Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԱՌԱՆՑ ՀԱՆԳԵՐԻ ԲԱՅՑ ՍՐՏԻ ՉԱՓՈՎ

Եվ իմ գողթնեցի պապերի նման
Ես պիտի գրեմ առանց հանգերի,
Ինչպես խոսում են մարդիկ իրար հետ,
         Ու եթե չափով՝
         Լոկ նրա՛ համար,
Որ սրտիս նման խոսքս էլ տրոփի...
[1959թ.]

ԲԱՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

         Ու եթե պոետ...
 
         Կուզեի լինել
Պոեզիայի մեջ... միայն երկրաբան -
         միշտ որոնեի
         և... երկրի վրա,
         ընդերքում երկրի:
[1959թ.]

ԻՆՔՍ ԻՆՁ ՀՅՈՒՐ

Սիրում եմ լինել ինքըս իմ հյուրը
Ու հյուրասիրվել համեղ... հուշերով,
Եվ կոչնակներ ունենալ նրանց,
Որոնց անունը ես չեմ մոռանա,
Ինչպես սեփական իմ իսկ անունը,
Բայց նաև նրանց, անունը որոնց
Ես - մի՛ զարմացեք - չեմ հիշում արդեն,
Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում,
Որ կարողանար ինձ հիշեցընել
         Անունը նրանց,-
         Եկան ու չանցան՝
         Մի մազ տանելով,
         Մի մաս պարգևած...
[1959թ.]

ՄԻ ՔԻՉ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 1

         Ա՜խ, իմ մեծ Սերը...
 
         Նա հավասար է
Կորած հույսերիս ճիշտ քառակուսուն
Ու երազանքիս խեղճ մնացորդին...

ՄԻ ՔԻՉ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 2

         Ա՜խ, իմ մեծ Վիշտը...
 
         Եվ նա իմը չէ,
         Այլ բոլո՜ր նրանց,
         Ում որդին եմ ես
         Եվ կամ թե հայրը:
 
         Ա՜խ, իմ մեծ Վիշտը,
Որ չի բաժանվում ամենքի վրա...
[1959թ.]

Lilas