Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԻՄ ԿՏԱԿԸ 2

Ա՜խ, այդ բիճերը,
Որ ծեր են ծնվել...
 
                 Զավա՛կըս,
         Հիմա ես նրանց առաջ
Նույնիսկ, ազնի՜վ խոսք, ինձ վատ եմ զգում:
         Ինձ վատ եմ զգում,
Որ չարացել եմ ես նրանց վրա,
Որ թշնամի եմ համարել նույնիսկ,
          Մինչևիսկ ատել:
 
          Սխալվել եմ ես:
          Հիմա նրանցից
Շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում:
         Շնորհակա՜լ եմ:
         Չէ՞ որ ինձ համար
Լավ է, որ նրանք կան ու կլինեն:
Չէ՞ որ հենց նրանց ծերության ֆոնին
Ջահելությունն է շեշտվում-ընդգծվում:
Լավ է, որ կյանքում հաղթել են նրանք:
Լավ է, նույնքան էլ արդարացի է:
Ախար ամեն մեկն ունի իրավունք
Գոնե մի՜ անգամ իր կյանքում հաղթելու:
         Հերթը նրանցն է -
         Թող հաղթեն այսօր,
Բայց չէ՞ որ վաղը դու ես հաղթելու
         Կամ քեզ նմանը:
 
Եվ ճիշտ են, ճիշտ են բոլո՜րն աշխարհում -
Քսո՛ւն, տխմա՛րը, խե՛ղճը, սրիկա՛ն:
         Կյանքում ամե՜ն մարդ,
         Կյանքում ամե՜ն ինչ
         Ունի իրավունք
Արդարացնելու իր գոյությունը:
 
         Եվ որտեղի՞ց բերք,
Թե պարարտանյութ չպիտի լինի:
         Ի՞նչ ապաքինում,
         Թե չի եղել ցավ,
         Թե ախտ չի եղել:
Ի՞նչ վերածնունդ,
Եթե չի եղել մահացու դադար:
 
Երջանկությունն էլ չէ՞ որ հենց այն է,
Որ չկար երեկ և այսօր հասավ...
Թիֆլիս
19.XII.1959թ.

ԻՄ ԿՏԱԿԸ 3

         Երբ բարկացած եմ՝
         Նրանց վանում եմ,
Բայց ինչպե՞ս պիտի վանվեն ինձանից,
Եթե ես հիմա այնտեղ եմ գնում,
Որտեղ գալու են և բոլոր նրա՛նք -
         Իրե՞նց ոտքերով,
Թե՞ որդիների, թոռան ոտքերով,
         Մի՞թե նույնը չէ:
Թիֆլիս
19. XII.1959թ.

ԻՄ ԿՏԱԿԸ 4

         Գնում եմ -
         Հպա՛րտ
         Եվ ինքնավստա՜հ,
         Սակայն կա մի տեղ,
         Որտեղ - քա՛ջ գիտեմ -
Խեղճանալու եմ ես ինքըս մի օր,
Հենց որ քո գլխին ինձ դարձնեն մահակ,
         Խեղճանալու եմ -
Եվ ո՜ւր էր գոնե ուժեղի կողմից:
 
Խեղճանալու եմ... խեղճերի ձեռքով:
 
         Եվ գիտե՞ս՝ ինչպե՛ս:
Թիֆլիս
19.XII.1959թ.

ԻՄ ԿՏԱԿԸ 5

Ուժեղին հետո մահակ են սարքում:
Ուժեղն ի՞նչ անի - խեղճերն են սարքում:
Մահակ են սարքում՝ ուժեղի գխին,
Բայց այն ուժեղի, որ նոր է եկել:
 
Դու, հարազա՜տըս, որ գալու ես դեռ,
         Պաշտպանի՛ր հորըդ,
Որ չխեղճանա խեղճերի կողմից:
 
Եվ դա կարող ես անել շա՛տ դյուրին:
 
Հենց որ ինձանից խարազան շինեն՝
         Մեջք ու թիկունքիդ,
Հենց որ քո գլխին ինձ դարձնեն մահակ,
Հենց որ խուփ դարձնեն քո բերնին,
         Գիտցի՛ր,
Որ դո՜ւ ես կյանքում իմ հարազատը,
         Որ իմը դո՛ւ ես,
         Հենց դո՛ւ ես ու կաս,
Ու եթե հայրըդ ապրելիս լիներ,
Կյանքում կլիներ քեզ հետ միասին՝
         Ընդդեմ խեղճերի,
         Որ իմ անունով
Հիմա ջանում են բերանըդ փակել:
Թիֆլիս
20.XII.1959թ.

ԻՄ ԿՏԱԿԸ 6

Դու ինձ խեղճերից պաշտպանի՜ր, տղա՛ս,
         Պաշտպանիր դու ինձ՝
         Ինձ չկրկնելով
Եվ չքայլելով իմ հետքով ծանոթ,
Ինձ - եթե կուզես - ժխտելո՜վ անգամ:
 
Ինձ չկրկնելով - և միայն այդպե՛ս,
Կխոսես դու իմ հարազատ ձայնով:
 
Սեփական շավիղ բացելով միայն
Բանուկ կպահես իմ բացած ուղին:
 
         Եվ ինձ ժխտելով՝
         Ինձ կհաստատես:
Թիֆլիս
20.XII.1959թ.

Lilas