Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ՄԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ

Մեզանից մեկը, անշուշտ, այստեղ չէ,
Մեզանից մեկը՝
Կամ ես, կամ թե դու:
Թե դու չես այստեղ՝
Ապա ինչպես է, 
Որ ինձ հետ ես միշտ՝
Իմ սենյակի մեջ,
Իմ մատների տակ,
Իմ լեզվի վրա:
Թե ես չեմ այստեղ,
Ապա ինչպես է,
Որ ես հետդ չեմ՝
Քո սենյակի մեջ,
Քո մատների տակ,
Քո լեզվի վրա:
Ճիշտն այն է գուցե,
Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում.
Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես,
Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ:
Այսպես գալիս ենք մենք դեպի իրար,
Դու՝ ինձ մոտ,
Ես՝ քեզ
Եվ... չենք հանդիպում... այս քանի տարի:
Երևան
18.XII.1962թ.

ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ

Լոկ իրե՛նց հատուկ բյուր անուններից
Գալիս է բույրը հին-հին դարերի,
Անգին քարերի,
Պարտեզի, շոգի ու խոնավության,
Երկնքի, հողի ու խոնարհության,
Մինչդեռ փեշերից՝ 
Բույրը թարմ հացի,
Հոտը խնձորի կամ սերկեվիլի,
Որ քուն են առնում նրանց փոթերի ու դարսերի մեջ՝
Հայրական տնից բերած սնդուկում...
 
Ու մեր ճաշերը նախ նրանց տաքուկ շնչով են եփվում:
Իսկ եթե նրանց գլխաշորերից դեղ-դարման սարքվեր՝
Անպարկեշտություն կոչված ախտը հին կբուժվեր իսպառ...
 
Բարեխառն գոտուց հեռու ապրելով՝
Մենք միշտ բարեխառն օդ ենք ներշնչում մեր տների մեջ՝
Շնորհիվ... նրանց հավատարմության:
Եվ ամեն անգամ նրանք մտնում են անկողինն իրենց,
Ինչպես մտնում են սրբացած տաճար,
Իսկ եթե նրանց այդ նույն բանն ասես,
Կխաչակնքեն երկյուղածորեն՝
Այդ համարելով սրբապղծություն...
 
Ու երիտասարդ նրանց ձեռքերը նուրբ են առավել,
Քան իրենց սրտի թաղանթը նույնիսկ,
Մինչդեռ մայրական ու մամիկական ձեռքերը նրանց
Գնալով անվերջ փոխվում են-փոխվո՜ւմ
Ու նմանվում են... երկրի կեղևի՛ն.
Սարե՜ր կան այնտեղ, ձորե՜ր, անդունդնե՜ր՝
Կոշտուկի՛ տեսքով,
Կնճիռի՛ տեսքով,
Տեսքով խորշոմի՜...
 
Խորանի նման լեցուն են նրանք տաք մասունքներով,
Որ միշտ կարող են գավիթ դուրս բերվել ինն ամիսը մեկ
Ու կոչվել «զավակ» կամ «խաչ», ինչ նրանք
Սիրով են կրում բովանդակ կյանքում...
 
Անցնելով փշոտ ճանապարհները առի և փախի՝
Բոբիկ ոտքերին կծկել են նրանք
Իրենց հայրենի գետակն ու առուն,
Ցավից մշուշված իրենց աչքերում
Տարել են իրենց ծուխը ծխանի
Եվ իրենց հոգնած շալակին առել
Ոչ միայն մանչին կամ մի մագաղաթ,
Այլ մի բովանդակ... բնիկ հայրենի՛ք,
Մի ծա՜նըր, ծանը՜ր, ծանը՜ր հայրենիք՝ 
Իրենց կանացի թիկունքին կպած
Ա՛յն կուզի նման կամ ա՛յն սապատի,
Որ շտկըվում է լոկ գերեզմանո՜ւմ...
 
Ինչե՜ր չեն տեսել նրանք այս վերջին հազարամյակում...
 
Հաճախ են նրանք իրենց պաշտպանել
Տաք խաչերկաթով
Կամ եռման կաթով:
Նրանց հայրենի անխիղճ ու բարի քարափներն անտակ
Ու կամուրջները չար ու ողորմած
Մեկ անգամ չէ, որ նրանց փրկել են անպատվությունից,
Որպեսզի ապրած դժոխքից հետո
Մարտիրոսացած մտնեն դռներից ա՛յն Արքայության,
Որ եթե չկա ու չի էլ եղել,
Ապա անպատճառ ստեղծվեր պիտի
Հենց սրա՜նց համար:
 
Իսկ եթե մահը եղել է անգութ
Ու ժամանակին չի տարել նրանց, 
Ու եթե նրանք ընկել են հարեմ՝
Առևանգիչի, լլկողի համար ծնել են նրանք
Միայն... ապուշնե՜ր և կամ... դահիճնե՜ր...
Երևան
28.XII.1962թ.

