Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆ-ԲԱՑԱԿԱՆ

Աչքեր ունի նեղ-երկարուկ,
Ասես լինեն կորիզ հոնի,
Ունի հայացք մի հեռախույս,
Նման մթին հորիզոնի:
 
Տիրուհի՞ է - տիրուհի չէ:
Սիրուհի՞ է - սիրուհի չէ:
Քո՞ւյր է - քույր չէ:
Կո՞ւյր է - կույր չէ:
(Երբ որ պետք է՝ կնկատի,
Երբ որ պետք չէ՝ չի նկատի)...
 
Անպարտադիր և անհրաժեշտ,
Հավերժ ներկա և բացակա՝
Թե «սեր» ասես՝ խնդրում է շեշտ,
Թե ասես «կին»՝ վեհ ածական:
 
Եվ էակ չէ վերացական,
Այլ կենդանի՜, միս-ոսկորո՜վ:
 
Իսկ անո՞ւնը: Ասեք Խոնարհ,
Ասեք Շնորհ, ասեք Գորով:
 
Եվ մի՛ հարցըրեք, ումն է նա.
Այս մեկը թող գաղտնիք մնա...
Երևան
14.XI.1963թ.

ՄԻ՛... ՉԻ՛...

Մի՛ անիր (այս),
Մի՛ անիր (այն),
Մի՛... մի՛... մի՛... մի՛...
 
Չի՛ կարելի (այս բանն անել),
Չի՛ կարելի (այն բանն անել).
Չի՛... չի՛... չի՛... չի՛...
 
Այս «մի»-ն ու «չի»-ն աջից-ձախից,
Իբրև երկու փակագծեր,
Անլուծելի խնդրի նման
Մեր ողջ կյանքն են մեջտեղ գցել:
Եվ այս խնդիրն ո՞վ կլուծի...
Երևան
26.XI.1963թ.

ԾԱՌԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Չէ՛, շա՜տ եղավ,
Էլ շա՜տ եղավ այս թթվադեմ փնթփնթոցը...
 
Ծառերն անգամ
Ունեն իրենց բարությունը՝ զով ստվերը,
Որ անվճար մեզ են հանձնում,
Որպեսզի մենք նստենք նրանց բարության մեջ
Ու... չարանա՞նք՝
Եթե անգամ ոչ խեղճ հողի,
Ապա նրա թեկուզ և վատ տիրո՞ջ վրա...
 
Բայց ծառերը նաև կանաչ սլաքներ են,
Որ մեզ անխոս հրավիրում
Ու խնդրում են նայել... վերև՜...
 
Կույրե՞րն են միշտ քայլում՝ դեմքը վերև տնկած:
Իսկ մշտապես ցած նայողը կույր չէ՞ արդյոք...
 
Եկեք մենք էլ վերև նայենք՝
Ո՛չ թե կույրի, այլ ծառի՜ պես,
Որպեսզի մեզ երբեմն զգանք
Քիչ ավելի մոտիկ օդին, քան թե հողին...
 
Իսկ շատ չեղա՞վ մեր այս տտիպ քմծիծաղը
Սրա՛ - նրա՛
Ամե՛ն ինչի,
Կյանքի՜ վրա:
Բավակա՜ն է.
Եկեք ժպտա՛նք,
Եվ ո՛չ թե լոկ մեր շուրթերով ու աչքերով,
Այլ ո՜ղջ մարմնով՝ այնպե՛ս, ինչպես
Ամբողջ մարմնով է կատարվում ամեն մի պար:
Թե չէ անվերջ փնթփնթալով կյանքի վրա
Արդեն կյանքն ենք վիրավորում շա՛տ ավելի,
Քան կյանքն է մեզ վիրավորել...
 
