Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ

         Ցանկություններից,
         Որ կոչվում են իղձ,
                  Բաղձանք,
                  Ու անուրջ,
                  Երազ
                  Ու փափագ,-
Ցանկություններից մահացու խոցվել,
Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ:
Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ
Եվ բուժման տարվել մի հիվանդանոց,
Որտեղ գթության քույր է դարձել ինձ
Ճերմակ խալաթով Դատողությունը...
 
         Ա՜խ, այդ գթության քույրերը...
                  Նրանց
Երախտապարտ եմ իմ ամբողջ հոգով,
Իմ ամբո՜ղջ սրտով հարգում եմ նրանց,
Բայց, ավա՜ղ, երբեք սիրել չեմ կարող,
Եթե մինչևիսկ շատ են գեղեցիկ...
[1959թ.]

ԱՄԵՆԱՎԱՅՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

         Եվ ա՛յն հասկացա -
         Խինդով ու ցավով -
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա՛, անհնար է բուրմունքն սպանել՝
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:
 
-Ամենավայրի՛ սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:
[1959թ.]

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
 
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարո՛ւն‚ 
Վսեմի՛ն‚
Լավի՜ն...
 
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
 
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով...
Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ 
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եվ նշխար՝ սրտից...
 
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով...
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև...
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով...
 
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք...
 
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:
Երևան
19,25.I.1961թ.

ՏՈՂԱԴԱՐՁՎԱԾ ՍԵՐ

Ես ուզում եմ գրել քեզ երկու տող:
 
Ահա՛ գրիչ ու թուղթ:
Թանաքամանն ահա՛:
 
Թանաքամանն ահա՜...
Պատվանդան չէ՞ կարծես,
Որի վրա պիտի ինչ-որ արձան տնկվի:
Եվ այդ պատվանդանին... արձանանում ես դու,
Այն էլ գիտե՞ս՝ ինչպես:
Գիտե՛ս, չասե՜ս սակայն.
(Կան գաղտնիքներ, որոնք գերեզման են գնում,
Եվ կա անկեղծություն, որ չի բացվում երբեք,
Իսկ թե բացվեր՝
Կյանքում այդքան քիչ չէր լինի
Թիվը պոետների)...
 
Ու չե՛մ գրում ես քեզ,
Ու չե՛մ ասում ես քեզ,
Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված,
Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի:
Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն,
Ինչպե՞ս պոկեմ, ասա՛, որ գեթ կապվի մի կերպ
Քեզ նախորդած էջի և հաջորդող էջի
Ա՛յն իմաստը, որ ես հասկանալ եմ ջանում:
Եվ իզո՜ւր եմ ջանում,
Որովհետև գիտեմ,
Որ դու սկսվեցիր սխալ տողադարձով
Եվ չես ավարտվո՛ւմ էլ.
Տողադա՜րձ ես արվում...
Մոսկվա
III.1961թ.

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

«Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ»
 
Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի...
 
Դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի բոլորք,
Կածանի ոլորք,
Ծամթելի հանգույց
Եվ ճարմանդի կեռ:
 
Հայոց աշխարհի փափկասուն կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն՝ իրենց գորովը ծփուն,
Ռամիկներն՝ իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը բազկի,
Եվ սեպուհները՝ կանչը մարտական:
 
Մեր մեհյանների և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝ նստվածքների մեջ:
 
Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն,
Նավասարդական տոնախմբության ցնծում ու հափրանք,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ խլրտում:
Հաշտից տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների խում ու խրախճանք հեթանոսական...
 
Մեր դյուցազներգակ ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց 
Բամբ բամբիռների և թինդ թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց,
Անհայտ ու հայտնի բույլքի համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով կտրիճ լաճերի,
Եվ եղերամոր լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ ունես թավ ու թովչական, թախծոտ ու թավշե:
 
Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ շորի շրշյունն է, որ քեզ համակել
Ու տոգորել է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում...
 
Արտաշիսական հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ-ճարպիկ լարախաղացի
Գունագեղություն և կշռույթ ու չափ:
 
Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների ու մազմանների երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք ու կարպետ...
 
Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,
Վանա-Սևանա տուրևառություն,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:
 
Եվ ունես քո մեջ շամբի երերմունք,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.
-Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ, 
Եվ միայն քո՛նը՝ հիրավի՜ պայծառ...
 
Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից սևություն առած,
Եվ անտակություն՝ Մասյաց վիհերից...
 
Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով հոսքը ելման ջրերի:
 
Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:
 
Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում...
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում -
Հավիտյա՜ն և մի՜շտ,
Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս...
Երևան
29,31.I.1962թ.

Lilas