Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԲԱՐԻ ՕՐ

Իմ օրը երեկ աղքատ էր այնքան,
Որքան դրախտի նկարագիրը՝ սուրբ գրքերի մեջ,
Քանի որ լինել նշանակում է մասամբ ունենալ,
Իսկ ինձ թվում էր, թե չկա՜ էլ սեր,
Թե դարձել է նա արդեն սովորույթ...
Եվ երեկ աղքատ ու խեղճ էի ես,
Չար չէի բնավ, բայց աղքատ էի,
Անստվեր էի՝ անապատի պես.
Տա՛լ էի ուզում՝ տալո՛ւ բան չկար: 
Ու ծանր էր մարդկանց «բարի օր» ասել.
Թվում էր, թե ես այդ «բարի օր»-ով
Նրանցից ինչ-որ բան եմ հայցելու,
Որ նրանք պիտի տան չկամությամբ...
 
Իսկ իմ օրն այսօր այնքան է բարի,
Որ կարելի է հացի տեղ ուտել,
Խաղալիքի տեղ տալ լացող մանկան,
Ծալել՝ իբրև թարմ հրավիրատոմս,
Բաժանել մարդկանց, որ երբ բաց անեն՝
Իրե՛նք ողողվեն ցոլքով բարության:
 
-Ծանո՜թ-անծանո՜թ մարդիկ, բարի օ՛ր...
 
Եվ օրն իմ այսօր այնքան է լեցուն,
Որ եթե նույնիսկ ինձ գետին զարկեն՝
Ես կփշրվեմ իբրև... գանձանակ,
Եվ հարստությունն ու կայքը հոգուս
Բարի զնգոցով շա՜ղ կգա չորս կողմ՝
Շփոթեցնելով և ապշեցնելով
Նաև ջարդողի՛ն,
Նո՛ւյնիսկ ջարդողին:
 
-Բարի օր... և ինձ ջարդողի՜ն անգամ...
 
Եվ կա կանչ արյա՜ն, որով մեր նախնիք
Դարերի խորքից մեր մեջ են խոսում,
Մեզ հետ են խոսում մե՛ր իսկ բերանով:
Եվ կա բնության անմերժ հրավեր,
Որից ընտանի կենդանին անգամ
Վայրենանում է հանկարծ վերըստին:
Արյան այդ կանչն է հիմա իմ բերանում դառնում
-Բարի օ՜ր,
Եվ քեզ է ահա հասցեագըրվում,
Քե՛զ, իմ սիրելի՜, ում անմեղ մեղքով
Ես աղքատ էի երեկ տակավին,
Ինչպես դրախտը՝ սուրբ գրքերի մեջ,
Իսկ այսօր՝ բարի՛,
Իսկ այսօր՝ լեցո՛ւն... Տոլստոյի՜ չափ:
 
Թո՛ղ թագավորի այդ բարին այնտեղ,
Ուր դեռևս կա թագավորություն,
Թո՛ղ նույն այս բարին նախագահ դառնա ամեն մի երկրի,
Աշխարհիս բոլոր պետություններին դառնա վարչապետ,
Վառելիք դառնա շարժիչների մեջ,
Դըրոշակ դառնա նավերի համար,
Ու ճակատագիր՝ ամեն մի մարդու...
Մենք էլ մտովին, ճամփորդենք սիրով,
Լինենք ամենուր՝ «բարի օր»-ի պես,
Եվ ամենուր էլ դասեր տանք սիրո՝
Ապացուցելով, որ սերն իսկական
Ընդամենը լոկ փոխում է ձևեր,
Երբեմըն թվում սովորույթ անգամ,
Մինչդեռ իսկապես նա նույնն է մնում
Եվ կյանքի միջով, մեր ձեռքից բռնած,
Ապահովաբար առաջ է տանում,
Որ հրե խոսքով մութը ետ հրենք,
Մեր ուսով մղենք ժամանակն առաջ.
Օրվա ճակատից, որպես հին հուռութք,
Կախենք միևնույն զանգը.
-Բարի օ՜ր...
Երևան
16,17.II.1964թ.

