Sevak

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԱՆՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂԸ

Մոռացության օրենքները
Չե՞ն տարածվում ինձ վրա,
Որ ես կրկին, մանկան նման,
Քնին ասում եմ «մայրի՜կ»...
 
Ու փորձանուտ խավարի մեջ
Կաղակարկին քայլելով՝
Հողի վրա
Կրունկովըս ճակատագիր եմ դաջում:
 
Հողի վրա
Կրունկովըս ճակատագիր եմ դաջում,
Որ... կարելին չկատարվի՜
Եվ ապրելին չապրվի՜՝
Ի հեճուկըս... չգիտե՛մ ում,
Ի սփոփանք... գիտե՛մ ում.
Ի սփոփանք ի՛մ ու նրա՜,
Որ միշտ մոտս է - մոտըս չէ,
Ու ես անվերջ
Ինքս եմ խոսում իր փոխարեն և իմ տեղ՝
Ա՛յն մարդու պես,
Որ ինքն իր հետ, մենա՜կ, շախմատ է խաղում:
Բայց կուզեի
Եղունգո՜վըս խաղատախտակն այդ կտրել՝
Նրա ամեն քառակուսին
Մի-մի պիտակ դարձնելով
Մեզ բաժանող
Տարածությանն իբրև չափ ու չափանիշ:
Եվ կուզեի,
Որ նա ինքը ի՛ր փոխարեն, ի՛ր լեզվով
Խոսեր ի՛նձ հետ և ինձանի՛ց,
Ա՛յն ամենից, ինչ որ ես
Նույնիսկ ինքըս չեմ հասկանում.
Իմ վախերը թարգմաներ...
Վերծաներ իմ ուզածները՝
Իր թարթափի ակնարկով...
Եվ իր մատներն ուշանային
Իմ մարմնեղեն աշխարհի հենց ա՛յն տեղում,
Ուր ուշացած սերը ատամ է փոխում՝
Համատարած լինդ դարձնելով
Գլխից մինչև գարշապար...
 
Ո՞ւր է ծագը:
Ե՞րբ կբացվի գեթ առավոտն անսփոփ,
Որ արևը
Կրկին դառնա ծիծաղելի՝ մի պատկե՜ր,
Իսկ աշխարհը՝
Մի մանկական պատկերազարդ ամսագի՜ր,
Ես էլ՝ արդեն ո՛չ երեխա,
Որպեսզի գեթ միառժամ
Թնգթնգալով ինքս իմ ներսում՝
Քնին «մայրի՜կ» չկանչեմ...
Չանախչի
28.VIII.1965թ.

ՄԵՐ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեզանից նրանք,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ,
Հաճախ փորձում են,
Գոնե՛ փորձում են
Մի կերպ ազատվել իրենց հնօրյա թուլություններից,
Ինչպես լավերից լավը գյուղացու
Փորձում է կորցնել արդեն ծերացած իր անասունը՝
Նրան սպանել չկարենալո՜վ,
Խղճալո՛վ նրան:
Եվ ամեն անգամ
Նրանք՝ ծերացած անասունները,
Որ մեր մեջ բանող
Թուլություններն են մեզ նախընծայված,
Վերադառնում են ու գտնում են մեզ,
Ո՜ւր էլ որ տանենք - որտե՜ղ էլ թողնենք,
Վերադառնում են ու գտնում դարձյալ՝
Հուսահատության դուռ հասցնելով
Մեզանից նրանց,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ:
 
Հազա՜ր երանի վատագույններին,
Որ հուսահատվել չգիտեն բնավ...
Չանախչի
28.X.1965թ.

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Աստվա՜ծ ձեզ հետ...
 
Իսկ թե իրոք աստված չկա,
Ձեզ հետ լինի թող երկի՛նքը՝
Իր փոփոխման անմեռ ոգով.
Գյուտի երկա՜ր-երկա՜ր ցավը՝
Կարճ բայց կարծըր իր խնդությամբ.
Արդարության կաղ նժույգը՝
Ճշմարտության իր խթանով.
Փոքրիկների պատվերն անմեռ
Ու Մեծերի մեծ ստվերը
         Ձեզ հետ լինի...
Չանախչի
30.X.1965թ.

ՊԱՏՐԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ

         Եվ շատ ավելի վատթար է ցավը,
         Քան անարգանքն ու անպատվությունը,
         Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:
 
         Վե՛հ ու վսեմի՜ն,
         Լսո՞ւմ եք, տղե՛րք,
         Վե՛հ ու վսեմի՜ն:
 
         Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
         Այն էլ ո՞ւմ համար. իր... Սահարայի՜:
         Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
         Բայց Սահարայի ավազն իսկապես
         Շինարարական շաղախ չի՜ դառնում.
         Մանր է չափազանց:
 
Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է, հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
 
Հարկավո՜ր ավազ:
 
Իսկ պատրանքներից և պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է... (բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՜մ ասում):
 
Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար...
 
Կորչելը, անշո՛ւշտ, աղետ է ահեղ, 
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չեմ ասում),
Որ տարածվում է... խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
 
Անգե՛տ տղաներ, մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,
Որտեղ պատրանքն են պատանքում, տղե՛րք,
Պատրա՜նք պատանքում:
 
Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև... պատա՜նք,
Որ... պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղե՛րք,
Նո՛ր ոգին, նո՜րը...
Երևան Չանախչի
04.XII.1964թ. 09.XI.1965թ.

ԿՐԿՆՎՈՂ ՀԱՆԵԼՈՒԿ

Նա եկավ հանկարծ:
Անշո՜ւնչ-անշշո՜ւկ, գողեգո՜ղ եկավ:
 
Եկավ
Ու մտավ... մազերի՜ս միջով
Ու կրունկների՛ս:
Եկավ
Ու նստեց թիկունքի՛ս վրա
Եվ կրծքի՜ս վրա:
Դիմակի նման հագավ իր դեմքին,
Իրենով և իմ ներսը հագցրեց:
Ու չհասկացա, թե որտեղի՞ց է
Եվ ինչացո՞ւ է...
 
Չկա ձա՜յն-ծպտո՛ւն,
Շարժո՛ւմ որևէ,
Որևէ պատկե՛ր:
Չկա խո՜րք-հատա՛կ,
Մակերե՛ս չկա,
Եվ ո՛չ էլ միջուկ:
 
Կա լոկ աններկա մի ներկայություն,
Ինչ-որ անմարմին-անտես մի աստված...
 
Ու ես ակամա կաշկանդված-ազդված,
Ինչպես անգիտակ սարյակի ձագը օձի հայացքից՝
Ես հանձնվեցի հավիտենության երանությանը...
Ես դարձա համակ մագնիսական դաշտ...
Դարձա հոսանքի մի կարճ հաղորդիչ...
Մեռա կամովի՛ն ու շնորհակա՜լ...
Ու շնորհակա՜լ...
Ու շնորհակա՜լ...
Դա ինչքա՞ն տևեց:
Մի դա՞ր:
Մի վայրկյա՞ն:
Մի ողջ մոլորակ ստեղծվեց մեգից,
Ապա դարձավ մեգ...
Եվ միայն հիմա՝
Այսքանի՜ց հետո,
Ես սկսում եմ կարծես կռահել,
Թե դա ինչի՞ց էր
Ու թե ի՞նչ էր դա:
 
Դա մեղմությունն էր...
Երևան
24.XII.1964թ.

Lilas