեն պարազույգերն՝ իբր ապացույց։ 
Հազար մաղթանք բաժին կընկնի յուրաքանչյուր կենաց թասին, 
Հազար մաղթանք նրա՜նց համար, ինձ՝ լռություն մի անպաճույճ։ 
 
Հազար նայվածք նրա՛նց համար քո աչքերից մութ ու գերիչ, 
Քո ձեռքերից հազար ալիք մեղմ կշոյի սրան-նրան, 
Եվ միայն մի պատահական մոլորված շող քո աչքերից 
Կիջնի, բայց չի հանգրվանի իմ դառնացած դեմքի վրա։ 
 
Քեզ կշոյեն ոմանք ձեռքով, ոմանք ժպտով ու հայացքով,
Ոմանց համար կին կլինես, այլոց համար՝ աստվածուհի. 
Քեզ կդիմեն, կբարբաջեն թլվատ լեզվով՝ գինու խոսքով, 
Իսկ ես... հեռո՜ւ ինձ կպահեմ այդ խոսքերից ասված ու հին։ 
 
Եվ այն պահին, երբ թանկագին քո կենացը հանկարծ զնգա, 
Ու ոսկեզօծ մաղթանքները արծաթ գավով հորդեն տնից, 
Դու այդ արբշիռ աղմուկի մեջ չես նկատի ու չես զգա, 
Որ սրտիս մեջ լեցուն մի գավ ճայթեց... զսպված լռությունից։ 
 
Բայց նստած եմ ես դեռ մենակ (չէ՞ որ վաղն ենք խնջույք անում), 
Դեռ առանց քեզ և - առանց քեզ՝ քեզ ավելի մերձ ու մոտիկ, 
Քան թե վաղը, երբ քո կողքին՝ ես ինձ կզգամ օտարոտի, 
Ինչպես երգն այս, որ երբ գրվեց՝ քեզ պես այլոց է պատկանում, 
Մինչդեռ իմն էր, երբ սրտիս մեջ ճիչ էր ցավի և կարոտի...
Երևան
29.XII.1946թ.

ԳԻՏԵ՞Ս, ՍԻՐԵԼԻՍ...

Գիտե՞ս, սիրելի՛ս, 
Ո՛վ է անխելքը, 
Եվ անբուժելի՝ 
Ո՛ր խոցն ու վերքը. 
-Երբ ո՛չ թե կտրում, 
Այլ համբուրում ես 
Քեզ անխղճորեն 
Հարվածող ձեռքը։
Մոսկվա
18.III.1956թ.

ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ

Мне не к лицу и не по летам!
А.С. Пушкин
Անձիս, տարիքիս վայել չէ, գիտե՛մ...
 
Ինձ պետք է հիմա հոնքերը կիտել,
Ինձ պետք է հիմա կարգին լրջանալ,
Ինձ պետք է հիմա...
                        պետք է հազար բան,
Իսկ ես՝ հիմարս, ես՝ անուղղելիս,
Խելքս տվել եմ թովչանքիդ էլի
Ու բռնել քեզ հետ խենթության ճամփան:
 
«Կյանք չի՜ հասկանում»,- լսում եմ անվերջ...
«Ե՞րբ պիտի ախր դուրս գա մարդամեջ»...
«Ե՞րբ պիտի ախր հասնի սա դիրքի»...
«Ե՞րբ պիտի կյանքը հասկանա կարգին»...
Եվ այս ամենը՝ նորից իմ մասին:
Իսկ դու... խնդո՞ւմ ես, իմ լա՛վ, իմ անսի՛րտ:
Խնդում ես, այո՛, սակայն ո՞ւմ վրա:
Եվ քո կարծիքով սխա՞լ են նրանք:
Գիտե՛մ, ուզում ես դու նրանց ասել,
Որ ես մի անհաս դիրքի եմ հասել.
Որ դու աշխարհ ես մի կախարդական,
Ու ես եմ այնտեղ քո տերն ու արքան.
Որ կյանքը գիտեմ ես հիանալի,
Քանի որ դու ես նրա բանալին.
Եվ ի՞նչ ասել է «դուրս գալ մարդամեջ»,
Երբ ես մարդկանց մեջ քեզ հետ եմ անվերջ.
Եվ ի՞նչ ասել է «ճանապարհ հարթել»,
Երբ քեզ եմ հասել հարթ ճամփով արդեն...
Ասում ես այսքանն ու կանգ ես առնում,
Դու կանգ ես առնում ու ինձ ես նայում,
Ուզում ես տեսնել, թե ես ի՛նչ կասեմ:
Ես քո կարծիքը ինչպե՞ս չկիսեմ,
Երբ որ կիսում եմ քեզ հետ կյանքը իմ,
Ուրախությունը և տանջանքը իմ:
Ես քեզ, անգի՜նս, լավ եմ հասկանում.
Ինձ ոչ մի դեպքում դու չես ցանկանում
Տեսնել ընտանի կենդանի դառած - 
Կենդանի մեռած... 
Նավչալու
15.VII.1953թ.

Lilas