Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԱՇԽԱՐՀԻ ԳԱՐՈՒՆԸ

Մայիս է: Գարնան պես բացվել են սրտերը:
Թվում է՝ ամեն տեղ գարուն է:
Թվում է՝ ամեն տեղ անցել են ցրտերը,
Չի թափվում աշխարհում արյուն էլ:
 
Բայց ահա թերթերը,
Բայց ահա եթերը...
Ինչ-որ տեղ նորից սառնամանիք է,
Ինչ-որ տեղ նորից մոլեգին հրդեհը
Լիզում է բամբուկե տների տանիքը:
 
Ինչ-որ տեղ՝ արկերի շառաչից թնդում է,
Ծվատվում հողի փառահեղ հանգիստը:
Ինչ-որ տեղ՝ պոետը մթամած բանտում է,
Լրտեսը արքա է,
        Խելառը՝ մինի՛ստր:
 
Գալարվում է ցավից Ատլանտյան օվկիանը,
Խաղաղից՝
        մնացել է անունը...
Եթերից,
        թերթերից
                ցուրտ փչի որքան էլ՝
Բացվել է աշխարհի գարունը:
Բացվել է գարունը և մարդկանց սրտերը.
Իրենն է անում բնությունը:
Եվ եթե ինչ-որ տեղ մնում են ցրտերը,
Այդ ոչ թե հերքում է, այլ հաստատում է
Գարնան
        վերջնական
                հաղթությունը:
[1946թ.]

Լինում է - չի լինում,- ինչպես հեքիաթներում

Լինում է - չի լինում,- ինչպես հեքիաթներում,-
(Ա՜յն է, որ տատըս էր պատմում ամեն գիշեր),-
Լինում է - չի լինում՝ մեր տան մոտ ու հեռու
Մի գեղեցիկ աղջիկ՝ վարսերը սև:
 
Լինում է - չի լինում... Միակ որդին մեր տան
(Նման հեքիաթների կրտսեր որդուն)
Սիրո՜ւմ, շա՛տ է սիրում այդ թովիչ աղջըկան,
Սիրում է - չի սիրում աղջիկը թուխ...
 
Հետո, ամեն գիշեր, երբ մութն է թանձրանում,
Տղան թափառում է այգում ամա,
Ուր ծառերի միջից լուսինն է բարձրանում
Եվ թախծո՜ւմ նրա հետ, նրա՜ համար:
Լինում է - չի լինում... Խորհրդավոր լռում,
Վերջանում է սիրո հեքիաթն այստեղ...
-Եղել է - չի եղել,- ինչպես հեքիաթներում,-
Եղե՞լ է, չի՞ եղել,- ես չըգիտե՜մ...
Երևան
14.V.1946թ.

ԱՆՀԱՍՑԵ ԲԱՑԻԿ

Թաց փայտի պես՝
Ո՛չ վառվում են,
Ո՛չ էլ հանգչում,
Այլ լոկ մխո՜ւմ:
 
Ճահճուտի պես՝
Միանգամից չեն չորանում,
Չեն էլ բխում:
 
Բաց դռներ են անվերջ բախում,
Թխված կուտը նորից թխում:
 
Շաքարի տեղ շիբ են ծախում,
Ի՜նչ է՝ շիբն էլ սպիտակ է:
 
Կարծում են, թե կարևորը
Ապրա՜նքը չէ,
Այլ... պիտա՛կը...
Մոսկվա
17.IV.1955թ.

ԿԱՍ ՈՒ ՉԿԱՍ - ԱՍՏԾՈՒ ՊԵՍ

Երբ քեզ մենակ ես զգում,
Դու զգում ես քեզ աստված՝
Ո՛չ մի բանով չհաստված, 
Եվ ոչնչո՛վ չսաստված:
Բայց երբ մենակ ես զգում,
Մենա՜կ-մենա՜կ ես զգում՝
Արարչական արյունըդ
Սառչում է քո տաք բազկում.
Քեզ զգում ես խեղճ ու թույլ,
Քեզ զգում ես անկարող,
Քո մեծ բախտով՝ հար դժբախտ,
Եվ անտաղանդ քանքարով...
 
Դու քեզ մենա՜կ ես զգում,
Եվ ի՞նչ ես դու վերջապես.
Աստծու նման դու և կա՛ս,
Եվ դու չկա՜ս՝ աստծու պես...
Մոսկվա
25.X.1955թ.

Ա՜Խ, ՀԱՎԱՏԱՅԻՐ ԳՈՆԵ ԱՍՏԾՈՒՆ

Մեկ «հա» - ես ասում, մեկ ասում ես «չէ» -
Ու չեմ հասկանում՝ ո՞ր խոսքիդ կառչեմ,
Ու չեմ հասկանում՝ գլուխըս առած
Ո՞ր սև-անտակը գնամ ու կորչեմ:
 
Ա՜խ, հավատայի՛ր գոնե աստըծուն,
Որ վրադ ազդեր առածը ծանոթ.
-Աստված «հա»-ն օրհնել,
Օրհնել է և «չէ»-ն,
Բայց անիծել է մեկտեղ «հա ու չէ»-ն...
[1956թ.]

Lilas