Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ՊԱՐՏՔԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ

Առավոտն է հասունանում՝ մտքի նման.
Պիտի պոռթկա նա շատ շուտով
Եվ սրտաքամ իր իսկ հյութով
Կրկին ներկի
Երկին-երկիր:
 
Օրն է գալիս
Պարտատիրոջ վստահությամբ,
Իբրև անգութ մի վաշխառու:
Պարտ եմ իրոք՝
Սիրո՛ դիմաց,
Ու պարտավոր եմ վճարել մի կարոտով,
Որի շահն է իրեն ծածկում...
 
Ու ես
Հոգնած ուրախությամբ
Հեռվից հեռու ժպտում եմ քեզ
Սիրո՛ղ, ներո՛ղ ու համբերո՜ղ մի ժպիտով...
 
Հանկարծակի-միանգամից
Արբունքի է հասնում քամին,
Եվ ձները
Նրա տաք-տաք ակնարկներից ամաչելով՝
Տեղն ու տեղը հալվում են լուռ:
 
Վտիտ վտակն աչքիս առաջ
Նույնքան արագ
Հասունանում-դառնում է կին
Ու փռվելով փարթամ մեջքին՝
Սարսռում է...
 
Միայն ես եմ, ես եմ մնում նո՛ւյնը կրկին՝
Նո՜ւյն մշտական պարտապանը
Իմ գերհասուն սիրո դիմաց,
Եվ պարտավոր եմ վճարել մի կարոտով,
Որի շահն է իրեն ծածկում:
 
Իսկ քո սե՜րը...
Ե՞րբ պիտի նա հասունանա:
Թե չէ, գիտե՞ս,
Եթե անվերջ այսպես գնա՝ 
Ես երբևէ պարտք չե՜մ փակի.
Պարտքը, գիտե՞ս, նա՛, դռան պես,
Իր կողպեքով ինձ կփակի...
Դիլիջան
23.III.1964թ.

ՍՊԱՍԵԼՈՎ ԿԵՍՕՐՎԱ ՀՐԱՄԱՆԻՆ

Արթնացավ քամին,
Եվ դեռ անսաղարթ ողջ անտառով մեկ
Վլվլուկն ընկավ:
 
Ծանոթ լեռները հիմա թվում են
Մինչջրհեղեղյան-այժըմ չքացած մեծ խլուրդների
Մթին աշխատանք:
 
Հորդորակ առուն այդ է հաստատում՝
Թութակի նման նույնը կրկնելով:
 
Նիհարիկ մի մուժ
Սուտ վկայություն տալու փորձ անում
Եվ արտաքսվում է անտառից անդին:
 
Հետապնդվելով
Մի շատ կարևոր-կարեվեր խոսքից՝
Միտքըս խրվում է
Դիմացի լանջի մացառուտի մեջ,
Եվ... գրիչն այստեղ՝
Այս ճերմակ թղթին,
Իր սև ինքնահոս արյունն է հեղում...
 
Մի քանի ժամ է միայն մնացել,
Որ գա կեսօրը
Եվ բանտապետի դժգոհ կոպտությամբ
Ասի. «Ազատ ես»,
Ու ես էլ ահա
Աճապարելուց նույնիսկ մոռացած
«Շնորհակալ եմ» կամ «մնաք բարև» գեթ մրմնջալու,
Պիտի ինձ նետեմ
Անկուշտ երախը մեծ ճանապարհի,
Որ պատահական ինչ-որ մեքենա
Իր անիվներին
Կծկելով կծկի կիլոմետրերը,
Եվ... սրտապատառ մի ուրախությամբ
Ձեր տանը զնգա ձեր հեռախոսը:
 
Դու մի՛ շփոթվիր խոսափողի մեջ.
Իմ շփոթմունքն էլ մեզ բավական է:
Դու ընդամենը ասա «գալիս եմ»,
Թե չէ մեր լեզուն
Ինչո՞վ է ախար խեղճը պարտական
Եվ ինչո՞վ է նա պատասխանատու
Մեր սրտի՛ առաջ՝
Այս ընկնավորի և ջղագարի,
Որ թպրտում է՝
Մինչևիսկ հագած հեռախոսային զսպաշապիկը...
 
Բայց... առավոտը դեռ նոր է բացվել,
Դեռ ո՜ւր է որ գա մռայլ կեսօրը
Եվ բանտապետի դժգոհ կոպտությամբ
Գոռա. «Ազատ ես»:
 
Առայժմ դու ես, այդ դու ես ազատ
Ձեր հեռախոսի քմահաճույքից.
Թող նա համրանա՛ մինչև երեկո:
Թող նա համրանա՜, որ դու չտանջվես.
 
Իմ այս տանջանքն էլ մեզ բավական է...
Դիլիջան
27.III.1964թ.

ԸՆԴԴԵՄ ՕԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ

Երբ մենք հանդիպենք,
Ես գիտե՛մ, թե քեզ ինչ եմ հարցնելու:
Իսկ որոշվա՞ծ է քո պատասխանը:
 
Երանի թե ես
Ռադիո-ընդունիչ կոչված այս դևին
Թողնեի քնած
Ու չիմանայի,
Որ փոթորիկ է վաղը սպասվում՝
Օդաբանական ինչ-որ կայանի կամեցողությամբ:
Այդ կայանները
Հազարից մեկ են ճիշտ բան գուշակում:
Իսկ եթե հանկարծ
Հազարից մեկը վաղը կատարվի՞...
 