ԽԵՂՃ ՈՒ ԽՂՃՈՎ

Խե՛ղճ ու անխի՜ղճ իմ սիրելի,
Այսուհետև միշտ թպրտա
Հզոր ձեռքում ամենասուրբ այն զորության,
Որ բառերի ցուցակի մեջ կոչվում է «խիղճ»:
Եվ թպրտա երջանկորեն՝
Քեզ զգալով երանելի:
 
Ես՝ ի ծնե երանելիս,
Երանի եմ տալիս և քե՛զ,
Եթե պիտի այսօրվանից գերի ընկնես
Ու չազատվես,
Ու չուզենաս գեթ մի վայրկյան
Ազատվել այդ սակավադեպ գերությունից:
Այնժամ միայն կհասկանաս քո ջղերով,
Թե կա մի տեղ, ուր խրատը ձանձրալի չէ,
Եվ քարոզն էլ չի սպանում երգ ու տաղին:
Այնժամ միայն դու դիտապաստ քո մազերով կհասկանաս
Ճառագայթի շիտակությունն ավանդական,
Նաև նրա նմանությունն ասեղի հետ:
Եվ քանի որ թելն է մտնում ասեղի մեջ,
Ոչ թե ասեղը թելի մեջ.
Եվ քանի որ գալարվողը թելն է միայն,
Ոչ ասեղը.
Եվ քանի որ, եթե պետք է,
Ասեղով են ծակում, ոչ թե նրա թելով,-
Ուրեմն այսօր և հավիտյան թող ասեղը կոչվի և խիղճ,
Իսկ սիրելի՛ս, խե՜ղճ սիրելիս,
Դու մի՛ հոգա թելի համար.
Թելը կգա, քեզ կգտնի,
Ինչպես մեղքն է մարդուն գտնում...
Եվ դրանով դու չես դառնա
Ու չես կոչվի երբեք Դերձակ:
Դու կդառնաս ու կկոչվես Արվեստագետ,
Որ մի հոգնած-ազնիվ պահի
Կարող է և իջնել... խրատ տալու ցածրությանը,
Որովհետև այդ ցածրության լայնածավալ արոտներում
Եթե անգամ ծիլ է տալիս,
Ավա՜ղ, արմատ չի հաստացնում խիղճ ասվածը:
Թե քո ջղերն այդ արմատի մազանոթներն են տարածուն,
Ու երբևէ չեն քաղհանվի,
Ու չեն լինի արմատախիլ,
Ուրեմըն այժմ և հավիտյան երանի՜ քեզ,
Իմ խղճով ու խեղճ սիրելի...
 
Երևան
07.VII.1963թ.

ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳ ԵՐԵՔ ԱՂՋԿԱ ՎՐԱ

Ծերանում ենք, Պարույր Սևակ,
Ծերանում ենք, սիրելիս...
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Երեք աղջիկ քայլ են քայլում փողոցով:
Երեք աղջիկ փայլ են փայլում փողոցով:
Քայլո՜ւմ-փայլո՜ւմ, չե՛ն էլ նայում ոչ մեկին,
Բայց և այնպես տեսնում են պարզ ու մեկին,
Որ բոլո՜րն են իրենց նայում դողոցով:
 
Երեք աղջիկ ծիծաղում են անառիթ
Ու թվում են... ու թվում են անառիկ:
Տեսնես՝ ո՞վ է նրանց անուն հորինել:
Երկուսինը՝ ի՜նչ ուզում էր թող լիներ,
Միայն մեկին... մեկին լիներ Քնարի՛կ:
 
Երեք աղջիկ դաս են սերտում մեկուսի:
Տեսնես՝ ո՞վ է փարվում նրանց մերկ ուսին:
Մեկին ինչ-որ մեկը սիրեր, մինչդեռ ես,
Ես սիրեի գոնե... գոնե երկուսին:
 
Երեք աղջիկ գուցե ասեն ինձ «քեռի»՝
Նայելով իմ ճերմակացող քունքերին:
Իսկ ես ինչպե՞ս իմ հայացքով չգրեմ
Բիբերի մեջ նրանց ծիծղուն աչքերի.
«Մեկիդ մերժման ցավը մի կերպ կկրեմ,
Իսկ երկուսի՛դ, գեթ երկուսի՛դ... կսիրե՜մ»:
 
                                    2
Նրանք՝ դալա՜ր, իսկ ես՝ահա ա՛յս տարիքին:
Երեք աղջիկ ինձ են սիրում, ես՝ երեքին.
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ի՛նձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:
 
Երեք աղջիկ իրար բնա՜վ չեն ճանաչում,
Ես դրանից, անկեղծ ասած, չե՛մ ամաչում,
Որովհետև ես չեմ խաբում և ո՛չ մեկին.
Ինձ՝ երեքը, իսկ ես սիրում եմ երեքին՝
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:
 
Երեք աղջիկ երջանիկ են, ես՝ առավե՜լ:
Ո՛չ մի անգամ ո՛չ մեկն ինձնից չի՛ խռովել,
Տառապանքից չի՛ պառավել
Ու կարոտից չի՛ խորովվել,
Որովհետև նույնիսկ հիմա՝ այս տարիքին,
Երեք աղջիկ ինձ են սիրում, ես՝ երեքին.
Մեկին՝ իմ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Ու երրորդին էլ՝ ինձ նման:
 
Երեք աղջիկ թե հանդիպեն մի օր իրար,
Պիտի խոսե՜ն-խոսե՜ն իրենց սիրուց իրավ,
Ու չիմանան, որ սիրում են մեկին՝
Նրա՛ն,
Ով սիրել է իրենց մեկտեղ.
Մեկին՝ իմ պես,
Մեկին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նման...

 

Երևան
03.XI.1963թ.

ՊԻՏԻ...

Ա՜խ այս անվերջ «պիտի»-ն
Վերջ ունենա՞ պիտի... 
 
«Պիտի… այսպես անենք,
Պիտի... այնպես անենք:
Պիտի... այսպես լինի,
Պիտի... այնպես լինի:
Պիտի... պիտի... պիտի»...
 
Այսպես «պիտի»-ն պիտի
Նստի գահի վրա,
Իսկ մենք մնանք ոտքի,
Երկրպագենք նրան...
Երևան
03.XI.1963թ.

Lilas