Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Անտա՞ռն է արդյոք

Անտա՞ռն է արդյոք
Իմ կրծքով շնչում,
Թե՞ ես եմ կորչում
Անտառի շնչում,
Անտառի շնչում
Ամենածավա՜լ:
 
Սակայն այս հարցով
Ես ինձ չեմ տանջում:
Եվ արժե՞ միթե,
Երբ գիտեմ, որ ես
Կարող եմ հիմա
Կոճղի պես լռել,
Քամու պես հևալ,
Ծտի պես ծվալ,
Թփերի նման
Մեղմիկ սվսվալ.
Անտառի նման՝
Շաչե՛լ,
Շառաչե՜լ,
Անտառի նման՝
Տնքա՛լ, հառաչե՜լ.
Անտառի նման՝
Ահեղ բարկանա՜լ.
Ու թե մերկանա՛լ՝
Տերևաթափից -
Անտառի նման
Երբեք չամաչել...
Մոսկվա
23.IV.1959թ.

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառե՜ր ու ծառե՜ր -
Ծառե՛ր հնացած,
Ծառե՛ր նորացած,
Նորակա՛զմ ծառեր,-
 
Եվ հողն է թվում
Քիչ առաջ հանգած հսկա վառարան:
 
Ով մանկությունից
Հազվագյուտ խոսքի որսորդ է դարձել,
Հիմա՝
Անտառում անխոս ման գալիս,
Մի՞թե մի վայրկյան չի կարող կարծել,
Թե շուռ է տալիս
Մի յուրատեսակ հսկա բառարան:
 
Բառեր ու բառեր -
Բառեր հնացած,
Բառեր նորացած,
Նորակազմ բառեր...
Մոսկվա
29.IV.1959թ.

ԵՐԳՈՂ ՆՅՈՒԹԸ

        Եվ ի՞նչ ես դու:
Զարմանալի՜ երևույթ ես...
 
        Երբ չես երգում՝
        Եթե անգամ
Մարմարակերտ սյուն ու մույթ ես՝
        Ուսիդ չկա
        Կամա՛ր, ճակա՛տ.
Փլատակված սարավույթ ես:
 
Զարմանալի՜ երևույթ ես: 
 
         Երբ չես երգում՝
         Լոկ շնչելու,
         Կամ մնջելու,
                Լոկ տանջվելու,
                Կամ տանջելու,
Սովորական սովորույթ ես:
 
         Հե՛նց երգեցիր՝
         Նույնն ես կարծես,
Բայցևայնպես տեղն ու տեղը
        Մի՛շտ նորույթ ես:
 
        Երբ չես երգում՝
Ոտեր առած մի ձանձրույթ ես,
Միս-ոսկորի քայլող կույտ ես,
        Եվ ո՛չ խեժ ես,
        Ո՛չ ավիշ ես.
Քո իսկ հոգուն կպած ձյութ ես:
       Հե՛նց երգեցիր՝
       Դու ուրի՜շ ես.
Միանգամից գեղեցկացած,
        Ո՛չ թե մարդ ես,
        Այլ կախա՜րդ ես,
        Մո՛գ ես,
        Դյո՛ւթ ես:
 
        Հենց երգեցիր՝
        Ասեն-չասեն,
        Ուզեն-չուզեն՝
        Թո՛ղ որ փոքըր,
Բայցևայնպես դարձյալ գյուտ ես...
 
Դու պարզապես... երգող նյութ ես,
        Երգող նյութ ես...
Մոսկվա
24.IV.1959թ.

ՉՀԱԼՎՈՂ ԿԱՐԿՈՒՏ

Շոգ է այնպե՛ս,
Եվ այնպես տա՜ք,
Այնպե՛ս,
Կարծես
Կանաչ գույնի
Հուր է ծփում
Ոտներիդ տակ:
 
Արև: Կեսօր:
Տապ ահարկու:
Եվ թփի տակ՝
Մի բուռ կարկուտ,
Որ չի հալվում,
Թեպետ անգութ
Արև է, տաք,
Տոթ ահարկու:
 
Արևկող են իրենց տվել
Ճերմա՜կ-ճերմա՜կ մի բուռ ձվեր:
 
Ու երբ պետք է՝
Սարյակի տեղ
Նրանց վրա նստում է թուխս
Բարի թփի ստվերը թուխ...
Մոսկվա
24.IV.1959թ.

ՀՈՂԸ ՀԱՅԵԼԻ

Ձեզ հող թվացող այս հողը համայն
Կարծես ինձ համար
Դարձել է հիմա
Ամալգամից զուրկ - նո՛ր մի հայելի,
Որին նայելիս
Տեսնում եմ այնտեղ
Գլխիվայր շրջված - շուռ եկած անտառ -
Եվ ամեն մի ծառ
Մի ծառ չէ կարծես,
Այլ ծառ է երկո՜ւ.
Ծառ կոչված մի գունդ հողին է բազմած,
Իսկ արմատների կազմած այլ մի գունդ՝
Հողի մեջ սուզված -
Նույնքա՛ն ճյուղավոր,
Որքան ճյուղ ունի նույն ինքը ծառը...
 
Ու պարզ է թվում ամեն ինչ հիմա:
Մի՛ հարց է, որ դեռ պարզ չէ ինձ համար.
-Այս արմատնե՞րն են
Խոտ ու ծառերի անդրադարձումը,
Թե՞ արմատների անդրադարձումն են
Խոտ ու ծառերը...
Մոսկվա
01.V.1959թ.

Lilas