Թող ծառերը գրկախառնվեն
Իրենք իրենց բարության հետ՝
Զով ստվերի,
Ու քիչ քնեն,
Որ... չլսե՜ն մեր քացախած քրթմնջոցը,
Իսկ մենք
Նրանց մատնանշիչ սլաքներին հետևելով՝
Նայենք վերև՜,
Մտերմանանք ա՛յն օդի հետ,
Որ իշխում է ոչ թե հողի տիրո՛ջ վրա,
Այլ հենց նաև հողի՛ վրա, նաև հողի՜:
Մտերմանանք ա՛յն օդի հետ,
Որ չի անցնում լոկ մարդկային շնչափողով,
Այլև փողով արդարությա՜ն՝
Շեփորելով և ՛ արյունող կարեկցանքի,
Ե՛վ արյունոտ հաղթանակի,
Ե՛վ ծանրագին ուրախության
Բեթհովենյան երգը հուժկու...
 
Ու եթե դեռ ոմանք պիտի կրկին գրկեն
Ծանոթ թառը
Եվ օրորեն իբրև մանկան, որ... լաց լինի,
Ապա ինքըս
Ձե՜զ եմ ուզում իբրև մանկան իմ գիրկն առնել,
Ի՜նձ եմ ուզում իբրև մանկան իմ գիրկն առնել
Եվ օրորե՛լ,
Եվ օրորե՛լ,
Որ այսուհետ... չթնգթնգաք,
Որ այսուհետ... չթնգթնգամ...
Երևան
04.II.1964թ.

ՀԱԶԸ

         Շա՜տ է շատացել աղմուկն աշխարհում,
         Շատացել այնքա՛ն,
         Որ լռությունը բարկացել է խիստ,
         Եվ դրանից է սնդիկը ելնում ջերմաչափն ի վեր՝
         Բանտարկված ինչ-որ վհուկի նման՝
         Մեզ վախեցնելով ու վկայելով,
         Որ Երկրագունդը թոքերի աճող բորբոքում ունի,
         Եվ մենք ամենքս էլ ջերմություն ունենք:
         Մեր ջերմությունը
         Լռության սաստիկ բարկությունն է հենց,
         Եվ նրա ցասում-բողոքն է նաև
 
Հա՛զը,
Այս հա՜զը,
 
         Որ կարծես արդեն տիրակալական հովեր է առնում
         Եվ համատարած աշխարհը բռնում...
 
         Ու սաստկանում է այս հազը նաև... ծխից ու մխից,
         Ուտի՛չ, թունավո՛ր ծխից ու մխից,
         Որ շատացել է աղմուկի չափով,
         Քանի որ ծուխը նրա շունչն է հենց...
 
         «Ծուխ էր դուրս ելնում եղեգա՜ն փողից»...
         «Օ ծո՜ւխ ծիրանի»... 
         Իսկ այժըմ արդեն
         Ծուխ են դուրս փնչում ո՛չ միայն կանայք,
         Նույնիսկ ո՛չ միայն աղջիկներն անկոնք.
         Ծխող են դարձել իրե՛րը նաև,
         Առարկանե՛րը,
         Մետաղնե՛րն անգամ.
         Ամեն մեքենա ծխով է շնչում,
         Ամեն գործարան ծուխ է դուրս փնչում:
         Ծխնելուզային գլանակները ցցելով երկինք՝
         Նրանք ծխի հետ տարածում են հազ...
 
Հա՛զը,
Այս հա՜զը,
 
         Բռնել է հիմա նաև երկինքը.
         Կապույտ երկինքը
         Սուր վարակվել է ա՛յն կապույտ հազով,
         Որ այլևս արդեն
         Միայն մանկական հիվանդություն չէ,
         Այլ հիմա նաև երկնայի՛ն մի ախտ,
         Տիեզերակա՛ն մի հիվանդություն:
         Եվ ամեն տեսակ օդանավերի
 
Հա՛զը,
Այս հա՜զը,
 
         Այս կապո՛ւյտ հազը
         Հնչում է հիմա մեր գլխից վերև,
         Նաև մեր գլխի վերևից վերև,
         Որտեղ ծխում են ոչ միայն ամպեր հնավանդական,
         Այլև անիմաց ինչ-որ մի ոգի,
         Որի անունն էլ չեն ուզում ասել,
         Ինչպես որ չարքին անվամբ չեն կոչում...
 