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց...
 
Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,
Որ գնում ես, գնում արդեն:
 
Իմ գտնըվա՛ծ - միա՜կ մակդիր,
Ամենաճի՛շտ բաղդատություն.
Դեռ նո՛ր գտած՝ թռչո՞ւմ ես դու մտքիցս արդեն:
 
Համ չեն զգում միայն բերնով:
Համ զգում են հոգո՛վ նաև:
Եվ գնո՞ւմ ես, գնո՞ւմ արդեն,
Որ հռչակի անհամությունն իրեն արքա
Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո՜ղ աթոռանիստ,
Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասո՞ւմ...
 
Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,
Ինչպես ցողի կաթիլները ա՛յն թփերին,
Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:
Ու ես անվերջ փորձ եմ անում
Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:
 
Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.
Խանգարել են ուզում կարծես, որ չգնաս:
Ծխախոտն է մեջըս հազում:
Ստվերները հոտոտում են հողը կրկին.
Կամենում են կարծես զգալ
Անցած տեղիդ բուրմունքն անանց:
Քաղաքային փողոցների լույսերն աղոտ
Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,
Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել...
 
Պիտի գնա՜ս...
 
Պիտի գնա՜ս,
Որ քանի դեռ չենք հանդիպել՝
Փողոցն այնպե՛ս ինձ կարոտի,
Ինչպես ես քե՜զ:
 
Պիտի գնա՛ս,
Որ ածխացած սպասումը
Բոլորագիծ քաշի իմ շուրջ՝ 
Ինձ դարձնելով սուր շառավիղ,
Սիրտըս՝ կենտրոն,
Որ ամեն ոստ իր ստվերով
Ցույց տա ժամը՝ սլաքի պես,
Ու շրշյունով զրընգացնի նույն ժամն էլի. 
Որ ես զգամ, ուշացումով,
Թե ինչպես է սահում-անցնում
Կյանքն իմ կողքով,
Ես էլ՝ կյանքի,
Չդիպչելով երբեք իրար:
 
Պիտի գնա՛ս,
Որ ես անվերջ իմ մտքի մեջ,
(Թութակի պես կամ անվտանգ խելագարի)
Նո՛ւյնը կրկնեմ.
«Շատը... գը-նաց, քի-չը մը-նաց»...
 
Եվ քանի որ պիտի՛ գնաս՝
Դե, շո՛ւտ գնա, որ շուտ էլ գա՜ս, շատ չմնա՛ս:
Տե՛ս,
Օրորվող այս լապտերից
Ես մի շող եմ քաշում-պոկում.
Ա՛ռ,
Փաթաթիր ցուցամատիդ՝
Իբրև գունեղ մի հուշաթել,
Որ... վայրկյա՛ն իսկ չմոռանաս
Ու... շո՜ւտ դառնաս:
Իսկ քո երգուն քայլքի թելն էլ թող փաթաթվի
Մայթի՛ն այս գորշ, այս տա՛նը գորշ և իմ հոգո՜ւն,
Որ... բոլորս էլ (մա՛յթ, տո՛ւն, հոգի՜)
Մեկ վայրկյան իսկ չմոռանանք
Եվ սպասենք քեզ անհամբեր.
Իսկ ոլորուն-կպչուն ձայնը մեր համբույրի
Թող համերգվի այս վիրավոր լռության մեջ
Ու որբացած մեր սեփական ականջներում,
Իսկ հեռվահաս ժպիտները մեր փոխանցիկ
Թող դրոշմեն իրենց վրա ապակիներն այս լուսադող՝
Սպասումի կնիքի պես...
 
-Ցտեսությո՛ւն:
Ի տեսությո՜ւն...
Երևան
20.II.1964թ.

ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ

Նելլիին, ծննդյան օրվա առթիվ
Ինձնից հեռու էր նա՜:
Ինձնից հեռու էր նա՛,
Ում ես հազա՜ր անգամ անվանել եմ կյանքում. «իմ մոտիկըս»:
Նա՛,
Ով բոլորովին անծանոթ էր նաև,
Կարծես կարոտ էր սոսկ,
Լոկ ցնորք էր:
 
Եվ ամե՜ն ինչ կարծես հետըս բողոքում էր...
 
Կարծես լեռներն անգամ շուռ-մուռ էին գալիս՝ իրենց ստվերներով,
Ինչպես ամեն գիշեր կողքից-կողք է շրջվում մեզնից ամեն մեկը,
Երբ քունն անհանգիստ է ու երազն է խառնակ:
(Թվում է, թե հիմա է՛լ չպիտի լինի ո՜չ մի ստվեր).
Պիտի լինի լոկ շո՛ղ,
Եվ շառավի՛ղ լինի,
Շառա՛յլ լինի,
Լինի երազներով խորանարդված խոր քուն,
Որովհետև...
Հիմա ես ասում եմ սիրով.
 
-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
 
Բողոքում էր նաև,
Բողոքում էր նույնպես,
Բողոքում էր նույնիսկ... հորիզոնը՝
Իր մենությա՛ն համար,
Մենակությա՛ն համար,
Միայնությա՜ն.
Այնտեղ ժամադրվում ու հանդիպում էին երկիրն ու երկինքը,
Միա՛յն ու լոկ նրանք, ուրիշ ո՛չ մի հոգի:
(Է՛լ մենակ չեն նրանք. 
Հանդիպել ենք և մե՛նք՝
Մեր հանդիպմամբ կծկած մեզ բաժանող անծիր հորիզոնը):
 
-Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
 
Մթնած երկնքի մեջ, իրիկնացող օդում,
Ինչ-որ անտես ձեռքով ինչ-որ անտես բան են զոդում:
Ջրգողությամբ հիվանդ սև ամպերը
Ապաքինվում կրկին ու լալիս են ուրախ,
Եվ անձրևը հիմա թթխմորվում,
Ուռչում-ուռճանում է պղպըջոցով:
(Թող խմորվի նաև երջանկությունը մեր
Ու դառնա հաց օրվա, ձրի նպա՜ստ՝
Իրար փնտրողների,
Բայց չգտնողների,
Միջահատված-զատված խեղճ սիրազույգերի
Ու սիրազուրկերի ափի վրա):
 
-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
 
Երեքշաբթին, վախո՛վ, վիզն է քորում՝
Կամենալով խոսել օրենք-իրավունքից:
Բայց կիրակին, հեռվի՛ց, բիբում նրան, 
Բայց կիրակին նրան սաստում է խեթ.
(Թող մե՛կ շաբաթվա մեջ զո՛ւյգ կիրակի լինի)...
 
-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Երևան
21.II.1964թ.

ՄՆԱՍ ԲԱՐԵՎ

Իր վերջն ունի ամեն հեքիաթ,-
Ես դա գիտեմ այնքան վաղուց,
Որքան անունն ամիսների:
Եվ հասել է հրաժեշտի պահն անողոք...
Պառկոտել են լեռներն ահա՝
Դեմքը ցցած դեպի երկինք,
Ու դաշտերն են ահա պառկել՝
Բերանքսիվայր, մեջքը տնկած,
Որ... ոչնչով չմասնակցեն
Հրաժեշտին մեր այս տրտում:
 
Ծուռ ժպիտով պարտակում եմ տխրությունըս
Ու նայում եմ մի հայացքով,
Որ հատուկ է մողեսներին.
Ո՛չ դեպի դուրս,
Դեպի նե՜րս եմ կարծես նայում:
Եվ քշում եմ ինձնից մտքեր,
Ինչպես ամռան տոթ-խեղդոցին
Գլխով ճանճ է քշում խեղճ ձին...
 
