Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԱՆԿՈՒՄՆԵՐՈՎ ԵՄ ՎԵՐԵՎ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ

Ես թուրման կոչված աղավնու նման
Անկումներով եմ բարձրանում վերև՝
Ուրախացնելով գուցե շատերին,
Որ իմ հերթական անկումը տեսնում
Եվ ամեն անգամ հաշվում են դա վերջ,
Բայց ոչ թե սկիզբ մի նոր վերելքի...
[1959թ.]

ԶԳԱՅՈՒՆ ԳԼԽԱՐԿ

Իսկ երբ գարունն է մոտենում հեռվից,
         և այնքա՜ն հեռվից,
Որ դեռ լուր չունի մատնիչ օդն անգամ,
Ես դա զգում եմ... իմ ականջներո՛վ
Եվ մինչև անգամ... գլխարկո՜վ իմ հին:
[1959թ.]

ՊԱՐԱՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Երբ իմ սրտի մեջ
Անհայտությունն է թպըրտում այնպես,
         Ինչպես որ դույլը՝
         Դատարկ ջրհորում,
Ես երազում եմ մի ամուր պարան,
Որ (ո՛չ ինքըս ինձ կախաղան հանեմ),
         Որ ինձ դո՜ւրս քաշի,
         Դատարկ թե լեցուն՝
         Միայն թե դո՜ւրս քաշի:
 
         Կան խորություններ,
         Որ ատելի են... 
[1959թ.]

ՏԱԿԱՎԻՆ ՀԵՌՈՒ է ՍԻՐՈՒՍ ԳԱԼՈՒՍՏԸ

Երբ դեռ հեռու է իմ սերը նորեկ՝
         Ես դա լսում եմ
         Ու չեմ տեսնում դա,
Ինչպես... անտառում երգող թռչունին:
[1959թ.]

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ

         Ինչ որ անում եմ՝
         Կրքով եմ անում,
         Անում եմ թափով,
         Եռանդով ամբողջ՝
         Վատնելով ավյուն,
         Ծախսելով արյուն,-
 
Անտարբերության թշնամին եմ ես,
Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը:
 
Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից
Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ,
Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից
Աշխատում են լոկ սևն ու ճերմակը,
Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից
Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն,
Ջերմաստիճանըս - անզոր զայրույթից -
Հասնում է նույնիսկ քառասունմեկի,
Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ,
Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության,
Անտարբերության ոսո՛խըս մոլի,
         երևակայե՜ք,
Գերադասում եմ... մնալ ձեռնըպահ:
 
Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ,
Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից...
[1959թ.]

Lilas