         Արբանյակների ծխին համաչափ
         Ծուխն է խառնըվում ա՛յն հրթիռների,
         Որ ունեն երեք, չորս ու հինգ գլուխ՝
         Քաղաքակրթված դևերի նման...
         Եվ լռությունն է բարկանում կրկին
         Ու ջերմաստիճան դառնում երկնքին,
         Որ տենդի մեջ է
         Եվ ում քրտնքի
         Անձրև կոչեցյալ կաթիլներն արդեն
         Հաճախ են դառնում ախտ սոդոմական,
         Որ բուժո՜ւմ չունի
         Եվ որի ճչան նախանշանը
Հա՜զն է,
Ա՛յս հազը...
 
Հազի՜ց,
Ա՛յս հազից
         Բուժվե՜նք շուտափույթ,
         Որ քամի՜ն հազա
         Քարանձավների՛,
         Խողովակների՛,
         Փչակների՛ մեջ
         Եվ փողոցային լուսամփոփների կենտ կոպերի՛ տակ,
         Հազա մշտական թրթիռով սրտի ու խորհրդավոր՝
         Ա՛յն հավերժական սիրահարի պես,
         Որ իր գալուստն է ավետում հազով...
 
Հազի՜ց,
Ա՛յս հազից 
         Բուժվե՜նք շուտափույթ,
         Որ ամեն մի տան դռան մոտ հազա
         Ավտոմեքենա՛ն հարմար ու էժան՝
         Հրավիրելով մի զբոսանքի,
         Որի վերջն ունի «համբույր» գրություն...
 
Հազի՜ց,
Ա՛յս հազից 
         Բուժվե՜նք վերջապես,
         Որ հազը դառնա տեր ու տնօրեն
         Աշխարհի ամեն նավահանգստում,
         Կայարաններո՛ւմ համայն աշխարհի,
         Նաև երկնքո՛ւմ, 
         Նաև երկնքո՜ւմ,
         Որ նո՛ւյնպես ունի լայնացման կարիք:
 
Երկրին
         ու
Երկնին
         Թոքերի առողջ լայնացո՜ւմ է պետք... 
         Ո՛չ թե թոքերի ահեղ բորբոքում...

 

Երևան
07.II.1964թ.

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ

Քամին փոշուց ծուխ էր սարքում,
Ծուխ անկրակ,
Ու տարածում պուրա՜կ-պուրա՜կ,
Իսկ դրանից ձանձրանալով՝
Վճռում խաղալ պահմտոցի,
Եվ պահվում էր,
Այնպե՛ս պահվում,
Որ գյուղացիք ասում էին «շոգից մեռա՜նք»:
 
Օրը քակել իր ծալքերը
Ու փռել էր աշխարհով մեկ.
Մի ծալքից՝ շո՛գ,
Երկրորդից՝ տա՛պ,
Երրորդից՝ տո՛թ:
Տառապում էր նույնիսկ օդը՝ դողէրոցքից:
Տաքության մեջ զառանցում էր ամեն մի բույս:
 
Լռություն էր մի այնպիսի՜,
Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել:
Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով,
Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ,
Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած,
Այլ հեկեկում - ջղաձգվում...
 
Ջրով լի դույլն ստիպում էր, որ աղջըկա
Բոլո՜ր թովիչ պահուստները բացահայտվեն՝
Նույնիսկ իրեն վարագուրող հագուստի տակ:
Իսկ ես նաև նայում էի դույլի ջրին,
Որ աղջըկա քայլվածքի հետ
Իր ողջ կապույտ մակերեսով
Աջ էր գնում - ձախ էր գալիս,
Ասես լիներ մեկ միաձույլ սկավառակ
Ջուրն՝ աղջըկա քայլվածքի հետ,
Ջրի հետ էլ՝ երկինքը մով:
Եվ ջուրը չէր ելնում-իջնում,
Կարծես երկինքն էր դույլի մեջ
Գլխապտույտ զգում անվերջ...
Եվ այս ամենն՝ ա՛յն պատճառով,
Որ քունն ինձնից անմեղ տեղը,
Խռովել է ու... լքե՛լ ինձ:
Երևան
06,12.II.1964թ.

Lilas