Ա՜խ ճանճերն այս, որ չեն պոկվում ինձնից հիմա,
Ինչպես ահա քեզ մեկընդմիշտ առևանգող
Այս գնացքը՝ զույգ գծերից այս երկաթե,
Ինչպես ահա տտիպությունն՝ այն խնձորից,
Որ խածում ես,
Որովհետև... լացն է գալիս գուցե և քո...
 
Գիտե՛մ.
Սիրուց խոսելն արդեն
Հավասար է հիմարության,
Սակայն ինչպե՞ս վերջին անգամ կրկին չասեմ,
Որ ինձ հիմա,
Նո՛ւյնիսկ հիմա
Թվում է, թե ամբողջ կյանքում
Ժամանակըս ես վատնեցի
Ամե՜ն տեսակ (լուրջ թե դատարկ) բանի վրա
Եվ... ժամանակ է՛լ չմնաց
Մի լա՜վ - կարգի՜ն - կո՜ւշտ սիրելու.
Ինչ որ եղավ՝ նախափորձ էր կարծես միայն,
Ընդամենը... սևագրություն,
Որ դեռ պիտի
Սրբագրվեր-մաքրագրվեր ներշնչանքով,
Մինչդեռ ահա պահն է հասել,
Որ քեզ ասեմ.
-Մնաս բարև՜...
 
Էլեկտրական լույսերն ասես լինեն փողեր
Մի վիթխարի նորահնար երգեհոնի,
Եվ քամին է նրանց հիմա աշխատեցնում՝
Նվագելով մի այնպիսի՛ ողջերթ ցավոտ,
Որից նույնիսկ սարսռում է
Մետաղալարն էլեկտրական,
Ու դողոցով օդն է մղվում
Դեպի առաջ. ո՞ւր՝ չգիտի՜:
Իսկ դու բնավ չե՜ս էլ լսում.
Է՛լ այստեղ չես դու մտովին,
Այլևըս դու հեռո՜ւ ես շատ
Եվ դրանից այնպես ես դու գեղեցկացել,
Ինչպես մանուկն իր քնի մեջ:
 
Ես կհիշեմ քեզ հենց այսպես՝ գեղեցկացա՜ծ:
Իսկ իմ դե՜մքը...
Երբ դավաճան ինչ-որ երազ
Երբևիցե ինձ վերստին հիշել տա քեզ,
Աղաչո՜ւմ եմ.
Դու մի՛ հիշիր իմ դեմքն այնպես,
Ինչպիսին է այս վայրկյանիս:
Անշարժացած մկաններս վկայում են անհայելի,
Որ դա կարծես դե՜մք չէ հիմա,
Այլ մի... դիմա՜կ:
Եվ իզո՜ւր են ծիծաղեցնել փորձում սրա՛նք՝
Այս սյուները.
Ես լա՛վ գիտեմ,
Որ այս պահին իմ ժպիտը
Պիտի դառնա մի դասական ծամածռանք...
 
Բայց... քանի դեռ բոլորովին դու չես մեկնել,
Ես չե՜մ շրջվի:
Է՛հ, կան բաներ,
Որ շրջվելու իրավունք էլ չունեն կյանքում:
Ի՛նքդ խորհիր, թե իսկապես ի՞նչ կլիներ,
Եթե շրջվել կամենային... կամուրջները կորաքամակ,
Որ իմանան, թե... երկինքը ի՞նչ գույն ունի...
Ես չե՛մ շրջվի՝ քանի դեռ դու չես հեռացել
Սահմաններից... մեզ կամրջող հիշողության:
Այնժամ միայն ես քեզ կասեմ.
-Մնաս բարև՜...
Երևան
24.II.1964թ.