Ես գիտե՛մ, թե քեզ ինչ եմ հարցնելու,
Երբ մենք հանդիպենք:
Իսկ դու իմ հարցին պատասխանելիս,
Տե՜ս,
Չանե՛ս այնպես,
Որ արդարանա
Օդաբանական կայան հորջորջվող
Մարգարեն այս սուտ:
 
Եթե ինձ համար դու չես էլ հոգում,
Մտածիր գոնե աշխարհի՛ մասին.
Նա շատ է կարոտ
Մե՛ղմ-գարնանայի՛ն-երջանի՜կ օրվա:
Մեղք է աշխարհը.
Քանի՜ ամիս է նա սպասում է:
Մեղք է, սիրելի՜ս,
Գեթ նրան խղճա
Իմ պատրաստ հարցին պատասխանելիս.
Քո պատասխանով,
Տե՛ս,
Որ փոթորիկ չհանե՜ս իզուր...
Դիլիջան
27.III.1964թ.

ԴԱՐԸ ԵՎ ԺԱՄԸ

Ո՞վ է սանրվելուց ճաղատացել:
Երանի չէ՜ր լինի, որ մարդ կարողանար...
 
...Ես մտքերս եմ սանրում՝
Խառնիխուռն-խճուճ,
Ծանրածանըր, ծալ-ծալ իմ մտքերը:
Սանրո՜ւմ ու սանրում եմ,
Բայց... ի՞նչ օգուտ, բայց ի՞նչ.
Չե՛ն նոսրանում նրանք
Եվ ինձնից չեն պոկվում,
Ո՛չ էլ հարդարվում են, կոկվում-սոկվում...
Ու ես հասկանում եմ, որ ինձ պետք է... քնե՜լ,
Քնել գեթ մի փո՛քըր,
Մի՛ քիչ գոնե,
Քնել թե՛ մազերիս,
Թե՛ նրանց չափ անթիվ այս մտքերի՜ս վրա...
 
Սակայն ծառ կոչվածն էլ իր սիրտն ունի՝
Մի անանուն թռչուն,
Որ (տա՛կ-տի՛կ-տա՛կ)
Բաբախում է, անվե՜րջ, բաբախում է:
Իսկ թե կողքիս մի սիրտ բաբախում է՝
Թեկուզ ծառի՛ վրա
Եվ ո՛չ կրծքի ներքո,
Մեռած էլ որ լինեմ՝
Ինչպե՞ս քնեմ:
 
Բայց կա նաև ի՛մն էլ՝ սովորակա՜ն մի սիրտ,
Որ միշտ բաբախում է քիչ անսովո՛ր ձևով.
Նա միշտ բաբախում է իմ... գլխի՜ մեջ,
Եվ այս պատճառով էլ իմ կրծքի տակ
Սրտի տեղ կա, կարծեմ, մի... ժամացույց,
Որի մեծ սլաքը ցույց է տալիս դարը,
Իսկ ծանրաշարժ փոքրը՝ ժամն անցողիկ...
 
Քաղաքային բոլոր ժամացույցները մեր
Կա՛մ ստում են կարգին,
Կա՛մ կանգ առնում հանգիստ
Նույն վաղեմի՜-անցա՜ծ թվացույցի վրա՝
Անձայն հռհռոցով մեզ ծաղրելով մտքում...
 
Իսկ ճաղատներ քի՞չ կան մեր քաղաքում
Եվ աշխարհում համայն:
Բախտավորնե՜ր...
 
Եվ շատ մե՞ծ է արդյոք իմ պահանջը կյանքից.
-Լինել... քաղաքայի՛ն մի ժամացույց
Կամ մի... ճաղա՛տ անցորդ,
Բոլորովի՛ն ճաղատ...
Երևան
05.X.1964թ.

ԹՈՒԹԱԿԻ ԿԱՐՈՏ

Ես հոգնել եմ, շա՜տ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չե՛մ սիրում:
Սակայն ասում եմ այնքա՜ն մտքիս մեջ, 
Ասես կողքիս ես և լսես պիտի:
 
Իսկ մեզ յո՜թ միլիոն մետր է բաժանում:
 
Ու մինչև անգամ եթե դու լսես,
Մի՞թե կլինես այնքա՜ն միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրո՛ք չեմ սիրում:
 
Բայց ինչո՞ւ եմ զուրկ,
Ես ինչո՞ւ եմ զուրկ
Բոլոր հաճելի թուլություններից.
Ո՛չ հավաքում եմ իրեր հին ու նոր,
Ո՛չ ձուկ եմ բռնում, ո՛չ որսի գնում,
Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում...
 
Գոնե տանս մեջ... թութա՜կ պահեի:
 
Ու թե տանս մեջ թութակ պահեի՝
Կվարժեցնեի ես նրան հիմա,
Որ վաղնջական գուշակի նման
Մի՜շտ ու շարունակ միա՛յն կրկըներ.
-«Էլ քեզ չե՜մ սիրում»...
 
Սակայն զուրկ եմ ես
Բոլոր օգտակար թուլություններից
Ես զուրկ եմ այնքա՛ն,
Որ մինչև անգամ
Թութա՜կ պահելու թուլություն չունեմ:
Եվ ապաստանած լոկ մի թուլության,
Որ սեր է կոչվում
Եվ գլխիս վրա դարձել է... տանիք
Ու... գլխարկի պես գլխիս է դրվել,
Ապրում եմ այսպե՛ս
Ես այսպե՛ս քայլում՝
Գլխարկի՛ տեղակ... գլխիս մի տանի՜ք.
-Մի նո՛ր խեղկատակ,
Որին չե՞ն տեսնում,
Իսկ թե տեսնում են՝
Ինչո՞ւ չեն հապա քրքըջում վրաս...
Երևան
06.XI.1964թ.

Lilas