ԻՆՁՆԻՑ, ԹԵ ՔԵԶՆԻՑ

Թեպետ ինքըդ մրրիկի մեջ,
Ինքդ էլ մրրիկ մի կատաղի,
Այսուհանդերձ մի՛ մոռացիր, որ մրրիկը
Տանիքներ է քշում-տանում,
Ու ջարդում է ծառեր հսկա,
Բայց արմատից նա չի հանում
Ո՛չ խոտ, ո՛չ էլ դաշտածաղիկ...
 
Երբ վերջանա մրրիկն այս մեր,
Ես կգնամ, հավանաբար, զբոսնելու
Եվ կավերեմ իմ ոտքերով
(Յուրատեսակ մրրիկի պես)
Ծաղիկների միատեսակ սանրվածքը
Եվ թերևըս կխաղաղվեմ՝
Մտածելով,
Որ ավագ է իմ սերն ինձնից.
Նա ծնվել է ինձնից առաջ՝
Իմ հեռավոր նախնիների սրտի խորքում,
Նրանց գործոն շնչերակի դադարի մեջ,
Բայց և ինձնից շատ ավելի կրտսեր է նա
Ու երբևէ չի ծերանա՝
Փոխանցվելով...
 
Իսկ քանի դեռ փոթորիկը չի վերջացել,
Թույլ տուր գոնե կառչել հիմա ձեռքին քո պաղ,
Որ մեկնում ես անջատումի այս վայրկյանիս
Այնպե՜ս դյուրին և անտարբեր,
Ինչպես օտար մեկի հետ են ծանոթանում:
 
Բայց մենք... ա՛յլ կերպ ծանոթացանք,
Եվ այս ձեռքն էր առաջինը,
Ինչ քեզանից ունեցա ես:
Նա դառնում է և վերջինը,
Ինչ քեզանից ինձ է մնում:
Եվ արժի՜ նա երախտագետ իմ սեղմումին...
Իսկ մենք հիմա, այս մրրիկով, անջատվում ենք,
Որ... ձեռքն իմ այս
Այս սեղանից մնա առկախ,
Ինչպես... լքված մի առարկա...
Որ... աչքերիս հին թաղանթին
Մնան նոր-նոր կարկատաններ...
Որ դաջվածքներ՝ մարմնին և՛ իմ, և՛ գուցե քո,
Ինչպես մարմնին ա՛յն կենդանու,
Որով բախտ ու սեր են փորձել
Եվ որին մեր նախնիները
Մկրտել են «զատիկ» անվամբ...
 
Անջատվո՜ւմ ենք...
Բայց մեզ վրա, անջատ-անջատ,
Թող իրե՛րը չգերիշխեն
Եվ չհեծնեն դեպքե՛րը մեզ:
Թող դու գտնես գոնե այնքա՛ն,
Որքան, ասե՞մ, ես եմ կորցնում...
Թող ծառերը իրենց ճոճքով
Մշո՛ւշն ավլեն մեր կտրելիք ճանապարհից,
Ու հա՜րթ լինի ճանապարհն այդ՝ գոտո՛ւդ նման,
Հենց ա՛յն գոտուդ,
Որ չգիտեմ և չգիտես՝ ո՞վ կարձակի...
 
Իսկ մեծ բա՞ն ես դու համարում
Մեր նետվելը այսկողմ-այնկողմ:
 
Օ՜ֆ, հասկացիր գոնե հիմա՛.
-Երբ ինքներս ենք փախչում մեզնից՝
Մոտենում ենք մեզ առավե՜լ...
Ծայրամաս ենք ուզում գնալ,
Բայց խրվում ենք մեր կենտրոնո՛ւմ...
 
Գոնե հիմա՛ դու հասկացիր...
-Լուսավոր է կյանքը թվում
Լոկ այնքանով և լոկ այնժամ,
Երբ գնում ես քեզնի՜ց այնկողմ,
Ազատվում ես ինքըդ քեզնի՜ց...
 
Իսկ դու հիմա, հեռանալով,
Ազատվում ես ինքըդ քեզնի՞ց,
Թե՞ ընդամենն ինձնից միայն...
Երևան
24.II.1964թ.

Lilas